March 29, 2024

Լռեց Լուսինե Զաքարյանի մեր ձայնը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)

Ծանր գույժով մռայլվեց առանց այն էլ տոնական թրթիռներից ու խնդումից զուրկ մեր տարեմուտը, անսպասելի, անհավատալի մի կորուստ եկավ՝ ասես ամբողջացնելու անցած տարվա մեր բազում կորուստները, եկավ որպես դաժան եւ անողոք խորհրդանիշ մեր սրտին այնքան սպիներ թողած տարվան։ Մի՞թե այդպես, հենց այդ օրը պիտի հեռանար աստվածային Լուսինե Ջաքարյանը, ով անզուգական իր երգով, աստվածամոր աչքերով ամենախոսուն մի խորհրդանիշ էր ոգու հավերժական վերսլացումների, սերմնացան լույսի ու մաքրության, մեզ հնչյունների իր ավազանում մաքրագործող կախարդուհի…

Այսպես եղավ սակայն։ Երեւի այդպես պիտի լիներ, ծանր հիվանդությանը գումարվեցին մեր ժողովրդի անվերշ նորոգվող վերքերը, եւ արարման ու սավառումների կոչված, ազնիվ հաղորդությունների սովոր սիրտը չդիմացավ այլեւս։ Այդպես եղավ գուցեեւ նրա համար, որպեսզի սթափվենք, ուշքի գանք հոգսերի հետ մեզ տիրող նյութի գերիշխանությունից, որպեսզի, որքան էլ կյանքը նեղի, չմոռանանք երգը, երես չթեքենք գեղեցկությունից, հաղորդակցվենք երկնքին ու Աստծուն։ Եվ հաղորդվենք նաեւ ի՛ր երգով, հոգիներ ամոքող ի՛ր ձայնի զորավոր միջնորդությամբ, որը բարեբախտաբար մեզ հետ է մնալու, զուլալ կարկաչով հնչելու է գալիք բոլոր օրերի մեջ՝ մեծ ու փոքրին հիշեցնելով հավերժական, անկորնչելի արժեքների մասին, իր երկրի ու ժողովրդի՝ դարերի շունչը խտացնող ոգու մասին։

Հեռացավ մեզանից Լուսինե Ջաքարյանը, բայց անսպասելի ու անժամանակ այդ հեռացումով է՛լ ավելի է ընդգծվելու թանկ ներկայությունը, քանզի մեծ արվեստագետներին ժողովրդի ոգու ընտրյալ թարգմաններին այլ ճակատագիր չի վիճակված։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives