March 28, 2024

Մուղանի մուղամները ադրբեջանական սիմֆոնիայում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 24 օգոստոսի, 1993թ., թիվ 161(412), երեքշաբթի

Օգոստոսի 17-ին հրավիրված Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտակարգ նիստում քննարկվում էր Մուղանի Թալիշական Հանրապետության խնդիրը: Այս հանրապետության առաջացումը բավականին յուրօրինակ երևույթ է Ադրբեջանի արդի քաղաքականության մեջ: Կարելի է բավականին հետաքրքիր զուգահեռներ անցկացնել քաղաքական հորիզոնում հայտնված երկու նոր անձանց՝ Սուրեթ Հուսեյնովի և Ալիքրամ Հումմեթովի միջև: Նրանք երկուսն էլ նորակազմ բանակի գնդապետներ են, երկուսն էլ բարձր տնտեսական պաշտոնների են եղել, հետևաբար կասկածվում են մաֆիայի հետ կապերի և Ռուսաստանի դրածո լինելու մեջ, երկուսն էլ մեծ քաղաքականության մեջ հայտնվել են միաժամանակ, և, ի դեպ, նրանք ընկերներ են:

Բայց ամենահետաքրքիրն այս գնդապետների մոլուցքն է՝ ուրիշների համար իշխանության ճանապարհ հարթելու գործում: Հումմեթովը քանիցս ուղղակի և անուղղակի կերպով հասկացրել է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ինքը կուզենար տեսնել Այազ Մութալիբովին: Ընդհանրապես, թալիշական ղեկավարը շատ հակասական տեղեկություններ է տալիս իր կողմից հանրապետության ստեղծման նպատակի մասին: «Ազատություն» ռադիոկայանին նա հայտարարում է, որ Ադրբեջանում բնակվում են մեկ միլիոն թալիշներ, որոնց իրավահավասարության երաշխիքը Մութալիբովն է, իսկ մեկ այլ առիթով հայտարարում Ադրբեջանը ֆեդերատիվ պետության վերափոխելու պահանջի մասին: Այս վերջին խնդիրը բավականին տարօրինակ է նրանով, որ ֆեդերալիզմի գաղափարը հնչեց ոչ թե Ադրբեջանի հյուսիսից, որտեղ լեզգիները շուրջ երկու տարի է ազատագրական պայքար են տանում, և ոչ էլ Ղարաբաղից, որն արդեն հինգերորդ տարին պայքարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու համար: Դաշնակցային երկիր ստեղծելու պահանջ դրվեց իրանական թալիշ ժողովրդով բնակեցված Լենքորանից, որը համարվում էր համեմատաբար կայուն շրջան:

Կարելի է կարծել, որ Ադրբեջանում իշխանության անցած նոր ուժերը ֆեդերատիվ պետության խայծը փորձում են մատուցել այդ կայսրության մյուս ժողովուրդներին: Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը Ալիքրամ Հումմեթովի անձնական թշնամին է: Սակայն Հումմեթովն իր հանրապետությունը հռչակեց Էլչիբեյի անկման ժամանակ, ընդորում առատորեն օգտագործելով «պանթուրքիզմի դեմ պայքարի» լոզունգը: Պարսկախոս թալիշների ինքնավարության ստեղծումը, բնականաբար, չէր կարող վրիպել հարևան Իրանի ուշադրությունից: Ադրբեջանը Մուղանի Հանրապետության երկամսյա գոյությունից խիստ անհանգստացավ միայն Վելայաթիի Ադրբեջանում գտնվելու օրը, կամենալով վերջինիս ուշադրությունը բևեռել խնդրի վրա: Եվ դա բնական էր, քանի որ Ֆիզուլու և Ջեբրայիլի խնդիրը անպայմանորեն կծներ այդ շրջաններից դեպի Իրան սահմանախախտների հարցը: Իմանալով Իրանի վերաբերմունքը մի խնդրի մասին, կարելի էր գուշակել նրա ռեակցիան մյուս խնդրին:

Հարցն ավելի կոնկրետացնելու համար Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վագիֆ Նովրուզովը նշեց, որ հայտնի են Հումմեթովի և իրանամետ Հըզբոլլահ ծայրահեղական խմբավորման կապերի մասին, իսկ Ալիևը հանրապետության մասնատման միտումների մեջ մեղադրեց դրսի ուժերին, նշելով, որ Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի ներքին գործերին:

Ինչևէ, օգոստոսի 20-ին Գյանջայում անցկացվող Նախարարների խորհրդի ընդլայնված նիստում հանկարծ հայտնվեց և մեղայական ելույթ ունեցավ Հումմեթովը: Նա ասաց, որ Մուղանի Թալիշական Հանրապետության հռչակումը հետապնդում է զուտ շրջանի տնտեսական զարգացման մտադրություն և Ադրբեջանի կազմից դուրս գալու նպատակ չի դրված: Իհարկե, այս առիթով արժե հիշել Ռուսաստանի Ուրալյան հանրապետության ստեղծումը և դրա «տնտեսական» հիմնավորումը:

Աղասի Ենոքյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives