«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ
Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նիստ` վարչապետ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ: Քննարկվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991-92թթ. ուսումնական տարվա ընդունելության պլանի որոշման նախագիծը:
Նախագահության նիստը հաստատեց 1991-92 ուսումնական տարվա հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերը, որը նախորդ տարվա համեմատությամբ կրճատված է շուրջ 20 տոկոսով: Միաժամանակ որոշվեց պետական բուհերում անվճարին զուգընթաց ստեղծել վճարովի ուսուցման համակարգ: Պետական պատվերով հատկացված տեղերը կզբաղեցնեն միայն մրցույթով անցած դիմորդները: Համապատասխան միավորներ չհավաքած, բայց դրական գնահատական ստացած դիմորդների մի մասին հնարավորություն կընձեռվի սովորել վճարովի սկզբունքով: Պետական բյուջեի հաշվին բուհերի ֆինանսավորումը թողնվեց անցյալ տարվա մակարդակին: Այստեղից և վճարովի ուսուցումից ստացված գումարների հաշվին կբարձրացվի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակչության կենցաղային սպասարկման հանրապետական արտադրական միավորման կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի կազմում փոփոխությունների մասին հարցերը:
Նախագահությունը բավարարեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր Լևոն Վարդանյանի դիմումը և ազատեց նրան աշխատանքից: Ինստիտուտի ռեկտոր նշանակվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թորգոմ Նալչաջյանը: