March 28, 2024

Իրադրությունն Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Այսրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանուն հայտարարություն է հղել Սուխումի շրջանում ռուսական զորքերի հրետակոծման կապակցությամբ, որի հետևանքով վիրավորվել է 4 հոգի:

Հրամանատարությունը զգուշացրել է, որ նման միջադեպի կրկնության դեպքում պատասխան կրակով կոչնչացվեն վրաց գվարդիականների կրակակետերը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը:

Ռուս զինվորականների տվյալների համաձայն, շարունակվել է կատաղի հրաձգությունը վրաց և աբխազ զինմիավորումների միջև Գագրա քաղաքում, Գումիստա գետի երկու ափերին:

Աբխազիայի ինքնապաշտպանական ուժերի շտաբը, որը հավանաբար տեղակայված է Գուդաուտայում, հաղորդում է, որ օգոստոսի լույս 26-ի գիշերը Սուխումում իրականացված մարտական գործողության հետևանքով վրացական կառավարական ուժերը 165 սպանված են տվել:

Հաղորդվում է, որ շարունակվում է կամավորական հոսքն Աբխազիա Հյուսիսային Կովկասից և Մերձավոր Արևելքից:

Հաղորդվել է նաև երդման տեքստը, որը տալիս են կամավորներն Աբխազիա ժամանելուն պես: Նրանում դատապարտվում են Ռուսաստանի նախագահը, խորհրդարանը, ժողովրդական ճակատները, տեղական կառավարողները՝ ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար: Կամավորները հայտարարում են, որ իրենց կյանքի գնով մտադիր են «դադարեցնել ապագա հրդեհը, որը կտարածվի ամբողջ երկրում»: Երդման տեքստում պահանջվում է «դավաճանած կառավարողների» հրաժարականը և կա խնդրանք Աբխազիայի կառավարությանը՝ իրենց համարել աբխազ:

Լրագրողներին հայտնի է դարձել, որ օգոստոսի 27-ին կայացել է հանդիպում Աբխազիայի ազգային գվարդիայի հրամանատար, գնդապետ Կակալիայի և Աբխազիայում վրաց զորքերի հրամանատար, գնդապետ Կարկարաշվիլու միջև: Քննարկվել են սեպտեմբերի 3-ին՝ տագնապի կարգավորման հարցով մոսկովյան հանդիպման օրը կրակը դադարեցնելու, զորքերը տարանջատելու, համատեղ հսկիչ կետեր ստեղծելու, երթևեկությունը վերականգնելու և ավազակների դեմ համատեղ պայքարը մղելու խնդիրները:

Հավաստի աղբյուրներից տեղեկացվում է, որ Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձինբան համաձայնությամբ է պատասխանել Ռուսաստանի նախագահ Ելցինի հրավերին՝ մասնակցել սեպտեմբերի 3-ի մոսկովյան հանդիպմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives