March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Ժիրայր Լիպարիտյան. «Մենք չեն կարող հրաժարվել մեր հողերից»

Ժիրայր Լիպարիտյան. «Մենք չեն կարող հրաժարվել մեր հողերից»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Սեպտեմբերի 21-ի հետ կապված հոբելյանական ելույթները, թերթերի հատուկ համարները և ռադիոհաղորդումները ետևում են: Ետևում է նաև անցած տարվա դրական տեղաշարժերի վերլուծության, մատնանշման, հիշեցման պաթետիկան: Երևի բնական է, որ տոներն առհասարակ, իսկ սա՝ մանավանդ (վերջապես նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարեդարձը) խոսքի նման ոճ է առաջ բերում… Բայց մեր օրերում, մեր տնտեսաքաղաքական ու սոցիալ-հոգեբանական ստեղծված պայմաններում ավելի օգտակար է (բոլորիս համար, անկասկած) անցած ուղու վրա ավելի «թարս աչքով նայելը»…

Ուստի ՀՀ նախագահի քաղաքական վերլուծության գծով խորհրդական պարոն Ժիրայր Լիպարիտյանի հետ ունեցած հարցազրույցին փորձեցինք տալ հենց այսպիսի ուղղվածություն:

— Խնդրում եմ թվարկեք Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական անհաջողությունները, բացթողումները և թերությունները չանդրադառնալով նրանց պատճառներին, այն թերի կամ չլուծված հարցերը, որոնց նկատմամբ կիրառելի է «կարելի էր,  եթե մի փոքր…» բնորոշումը:

— Սակայն այս կարգի հարցադրումը ես առհասարակ ճիշտ չեմ համարում: Կարելի է որոշակի տրամադրվածության համաձայն հաջողության կամ անհաջողության ցանկ կազմել: Այս կամ այն հաջողությունն կամ անհաջողությունը գնահատելու և կամ նշելու համար պետք է միշտ ունենալ հարցի կարևորության չափը, ժամանակի ընթացքում փոխվող գնահատականները, պետք է պահպանվի հարաբերականությունը:

Անհրաժեշտ է հեռու մնալ ամեն տեսակ բան պարզելուց, սև ու սպիտակ տեսնելուց: Մի թղթակից հարց է տալիս մե՞նք պատերազմի մեջ ենք, թե՞ խաղաղության: Մեկ ուրիշը մեկ այլ հարց՝ մենք անկա՞խ ենք, թե՞ անկախ  չենք:  Սրանք հռետորական հարցեր են, փաստորեն՝ քաղաքական բանավեճերի նման:

Անցած տարում մենք շատ հաջողություններ ու անհաջողություններ ունեցանք: Ներքին կյանքում, ցանկալի կլիներ, որ կառավարության մեջ, խորհրդարանում, նախագահական ապարատում նոր ստեղծվելիք համակարգերը ավելի արագ կազմակերպվեին: Կարող էինք ավելի մեծ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման հարցին: Երկու տարի հետո դարձյալ նույն խնդրի առաջ պետք է կանգնենք: Ուստի այսօր, իսկ ավելի ճիշտ դեռ անցած տարի պետք է ձեռնամուխ լինեինք նրանց պատրաստմանը կամ վերապատրաստմանը:

Մեր ներքին կյանքի հարցերից է նաև այն, որ ընդդիմությունն անհատականացրեց իր քննադատությունը, կենտրոնացավ նախագահի անձի վրա, որը, կարծում եմ, անհաջողություն է:

— Ու՞մ անհաջողությունը:

— Անշուշտ, ընդդիմությանը: Նա պետք է կենտրոնանար քաղաքականության վրա և ասեր, թե ինչին համաձայն չէ և ինչո՞ւ: Բայց ամեն ինչ ուղղվեց նախագահի անձի դեմ: Խորհրդարանում կան անձինք, խմբակցություններ, որոնք տակավին չեն հաշտվել այն մտքին, որ ժողովրդավարությունը ունի օրինաչափություններ, որ ընդդիմությունը չի կարող ժողովրդավարորեն ընտրված իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես բռնամիջոցներով իշխանության տիրացածների հետ՝ առանց մեղք գործած լինելու ժողովրդի հանդեպ: Չեն ուզում ընդունել, որ խորհրդարանի գործը մի կողմից օրենսդիր գործառույթն է, մյուս կողմից՝ գործադիր իշխանությունների վերահսկողություն:

Մենք շատ ավելի առաջ կարող էինք գնալ տնտեսական նոր համակարգի ենթակառույցներն ստեղծելու գործում (բանկային, մաքսային և այլն): Թեև, որպեսզի հարաբերականությունը պահպանվի, ասեմ, որ ուրիշ մարզերում շատ ավելի առաջ ենք: Ժողովրդավարության հարցում մեծ հաջողություն եմ համարում այն հանգամանքը, որ ընդդիմությունը փողոց դուրս եկավ, բայց ցուցարարների դեմ չձեռնարկվեց, ոչ մի հակաօրինական բան տեղի չունեցավ:

— Դա ո՞ւմ ձեռքբերումն եք համարում:

— Նախագահի, կառավարության և ժողովրդի: Ժողովուրդը հիմնականում մնաց հանդարտ՝ հակառակ ճառախոսների պրովոկացիոն կոչերի: Նախագահը ոչ մի ձևով առիթ չտվեց և ոչ մի միջադեպի: Ժողովրդական շատ այլ երկրներում նման դեպքերում ձերբակալություններ էլ են տեղի ունենում, խիստ միջոցներ էլ են ձեռնարկվում, նոր օրենքներ են ստեղծվում այն մասին, թե որտեղ է կարելի ցույց կազմակերպել և այլն: Այստեղ նման բան տեղի չունեցավ:

Անհաջողություն, բացթողում եմ համարում այն, որ իշխանությունները խստորեն չեն կիրառում եղած օրենքներ: Օրինակ, ունենք կուսակցությունների մասին օրենք, որն արգելում է կուսակցությունները դրսից ղեկավարելը կամ ֆինանսավորելը: Այս երկու խախտումներն էլ առկա են մեր կյանքում: Ունենք խղճի ազատության օրենք. Արգելվում է հավատացյալներ որսալ, բայց նման օրինախախտումների փաստեր կան և այլն:

Արտաքին քաղաքականության մեջ  հաջողություն եմ համարում մեր դիվանագիտական հիմնականում հավասարակշռված աշխատանքը, Հայաստանի միջազգային ճանաչումը: Բայց սրա հետ մեկ տեղ կարող էինք ավելի արագացնել հատկապես ռեգիոնալ քաղաքականությունը, ինչպես նաև մեր հարաբերությունների հաստատումը Միջին Արևելքի, Ուկրաինայի, արաբական երկրների հետ:

Կարելի էր ավելի արագ հասկանալ դրսի աշխարհը, մի քանի քայլ ավելի առաջ գնալ: Երկրաշարժից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ ռոմանտիզմ մտավ, այնուհետև անգամ հուսաթափություն եղավ: Բայց հետո ամեն ինչ հանդարտվեց, արտաքին տնտեսական կապերի հաստատման գործում ավելի  իրատեսություն հանդես եկավ:

— Համաձա՞յն եք, արդյոք, այն մտքի հետ, որ ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր կառավարություն արժանի է իր ընդդիմությանը:

— Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե ասեիք 3 կամ 5 տարի հետո: Իշխանությունները շատ ավելի արագ կազմավորվեցին, քան ընդդիմությունը: Ընդդիմության մեջ շատ լուրջ տարեր կան, լուրջ, առողջ քննադատություն, բայց ընդհանուր առմամբ ընդդիմության կազմավորման գործընթացը տակավին չի էլ ավարտված: Սա էլ իր պատճառն ունի:

Ղեկավարությունը, իշխանությունը կոնկրետ իրականության հետ գործ ունի. Ձախողվեցիր՝ անմիջապես երեսիդ կխփեն. Պատասխանատվությունը մեծ է: Ուրեմն պետք է արագ կողմնորոշվես, անհաջողության դեպքում ուրիշ կամ հավելյալ մի բան անես կամ փոխվես ինքդ:  Այս ամենը փոխում է իշխանության կառուցվածքը, արագացնում նրա ձևավորման գործընթացը:

Երբ ընդդիմությունը վերջապես որոշի իր անելիքը ու այդ անելու ժողովրդավար ձևը, հավասար պատասխանատվությամբ կարագացնի նաև իր կազմավորման պրոցեսը: Ներկայումս շատ դանդաղ է այն իրականացվում: Կարծում եմ դեռ կունենանք ուժեղ ընդդիմություն, այսօրվա ընդդիմությունը կդադարեցնի բոլոր հարցերի անհատականացումը: Ընդդիմությունը պետք է իմանա, որ համակարգված պետք է գործել: Եթե դուր չեն գալիս իշխանությունները, պայքարի ժողովրդավար ձև կա. ներկայացնում ես քո քաղաքականությունն ու այլընտրանքը և սպասում մինչև հաջորդ ընտրություններ՝ կամ խորհրդարանական, կամ՝ նախագահական. այս է ձևը:

Ընդդիմությունը տակավին չի հաշտվի այն մտքին, որ ինքն օրենսդրության և վերահսկողության միջոցով պետք է գործի և քաղաքական ճանապարհով պետք է ժողովրդին ներկայացնի իր այլընտրանքային մոտեցումները: Անհամբեր մանուկի պես ասել թե՝ «հիմա եմ ուզում, որ փոխվի իշխանությունը ու ես դառնամ իշխանությունը» սխալ է, վտանգավոր է և անպտուղ: Կան ուժեր, որոնք մտածում են, որ իրավունք ունեն ազգային շահը որոշելու, սահմանելու ու այն պարտադրելու ժողովրդին, ժողովրդավարության պայմաններում ազգային գերագույն շահը ճնշում է այլընտրանքների մշակմանը, ընտրությունների, քվեարկության ճանապարհով: Ժողովրդավարությունը նույնիսկ սխալներ է հանդուրժում, բայց պահպանում է կարգ ու կանոնը, որովհետև այդ կարգուկանոնն է վստահություն ներշնչում ժողովրդին, անհատին, որ ի վերջո իր շահերը կպաշտպանվեն: Մի կուսակցությունը, ֆրակցիան կարող է հայտարարել, որ ինքն է ժողովրդի շահը ներկայացնողը մինչև հաջորդ ընտրությունները: Մեր ընդդիմությունը դեռ նման ճշմարտությունների հետ հաշտված չէ: Վստահ եմ, այլապես ավելի շատ և ավելի օգտակար բաներ կունենար ասելու: Իշխանությունները չեն կարող չսխալվել: Դժվար է հաճախ խնդիրների առաջնահերթությունը, կարևորությունը, լուծման լավագույն ձևը որոշելը: Այստեղ է, որ ընդդիմությունը պետք է գործ անի:

— Նորություն չէ, որ հատկապես կազմավորման փուլում յուրաքանչյուր երկրի, պետության հարցերի հարցը, այդ կազմավորման հիմնական նախապայմանը ներքին քաղաքական կայունությունն է, մի բան, որը անմիջապես բխում է իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների բնույթից, որակից, ձևից և այլն: Շատ են եղել և այսօր էլ կան ափսոսանքներ, մեղադրանքներ, տրտունջներ այն բանից, որ երկրում դեռ չկա առողջ ընդդիմություն: Բայց, կարծում եմ, նման ընդդիմություն ունենալու համար քաղաքական նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ, որոնց ստեղծումը շահագրգիռ իշխանությունների գործն է նաև:

— Որպեսզի իշխանությունները արդյունավետ քայլ անեն այդ ուղղությամբ, պետք է ունենայինք այնպիսի ընդդիմություն, որը համաձայն կլինի իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերը նշված հիմնական սկզբունքներին: Եթե այսպես լիներ, ձեր ասածը լրիվ կընդունեի: Բայց մեր ընդդիմությունը քաղաքականն ու խորհրդայինը խառնեց իրար: Իսկ մյուսից կողմից հայտարարեց , որ ազգային միասնություն է պահանջում, այսինքն՝ իշխանության և ընդդիմության միավորումը: Ես չեմ կարող պատկերացնել,  ինչ կարող էին անել մեր իշխանությունները առողջ ընդդիմություն ունենալու համար, եթե մեր ընդդիմությունը չէր ուզում ընդդիմություն լինել,  ուզում էր անմիջապես իշխանություն ձեռք ձգել կամ հայտարարում էր՝ մենք չենք ուզում ընդդիմության գաղափարը, մենք միայն ընդդիմության գաղափար ենք ուզում, անհրաժեշտ է բոլորի միասնությունը. Մի բան, որ հնարավոր չէ:

Ժողովրդավարության մեջ ազգային միասնության ձևերը պարզ են: Կամ սկզբից ևեթ բոլոր ուժերը հիմնական հարցերի շուրջ համաձայնության եմ գալիս, և դրանից վերանում է ընդդիմության գոյության պատճառը, կամ հիմնական հարցերի նկատմամբ մոտեցումների մեջ մնում են սկզբունքային տարբերություններ, որոնք անկարելի են դարձնում միությունը, սակայն ճգնաժամային պայմաններում կուսակցություններում ինքնակշիռ են ենթարկվում և փորձում են օգնել իշխանություններին՝ հանուն պետական շահերի պահպանման:

Այն հարցը, թե ինչո՞ւ է  իշխանությունները ոչինչ չարեցին առողջ ընդդիմություն ունենալու համար, մեր պարագայում ճիշտ չի հնչում: Որովհետև, կրկնում եմ, ընդդիմությունը չուզեց հաշտվել իր՝ ընդդիմություն լինելու մտքի հետ:

— ՀՀ արտաքին քաղաքական հարաբերությունները, քայլերը, նրանց ուղղվածությունն ու բնույթը, արդյոք, մի՞շտ են են համապատասխանում նրա ազգային շահերին: Լինո՞ւմ է այնպես, որ դրանց արտաքին պարտադրվածությունն ավելի շատ է, քան ներքին անհրաժեշտությունը:

— Մտածել, որ անկախ լինելը նշանակում է ոչ մի պետությունից, կազմակերպությունից կախված չլինել, սխալ է: Քաղաքանապես, տնտեսապես, ռազմական տեսակետից նման լրիվ անկախ պետություն առհասարակ գոյություն չունի: Հիմա մենք շատ հարցերում կախում ունենք օտար երկրներից: Սակայն այդ կախվածության հարցերը լուծողը մեր կառավարությունն է. նա է որոշողը՝  ի՛նչ անել, ինչպե՛ս անել և որտեղի՛ց սկսել. սա է կարևորը: Ուրիշ երկրներն նույնպես կախվածություն ունեն ԱՄՆ-ն էլ, Ռուսաստանն էլ չեն կարող բացարձակապես անկախ լինել:

Պետք է տարբերություն դնել առհասարակ տարբեր անկախ պետությունների իրավական և ռեալ հավասարության միջև:  Մենք, օրինակ, իրահավասար ենք Թուրքիայի, Ուկրաինայի և այլ պետությունների հետ, բայց այդ իրավահասարությունը չի նշանակում, թե մեր երեքուկես միլիոնը հավասար է վաթսուն միլիոնին, թե մեր քաղաքական, մշակութային տվյալները նույն են ինչ Ռուսաստանինը, կամ մենք այնքան նավթ ունենք, որքան փոքր Քուվեյթը:

Մեր քաղաքականության միջոցով մենք պետք է մի քանի բան ապահովենք մեր ժողովրդի համար: Նախ և առաջ անվտանգություն և ժողովրդի բարօրություն:

Կան հարցեր, որ, ասենք, վերաբերում են տնտեսական զարգացման բնագավառին: Դրանց լուծման, օրինակ, կապիտալի ներդրման համար թերևս ավելի կարևոր են դրամագլուխ ունեցող հեռավոր երկրները կամ միջազգային կազմակերպությունները, քան մեր հարևանները: Կան մեծ թվով հարցեր (օրինակ՝ մեր անմիջական անվտանգությունը, առևտուրը), որոնց լուծման համար արդեն մեր հարևաններն են առաջ մղվում: Եթե 70 տարի իբրև ԽՍՀՄ-ի բաղադրամաս Ռուսաստանի հետ ենք սերտորեն կապված եղել, մեզանից անկախ մեր անվտանգությունը նույնպես կախված է եղել ռուսական բանակի հետ:

Եթե սահմանների մասին խոսենք, այսօր էլ, մինչև նոր համակարգի զարգացումը, կարելի է պատկերացնել, որ սահմանում շարունակի գործել նախկին համակարգը:

Այս կամ այն երկրի հետ հարաբերություններ հաստատելու, դրանք շարունակելու, խզելու կամ ամրապնդելու համար պետք է պատասխանենք հետևյալ հարցին. ի՞նչ է մեզ պետք:

Եթե հստակ ու ճիշտ որոշենք, կարող ենք դիմել և՛ 20000կմ հեռավորության վրա գտնվող պետությանը, և՛ մեր հարևաններին, և այլն:

— Թերևս տեղին կլիներ այստեղ անդրադառնալ մեր մամուլի էջերից գրեթե չբացակայող և պարբերաբար թունդ երանգներ ձեռք բերող «մշտական բարեկամ-թշնամի» թեմայի շուրջ բանավեճերին:

— Սա ևս այն հարցերից է, որը չպետք է ծայրահեղացնել: Ի՞նչ է նշանակում մշտական բարեկամ կամ մշտական թշնամի: Մենք պետք է գործենք մեր անհրաժեշտությունից ելնելով: Քաղաքական կացության պահպանման, ժողովրդի անվտանգության, սահմանների անձեռնմխելիության հարցերն են, որ պետք է թելադրեն այս կամ այն պարտնյորի տեղը:

Այն բանավեճը, որի մասին ակնարկում եք (թուրքամետ, իրանամետ, ռուսամետ քաղաքականությունը), գաղափարախոսական է: Իսկ գաղափարախոսությունը ծածկում, քողարկում է իրականությունը: Մենք չենք կարող հրաժարվել մեր իրականությունից, մեր հարևաներից և ցանականալ հարևանություն անել՝ Շվեցարիայի հետ: Գաղափարախոսական մարզանքները՝ «մշտական բարեկամ-թշնամի» վերնագրով գալիս են կայսերական տիրապետության տարիներից:

Մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ կապեր ունենք, շարունակում ենք պահպանել դրանք: Փորձում ենք նաև հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Իրանի հետ, որոնցից կտրվել էինք տարբեր պատճառներով: Կողմնորոշման մասին խոսք պետք է գնա՝ միայն ելնելով այն անհրաժեշտությունից, որ մենք երկիր ունենանք և այն պահպանենք: Չի կարելի ընդհանուր գործունեությունից առանձնացնել իշխանությունների մեկ քայլը և եզրակացնել, թե ուրեմն, ռուսական կամ թուրքական կամ մեկ այլ կողմնորոշում ունեն:

Այս կարգի բոլոր խոսակցությունները պարապ հնարքներ են: Կան կուսակցություններ, լրագրողներ, գործիչներ, որոնք նախապես որոշում են, որ պետք է միայն քննադատեն, որոնք հայհոյանքը շփոթում են վերլուծման հետ, որոնք ցինիզմը շփոթում են իրազեկման հետ, խոսքի ու մամուլի ազատությունը՝ սենսացիոնալիզմի հետ: Մարդիկ, որոնք միայն սպասում են, որ որևէ մի բան սխալ ընթանա, որպեսզի բացականչեն. տեսա՞ք՝ որ ասում էի՜նք. իշխանությունները, կառավարությունը այս արեցին, այս արեցին: Սպասում են առիթների, որպեսզի հաստատեն իրենց կանխակալ եզրահանգումները, բայց ընթացքում ոչ փորձում են իրենք լրիվ հարցը հասկանալ, ոչ էլ կարողանում են ժողովրդին մի նոր բան ասել կամ հարցը մի նոր տեսանկյունից ներկայացնել, լուսաբանել:

— Եվ վերջապես, թերևս մեր ամենացավոտ հարցը՝  Ղարաբաղը: Անցած մեկ տարվա ընթացքում պատերազմն աննախադեպ ընթացք և բնույթ ստացավ, որի հետևանքով ղարաբաղյան ընդհարումները ամենարյունոտներից են համարվում աշխարհում: Մյուս կողմից էլ հենց անցած տարվա ընթացքում աննախադեպ փորձեր արվեցին՝ կանգնեցնելու այդ արյունահեղությունը տարբեր մակարդակներում. Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյա այրերի հանդիպումներից մինչև միջազգային խորհրդաժողովներ: Դարձյալ ապարդյուն: Տեղի՞ն է, արդյոք, «պատերազմները ձախողված դիվանագիտության արդյունք են» արտահայտության կիրառումը այս դեպքում:

— Եթե այդ արտահայտությունը ուզում եք կիրառել ղարաբաղյան պատերազմի առիթով, կիրառելի է. ադրբեջանակա՛ն քաղաքականության և դիվանագիտության հետևանք է դա, ոչ մերը: Քաղաքական ճանապարհով չփորձեցին հարցը լուծել, ուզում են պատերազմի միջոցով դա անել: Երկրորդը պետք է նշել, որ մենք երբեք քաղաքականությունը և պատերազմի դաշտում ծավալվող իրադարձությունները իրարից չենք բաժանում:  Համոզված ենք, որ դիվանագիտական սեղանի շուրջ չես կարող շահել այն, ինչ կարող ես պատերազմի դաշտում: Իսկ հակառակը (դիվանագիտական սեղանի շուրջ կարելի է կորցնել պատերազմի դաշտում արյան գնով ձեռք բերածը) կարող է լինել: Մեր ընտրությունը չէր այդ գործընթացներին մասնակցել կամ չմասնակցելը:

ԵԱՀԽ-ի շրջանակներում դժվարություններ կան, անշուշտ, բայց շատ հարցերում նաև առաջադիմել ենք: Կարևորն այն է, որ հարցերն արդեն բյուրեղացել են, հստակեցվել (օրինակ՝ Մինսկի խորհրդաժողովին Ղարաբաղի մասնակցության, կարգավիճակի, զինադադարի մասին հարցերը): Մեր դիվանագիտությունը, քաղաքականությունը հաջողություններ են արձանագրել ոչ միայն իրենց, այլև Ղարաբաղի համար: Սա գուցեև այդքան էլ չի համապատասխանում շատերի ունեցած ընդհանուր տպավորությունը, բայց, կարծում եմ, խիստ կարևորվում է ադրբեջանցիների հետ հետագա բանակցությունների ժամանակ քննարկվելիք հարցերի հստակեցումը: Մի բան, որը արդեն տեղի է ունեցել:

Բացի Ադրբեջանից, բոլորն էլ համոզվեցին, որ նախ և առաջ պետք է լուծվի զինադադարի հարցը: Մեր պայմաններում փոքր դիվանագիտական կազմով և փոքր փորձառությամբ նման արդյունքի հասնելը հաջողություն եմ համարում: Եթե Ղարաբաղի ժողովուրդը չկռվեր, չպաշտպաներ իրեն, անշուշտ, դիվանագիտական այս հաջողությանը հնարավոր չէր լինի հասնել:

Քարոզչության հարցում ադրբեջանցիները մեզանից շատ ավելի առաջ են անցել: Բայց, ըստ էության, մեր սկզբունքների բացատրման տեսանկյունից, մեր գործերն ավելի արդյունավետ են. Հասել ենք գրեթե այն բանին, որ Ադրբեջանը մենակ է մնում շատ հարցերում: Այդ իմաստով ես ԵԱՀԽ-ի պրոցեսը, Ալմա Աթան, Սոչին, ՄԱԿ-ում շարադրված մեր մոտեցումները, դիմումներն շատ ավելի արդյունավետ եմ համարում, քան, գուցե, ուրիշները, որքանով որ հարցի լուծումը կախված է դիվանագիտական աշխատանքներից:

Պատրաստեց Լաուրա  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives