May 13, 2024

ԼՂՀ ԳԽ նստաշրջանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)

ԼՂՀ ԳԽ առաջին գումարման առաջին նստաշրջանը մարտի 21-ին վերսկսեց իր աշխատանքը՝ 41 պատգամավորների մասնակցությամբ։ ՊՊԿ-ի հաշվետվությունը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը։

ԼՂՀ ԳԽ նախագահության հաշվետվությամբ հանդես եկավ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը։ Նա անդրադարձավ պետականության ձեւավորման խնդիրներին, նշեց օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ առկա տարաձայնությունների առարկայական եւ ենթակայական պատճառները։ Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։

Երեկ ԼՂՀ ԳԽ նստաշրջանը շարունակեց աշխատանքները։ Առավոտից սկսվեցին ԳԽ նախագահի թեկնածությունների առաջադրումները։ Ի վերջո առաջադրվեց չորս թեկնածու.

Բորիս Առուշանյան – ԼՂՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ

Արկադի Մանաչարով – ԼՂՀ ԳԽ պատգամավոր

Լեւոն Մելիք-Շահնազարյան – ԼՂՀ ԳԽ մշտական հանձնաժողովի նախագահ

Գրիգոր Հայրապետյան – Հադրութի շրջխորհրդի նախագահ։

Ա. Մանուչարովն ու Լ. Մելիք-Շահնագարյանը հանեցին իրենց թեկնածությունները, որից հետո մյուս թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը։ Դրան հետեւեց քվեարկությունը։ Արդյունքում Բ. Առուշանյանը հավաքեց 17, իսկ Գ. Հայրապետյանը՝ 20 ձայն։ Վերջինս էլ անցավ հաջորդ փուլ, ուր, սակայն, նրա օգտին նորից գրանցվեց 20 ձայն, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է 27-ը:

Դրանից հետո եղան տարբեր առաջարկներ՝ նախագահության կազմն ընդլայնելուց մինչեւ ԳԽ-ն ընդհանրապես ցրելն ու նոր ընտրություններ անցկացնելը։ Որոշվեց անցկացնել քաղաքական տարբեր ուժերի խորհրդատվական հանդիպում՝ փոխզիջման գալու նպատակով: Հանդիպումից հետո հայտարարվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել առաջադրել Լեւոն Մելիք-Շահնազարյանի թեկնածությունը, սակայն քիչ անց պարզվեց, որ այդ պայմանավորվածությունն էլ գործել չի կարող: Իր ելույթում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանն անհանդուրժելի համարեց ստեղծված կացությունը եւ, նշելով տարածաշրջանում ու Ռուսաստանում քաղաքական գործընթացների սրընթաց զարգացումը՝ կարեւորեց նախագահի ընտրության անհրաժեշտությունը։ Նա հայտնեց, որ հակառակ դեպքում ինքը վաղը հրաժարական կտա, ինչը կարող է առավել բարդացնել իրավիճակը։

ԼՂՀ ԳԽ նստաշրջանը որոշեց ընտրության հարցին անդրադառնալ այսօր։ Իսկ երեկ որոշում կայացվեց ԼՂՀ տարածքում ռազմական դրությունը մինչեւ տարեվերջ երկարաձգելու մասին։ Նույն ժամանակով երկարաձգվեց ՊՊԿ-ի գործունեությանը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives