August 17, 2019
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ բյուրոյի և ԿԿ-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ բյուրոյի և ԿԿ-ի ներկայացուցիչների հետ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունիսի, 1993թ., չորեքշաբթի

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում ունեցավ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի և կենտկոմի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ բյուրոյի և ԿԿ-ի անդամներ Ռուբեն Հակոբյանը, Վարդան Հակոբյանը, Տիգրան Ջիմբաշյանը և Ոստանիկ Մարուխյանը: Բացելով հանդիպումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց.

— Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունեցիք իմ հրավերը, երկրորդ՝ մեր հանդիպումը հրապարակային է, տեսագրվում է, և դուք կարող եք հրապարակել այն ամենը, ինչ կասվի այստեղ, և երրորդ՝ սա մեր 2-րդ հանդիպումն է՝ կապված նույն հարցի հետ: Դուք տեղյակ եք, որ այդ խաղաղարար նախաձեռնության առթիվ ես հանդիպել էի ձեր կուսակցության բյուրոյի և կենտկոմի ներկայացուցիչների հետ: Ներկա էին Վահան Հովհաննիսյանը և Գառնիկ Իսագուլյանը: Եվ, փաստորեն, այս հանդիպումն այդ խոսակցության շարունակությունն է: Ես ուզում եմ հիշեցնել խոսակցության էությունը: Հայաստանը պնդում էր, որ պետք է համաձայնել այդ նախաձեռնությանը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք հնարավոր էր շտկել, և անցած մեկ ամիսը ցույց տվեց, որ մեզ հաջողվեց բավականին բարելավել այս փաստաթուղթը, Հայաստանը հասել է այն բանին, որ պետք է տանք դրական պատասխան, չնայած բոլոր դժվարություններին, չնայած լուրջ դիմադրությանը, մասնավորապես, ձեր կուսակցության կողմից: Ասվեց, որ Հայաստանը հասել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պետք է դրական պատասխան տա: Ասվեց, որ դա արվելու է, և խնդրում ենք ձեզանից, որ չխանգարեք: Միևնույն է՝ դա լինելու է: Եվ այդպես էլ եղավ, դուք խանգարեցիք ձեր բոլոր կարողություններով, բայց մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին: Բայց սա դեռ ճանապարհի կեսն է, բուն գործընթացը սկսվելու է այս պատասխանից հետո: Եվ այսօր ես ձեզ ուղղում եմ նույն կոչը՝ մի խանգարեք, միևնույն է՝ դա իրականանալու է, և դրա արդյունքում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դուրս են գալու շահած: Եվ դուք, լինելով 103-ամյա կուսակցություն, ոչ միայն դուրս կմնաք այս հաջողությանը մասնակից լինելու պատվից, այլ նաև կկրեք այդ հաջողությունը տապալել փորձելու խարանը: Ես կոչ եմ անում դադարեցնել ձեր այդ (ներողություն մեղմ արտահայտության համար) անբարոյական կամպանիան, որը վարում եք ձեր թերթերում: Անբարոյական, որովհետև դուք շատ լավ գիտեք՝ ճշմարտությունը, մասնավորապես ես նկատի ունեմ Գեորգի Պետրոսյանը պահվածքը: Գեորգի Պետրոսյանը միակ անձնավորությունն էր, որը շաբաթներ շարունակ և՛ մեր բացակայությամբ Ղարաբաղի նախագահության նիստերին, և՛ մեր մասնակցությամբ անցկացված հանդիպումներում վճռականորեն և հետևողականորեն պայքարում էր դրական պատասխան տալու համար: Դրան դուք տեղյակ եք: Ինձ մոտ կա Գեորգի Պետրոսյանի ելույթի ամբողջական տեսագրությունը: Եվ ես ձեր դրդմամբ ստիպված եմ դա ցուցադրել մեր ժողովրդին, որպեսզի հերքեմ ձեր տարածած զրպարտությունները: Գեորգի Պետրոսյանի նկատմամբ իսկապես եղել է շանտաժ, իսկապես եղել է ահաբեկում, եղել է նրա կյանքի, ֆիզիկական գոյության սպառնալիք, և ես գիտեմ, թե ում կողմից հարկադրված: Եվ ես ԱԱՎ-ին հրահանգ եմ տվել այդ ուղղությամբ քրեական գործ հարուցել: Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը անհանդուրժողական է, չի ընդունում մեր համագործակցության առաջարկները, մեր մեկնած ձեռքն օդում է մնում: Ես իսկապես չեմ ընդունում ձեր համագործակցությունը, որովհետև այդ առաջարկներն անկեղծ չեն եղել: Երբ հարց է առաջացել իրապես ապացուցել ձեր պատրաստակամությունը որևէ կարևոր հարցում, դուք դա չեք արել: Այսօր ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռված ապացուցելու վերջապես (ես ասում եմ վերջապես, որովհետև այս հինգ տարում՝ 1988 թվականի փետրվարի 20-ից սկսած դուք չեք արել դա), որ դուք մասնակիցն եք Հայաստանի անկախության ձեռքբերմանը, Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին և հայոց պետականության կայացմանը: Միևնույն է՝ առանց ձեր մասնակցության մենք այդ անկախությունը ձեռք բերեցինք: Ես ավելի խիստ չեմ ուզում ասել, և ձեր դիմադրությամբ հանդերձ: Միևնույն է՝ առանց ձեր մասնակցության և ձեր դիմադրությամբ հանդերձ, մենք այս պետությունը կայացնելու ենք: Միևնույն է, ձեր դիմադրությամբ հանդերձ, կորուստների գնով, որոնցից կարելի էր խուսափել, մենք ընդունելու ենք սահմանադրություն: Այն սահմանադրությունը, որին հավանություն կտա ժողովուրդը: Եվ կտա: Եվ ես չէի ցանկանա, որ դուք դիտողի դերում կամ խանգարողի դերում հանդես գայիք:

Ամենապատվավոր դերը մասնակցի դերն է: Ես ուզում եմ տեղեկացնել նաև, որ բացի այն հանդիպումից, որի մասին խոսեցի, իմ հանձնարարությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Աթենքում հանդիպել է նաև ձեր կուսակցության ղեկավար Հրայր Մարուխյանի հետ: Սրանից մոտ 10 առաջ: Մեկուկես ժամ զրույց էր տեղի ունեցել, և նրան արվել էր նույն առաջարկը: Մարուխյանը գտել էր, որ այս նախաձեռնությունը ունի դրական կողմեր, որ պարունակում է շանս՝ խաղաղության հասնելու համար: Նա էլ չէր ներկայացրել որևէ ալտերնատիվ: Մի խոսքով՝ ալտերնատիվ գոյություն չունի: Ճիշտ է, այս նախաձեռնությունը պարունակում է ռիսկի պահեր, լուրջ մտավախություններ, որը մենք լիովին կիսում ենք Ղարաբաղի հետ, բայց քանի որ ալտերնատիվ չկա, ալտերնատիվը մեզ համար հստակ է, մենք գնում ենք այդ ռիսկին: Երբ Մարուխյանին արտգործնախարարը խնդրել էր կուսակցության վերաբերմունքը փոխել, նպաստել այս նախաձեռնությանը հավանություն տալու համար, Մարուխյանը մոտավորապես ընդունել էր առաջարկը, բայց պատճառաբանել էր, որ ժամանակը ուշ է (որովհետև դա արդեն 26-ի նախօրյակին էր կարծեմ) պատասխան տալու: Բայց դրանից հետո անցավ այսքան ժամանակ, ներկայացվեց երրորդ տարբերակը, և այդ ընթացքում ձեր կուսակցության վերաբերմունքը չփոխվեց: Հիմա ես ուզում եմ ամփոփելով հստակ ձևակերպել իմ հանդիպման նպատակը ձեզ հետ, ես կոչ եմ անում իրավիճակը լուրջ ուսումնասիրելուց, իմ հակազդեցությունը քննելուց հետո և նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դրական պատասխանը, փոխել ձեր վերաբերմունքն այս գործընթացի նկատմամբ: Մենք մտնում ենք շատ վճռորոշ փուլ՝ դժվարին, ծանր, բայց՝ էապես տարբերվող նախորդ փուլից: Ես համոզված եմ, որ պատերազմի փուլն ավարտված է, սկսվում է խաղաղության փուլը: Մենք բոլորս պարտավոր ենք լուրջ բեկում մտցնել մեր գործունեության մեջ, և ամեն ինչով ազգովի նպաստել այս գործընթացի իրականացմանը: Եվ դա մեզ կհաջողվի անպայման: Ես այսօր ոչ մի կասկած չունեմ: Լավ կլիներ, որ դա հաջողվեր ողջ հայության ջանքերի համախմբման շնորհիվ, որպեսզի հետագայում ոչ մի հայ դառնություն չզգար, թե ինքը այս կարևոր գործի մասնակիցը չի եղել: Դուք ունեք վերջին հնարավորությունը՝ ապացուցելու մասնակից լինելու ձեր ձգտումը: Ես կարծում եմ, դրանից է կախված այսօրվա նաև ձեր քաղաքական պարտնյոր լինելու հանգամանքը: Կանե՞ք դա, կաջակցե՞ք լուրջ քաղաքական հայտարարությամբ, զորավիգ կկանգնե՞ք Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին այս վճռական, նորից եմ կրկնում, մեծ ռիսկեր պարունակող որոշմանը, թե՞ ոչ: Սա է դրված հարցը: Եթե դա արվի, դուք կապացուցեք, որ ձեր առաջարկները այս իշխանությունների հետ համագործակցելու մասին, լուրջ առաջարկներ են, դրանից հետո մեր միջև կհաստատվեն լուրջ պարտնյորական հարաբերություններ՝ պահպանելով հանդերձ քաղաքական կուսակցությունների գաղափարական, ծրագրային հակասությունները: Այսքանը: Շնորհակալություն:

Նախագահի խոսքից հետո ելույթ ունեցավ Վարդան Հակոբյանը.

— Լավ կլիներ, որ նորմալ փոխհարաբերություններ լինեին: Նման մեղադրանքները, որ դուք ներկայացրիք, փաստորեն վկայում են այն մասին, որ դուք տեղյակ չեք կուսակցության ղեկավարության դիրքորոշմանը կամ թե թյուրիմացության մեջ եք, որովհետև մենք չէինք ուզենա, որ կուսակցության դիրքորոշումը գնահատվեր մեր այս կամ այն արտահայտություններով, այս կամ այն հոդվածներով, որոնք հաճախ իներցիայի արդյունք են: Եղել է, բոլորս էլ գիտենք, թե ինչ պայմաններում է այդ ամենը տեղի ունեցել, և չգիտես ինչու մեր պաշտոնական հայտարարությունները աչքաթող են արվում, դիրքորոշումն աչքաթող է արվում, բայց երբ ինչ-որ մի երրորդական, չորրորդական բան է լինում, անպայման ներկայացվում է որպես մեղադրանք, և այդ օրերին մենք հասկանում ենք, թե ինչքան լուրջ հարցի հարցի առաջ են կանգնել Հայաստանը և Հայաստանի նախագահը: Եվ մենք հասկանում ենք, որ նախագահը շատ մեծ պատասխանատվություն է վերցրել, և վերջին հաշվով դա նախագահի իրավունքն է միայն: Ընդդիմությունը կարող է ինչ-որ տեղ իր կարծիքն արտահայտել, գնահատական տալ, բայց հասկանալով, որ իսկապես այո-ի դեպքում էլ է մեծ ռիսկ, ոչ-ի դեպքում էլ, մենք Գեորգի Պետրոսյանի հետ շատ լուրջ ենք քննարկել այդ հարցը: Այդ պատասխանատվության զգացումը մենք, որպես ընդդիմադիր կուսակցություն, շատ լավ հասկանում ենք: Բայց մյուս կողմից, եթե քիչ թե շատ նորմալ հարաբերություններ լինեին, մենք կկարողանայինք ավելի ճիշտ կողմնորոշվել, որովհետև մենք էլ շատ լուրջ վախ ունեինք և մտահոգություն, որ այո ասելու դեպքում մենք կարող ենք շատ լուրջ հարվածներ ստանալ, Արցախի ժողովուրդը լուրջ հարվածներ ստանա, և ես կվկայեմ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած հանդիպման մի տեղեկությունը, ըստ որի, մենք ճիշտն ասած, մտահոգված էինք Ռուսաստանի դիրքորոշմամբ: Այսինքն, պարզվում է, մենք այն ինֆորմացիային չենք տիրում ինչ նախագահը կամ արտգործնախարարությունը, բայց, համենայն դեպս, մենք զգում ենք մեր պատասխանատվությունը մեր շարքերի առաջ, ժողովրդի առջև և ուրեմն մենք էլ պիտի կարողանանք ինչ-որ տեղ, ասենք, երաշխիքները ըմբռնել, հասկանալ, որպեսզի կարողանանք այս առումով ճշտել մեր դիրքորոշումը: Փաստորեն մեզ ոչ մի բացատրություն չի տրվում այս ամենի վերաբերյալ, ըստ էության, երաշխիքների վերաբերյալ ոչ մի լուրջ փաստարկ չկա: Մենք հասկանում ենք, որ դա կարող է և չլինել որոշակի առումով: Բայց եթե նորմալ հարաբերություններ լինեին, և հասկացվի, որ մեզ համար ինքնանպատակ չէ ամեն կերպ խանգարել նախագահին, և մեր մշտական դիրքորոշումն է եղել ու ընդհանուր ժողովի որոշումը, որ դաշնակցության գլխավոր խնդիրը Հայաստանի պետականության կայունացումն ու ուժեղացումն է: Սա մեր հիմնական կարգախոսն է: Եթե որևէ մեկը ինչ-որ տեղ, անպատասխանատու արտահայտություն կանի, նա դրա համար և կպատժվի, և պատասխանատվության կկանչվի, բայց ես կուզենայի, որ իսկապես նորմալ մակարդակի դրվեն այդ փոխհարաբերությունները, և մենք ոչ թե կասկածանքով փոխհարաբերության մեջ մտնենք, այլ նորմալ հասկանալով, թե ինչ է կատարվում: Դուք վկայակոչեցիք ընկեր Հրայրին: Նա ինքը միշտ մեզ հարցնում է իրավիճակի մասին, որովհետև հասկանում է, որ մենք ավելի լավ ենք պատկերացնում, հասկանում և նրա դիրքորոշումն էլ այդպես է՝ պետք է ամեն ինչ նորմալ լինի, և ես պատասխանատու եմ ասելու, որ մենք խանգարելու ոչ մի նպատակ չենք դնում, մենք ուզում ենք ինքներս հասկանալ այդ ամենը, բացատրել, մասնակից լինել, և միշտ էլ բազմիցս շեշտել, ասել ենք, որ պատրաստ ենք ամեն ինչով ծառայելու և ուրախ կլինենք, որ այն փաստարկները, որ բերեց նախագահը, թե այս միջոցառումից պետք է շահեն Արցախը և Հայաստանը, որքան էլ դա ռիսկի դիմելու քայլ լինի, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անելու, որ այն տեղի ունենա: Սա է հիմնականը և ես չեմ ցանկանա, որ այդ հարաբերությունները մնան անվստահության մակարդակի վրա: Մենք էլ պատասխանատու ենք մեր շարքերի առաջ, մեր խնդիրներն ունենք և պիտի կարողանանք մի քիչ ավելի վստահ այդ հարցերը մեզ համար պարզել և ներկայացնել մեր կուսակցության մյուս ընկերներին:

Այնուհետև ամփոփիչ խոսքով հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը.

— Շնորհակալություն, մենք իրար հետ չենք ուզում բանավիճել, բայց ես ընդունում եմ ձեր ասածների լրջությունը, թեև մի բան կարող եմ ասել՝ ցանկության դեպքում դուք կունենայիք ամբողջական ինֆորմացիա: Չի եղել դեպք, որ դուք դիմեք Հայաստանի նախագահին կամ նախագահի խորհրդականներին և նրանք ձեզ չընդունեն, ձեզ չլսեն: Ես բացատրություն չեմ գտնում այն փաստին, որ նախագահի հրամանագրով ձեզ առաջարկվեց անվտանգության խորհրդում ունենալ մեկ անդամ, որը հնարավորություն կունենար տիրապետելու ողջ ինֆորմացիային, և դուք չօգտվեցիք այդ առաջարկությունից: Ես նորից եմ կրկնում, վերլուծելուց հետո ճիշտ կլիներ, որ ձեր կուսակցությունը զորավիգ կանգներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այդ որոշմանը, և հետագայում իր ամբողջ գոյությամբ նպաստեր այդ ծրագրի իրականացմանը: Շնորհակալություն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives