Ազգ, 24 օգոստոսի, 1993թ., թիվ 161(412), երեքշաբթի
Օգոստոսի 23-ին ելույթ ունենալով Բաքվի հեռուստատեսությամբ, դիմելով իր ժողովրդին, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևն ադրբեջանական զորքերի վերջին անհաջողությունները բացատրեց միասնական հրամանատարության բացակայությամբ և ցածր կարգապահությամբ: Անդրադառնալով Ֆիզուլի շրջկենտրոնը հայերի կողմից գրավելու մասին տեղեկությանը, Ալիևը նշեց, որ այնտեղ տեղաբաշխված զորքերը Ֆիզուլի քաղաքի վարչակարգի ուղղակի հրամանով իրենք են թողել քաղաքը: Նա նշեց նաև, որ շրջանների որոշ ղեկավարների գործողությունները, որոնք քաղաքական շահադիտական նպատակներ են հետապնդում, պառակտում են ադրբեջանական զինված ուժերը:
Որպես օրինակ, Ալիևը վկայակոչեց Աղջաբեդիի շրջանում գնդապետ Հումմեթովին ենթակա գումարտակի սադրիչ գործողությունները, որը գրգռելով հայկական կողմին, խախտեց զինադադարը և անցավ հարձակման հակառակորդի դիրքերի վրա: Նրա խոսքերով, հարձակման հետևանքով ադրբեջանցի 50-ից ավելի զինյալներ գերվել են: Կան սպանվածներ ու վիրավորներ: Ալիևն ընդգծեց, որ հենց ադրբեջանական զորքերն են խախտել հնգօրյա զինադադարի մասին պայմանավորվածությունը:
Իր հեռուստաելույթում նա մեծ ուշադրություն դարձրեց նաև Մուղանի Թալիշական Հանրապետությունում տիրող իրադրությանը: Ըստ Ալիևի, այդ հանրապետության ղեկավար Ալիքրամ Հումմեթովը շարունակում է անտեսել Միլլի մեջլիսի բոլոր կոչերը Լենքորանում իշխանության ոչ սահմանադրական կառուցվածքները լուծարելու մասին: Ալիևը մեղադրեց նաև պաշտպանության նապկին նախարար Ղազիևին, որը, ըստ նրա, աջակցում է թալիշ անջատողականների գործողություններին: Հեյդար Ալիևը դժգոհություն հայտնեց նաև Ադրբեջանի վարչապետ Սուրեթ Հուսեյնովի անվճռականության կապակցությամբ, որը չկարողացավ եռօրյա ժամկետում կարգուկանոն հաստատել Լենքորանի գոտում: Վերջում Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարը կոչ արեց Մուղանի Թալիշական Հանրապետության 7 շրջանների բնակչությանը պայքարի ելնել Ալիքրամ Հումմեթովի դեմ: