March 29, 2024

Թուրքահայերը պետք է խոսեն

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Մշակ, 13 դեկտեմբերի, 1917թ., թիվ 260

Ոչ մի ժամանակ հայկական հարցը, այն է՝ Թուրքական Հայաստանի ազատագրության հարցը այնպիսի աննպաստ պայմանների մեջ չի եղել, ինչպես այժմ: Ներկան վերին աստիճանի հուսահատական է, ապագան չափազանց մութ ու մռայլ: Կնքվել է զինադադար, որին անշուշտ, եթե կենտրոնական իշխանությունը մնա բոլշևիկների, իսկ Անդրկովկասի իշխանությունը ներկա Կոմիսարիատի ձեռքում, հետևելու է անջատ, սեպարատ հաշտություն և ռուսական զենքով ու զորքերով նվաճված բոլոր երկրները, այն է ամբողջ Հայաստանը վերադարձվելու է Թուրքիային, որովհետև ռուսական դեմոկրատիան ընդունել է «առանց կցումի և տուգանքի» նշանաբանը:

Վերջապես, բոլշևիկների պետ Լենինի կոչի մեջ, ուղղված մուսուլման ազգություններին, ուղղակի ասված է, թե Հայաստանի անջատումը Թուրքիայից չի լինի: Ճիշտ է, կա մի փոքրիկ մխիթարություն. դա այն է, թե տրվելու է Հայաստանի ժողովուրդներին ինքնորոշման իրավունք: Բայց դա ակնհայտ պատրանք է, որովհետև ինքնորոշման իրավունք տրվելու է ոչ Հայաստանին, հայ ժողովրդին, այլ Հայաստանի բնակիչներին, ազգաբնակության, իսկ Հայաստանի ազգաբնակչությունը կազմում են և ուրիշներ — թուրք, քուրդ, ղարափափախ և այլն:

Հենց դրանով ժխտվում է Հայաստանի ինքնավարության, ավտոնոմիայի պահանջը, որ մեր բոլոր հույսերի, ակնկալությունների նպատակակետն է եղել: Վերջապես, այդ ինքնորոշման իրավունքն ևս կարելի էր ողջունել, եթե մենք որևէ հույս ունենայինք, թե թուրքաց կառավարությունը թույլ կտա երկրի ժողովուրդներին «ինքնորոշվել» ազատորեն, այլ անկասկած է, որ այդ ինքնորոշումը կվերջանա նրանով, որ տեղական ազգաբնակչությունը կհայտարարե, թե «մենք երջանիկ և բարեբախտ կլինենք փադիշահի հովանավորության ներքո ապրելու»:

Եվ ո՞վ պետք է ստիպե Թուրքիային կատարելու հաշտության պայմանը. արդյոք Ռուսաստա՞նը, ռուս դեմոկրատիա՞ն, որ այսօր, իբրև այլևս անկարող պատերազմելու, իբրև պարտյալ, ձգտում է շուտով հաշտություն կնքել և վերջ տալ պատերազմին, արդյոք Գերմանիա՞ն, որ կատարայալ ատելություն ունի դեպի հայ ժողովուրդը և աջակցեց Թուրքիային բնաջինջ անել այդ ժողովուրդը. արդյոք Անգլիա՞ն, Ֆրանսիա՞ն, որոնք պետք է նկատեն հայերին այժմ իբրև դավաճաններ, նույնպես, ինչպես նկատում են ռուսներին: Ոչ ոք հայության օգնություն հասցնել չի կարող և չի կամենա: Եվ մարգարե չպետք է լինել կարծելու, որ Թուրքիան, զգալով իրան հաղթական, ունենալով իր թիկունքում Գերմանիան, ունենալով ռուսական դեմոկրատիայի քարոզած նշանաբանը, շատ շուտով վերջ կտա հայկական հարցին, ըստ իր ծրագրերի:

Հաստատ տեղեկություններ են ստացվել Թիֆլիսում, որ Անգլիայում, Ֆրանսիայում սաստիկ ճնշող տպավորություն է թողել այն լուրը, թե հայ ժողովրդի ներկայացուցիչներն ևս ստորագրել են զինադադարի ակտը, հետևաբար ստորագրելու են և սեպարատ հաշտության ակտը, դաշնակից պետությունները կարծում են եղել, որ հայերը գոնե ձեռնպահ կմնան: Որքան և մենք հայերս հավաստիացնենք, որ Անդրկովկասյան Կոմիսարիատի ստորագրող հայ անդամները՝ բնավ հայ ժողովրդի ներկայացուցիչներ չեն, որ նրանք գործել են ոչ իբրև հայեր, այլ իբրև սոցիալիստներ կամ անհատականորեն, բայց աննպաստ տպավորություն արդեն գործված է. հայը Եվրոպայի և Ամերիկայի աչքում այսօր նույն պարտազանցը, նույն դավաճանն է, ինչ որ ռուսը: Վերջապես, ի՛նչպես դուք կարող եք ասել, թե այն կուսակցությունը, որի անդամներն են ստորագրողները, չէ արտահայտում հայ ազգի կամքը, քանի որ ամեն րոպե տեսնում ենք, որ ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ կուսակցության: Ճիշտ է, այդ ձայները ձեռք չեն բերված ազնիվ, շիտակ, անխարդախ միջոցներով, բայց այդ հանգամանքը դարձյալ ի վնաս հայ ժողովրդի է խոսում. Եթե մի ժողովուրդ այնքան ընկած է բարոյապես, որ թույլ է տալիս իրեն խաբել, մոլորեցնել, ավելի վատ իր համար:

Նույնիսկ նրանք, որոնց ուղղակի վերաբերում է հարցը, այն է թուրքահայերը, որոնց կյանքի ու մահվան խնդիրն է լուծվում սեպարատ հաշտության ակտով, նրանք իսկ լուռ են, չնայելով որ նրանց թիվը մոտ 300 հազար է մեր երկրում: Արդ՝ կարելի է գալ այն եզրակացության, որ կամ նրանք շատ լավատես են, համակրում են սեպարատ հաշտության գաղափարին, համամիտ են Դաշնակցության տեսակետին, կամ անտարբեր են, կամ չեն ըմբռնում գործի լրջությունը և կամ նորից ենթարկվում են զանազան սին հույսերի, թե հայ ազգային գունդերը կարող են փրկել ամեն բան: Ազգային գունդերը կարող են պաշտպանել թիկունքը, ճակատը զինադադարի ժամանակ, եթե թուրքերը դրժեն և հարձակումն գործեն, բայց այդ ազգային գունդերը ինչ կարող են անել, եթե ռուսական զորքը հաշտություն կնքե Թուրքիայի հետ. հո նրանք չեն կարող այն ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի դեմ կռվել:

Մի խոսքով այժմ խոսքը պատկանում է թուրքահայերին. նրանք պետք է խոսեն և գործեն, նրանք պետք է հանդես գան և ոչ թե լռեն, ինչպես անում են: Հ.Ա.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives