March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունիսի, 1993թ., չորեքշաբթի

Երեկ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամների հետ: Ներկայացնում ենք Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը այդ հանդիպման ժամանակ:

— Նախ շնորհակալություն հրավերն ընդունելու համար և նախապես ասեմ, որ մեր հանդիպումը հրապարակային է, կարող եք հրապարակել ամեն ինչ, ինչ որ այստեղ կխոսվի: Մենք թևակոխում ենք մի նոր և վճռական փուլ՝ մեր պետության կայացման, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին: Ես համոզված եմ: Եվ դա մեզ տրվեց ահռելի ջանքերի, հսկայական դժվարություններ հաղթահարելու, Ղարաբաղի ժողովրդի հերոսական պայքարի, Հայաստանի բնակչության կրած ահավոր զրկանքների (զրկանքներ, որոնք տեղի էին ունենում հանուն ամենավեհ ազգային նպատակների) գնով: Ավարտվում է պատերազմի փուլը, և մեզնից է կախված, բոլորիցս, թե ինչպես կօգտագործենք խաղաղության փուլը: Ես կարող եմ նշել՝ հայ ժողովուրդն իր ամբողջությամբ պատվով դուրս եկավ պատերազմի փուլից, պատերազմը տանուլ չտվեց առնվազն: Այսօր պահն է, որպեսզի հայ ժողովրդի ղեկավարելու հավակնող յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր կուսակցություն պարզի իր դիրքորոշումը: Նորից եմ կրկնում. մենք լի ենք վճռականությամբ, հետևողականությամբ, և անկախ ամեն ինչի, անկախ այն բանի, թե մեզ կօգնեն, թե կխանգարեն, միևնույն է, ինչպես մինչև հիմա, այսուհետև էլ մենք հասնելու ենք մեր նպատակներին:

Մենք հասանք անկախության, թեև այդ ճանապարհին էլ կային խանգարիչներ, կային դիտորդներ: Եվ մենք կայացնելու ենք այս պետությունը: Կայացնելու ենք այս պետությունը, անկախ այն բանից, թե կլինեն խանգարիչներ, կլինեն պարզ դիտողներ, թե ականատեսներ: Ես չէի ցանկանա, որ ձեր կուսակցությունը պատմության մեջ արձանագրվեր որպես դիտող, առավել ևս՝ որպես խանգարող: Ուրեմն, ես ձեզնից ակնկալում եմ մեկ բան. քանի որ ես, նորից եմ կրկնում, համոզված եմ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս վերջին դիրքորոշումը խաղաղ գործընթացի նկատմամբ միակ ճիշտ դիրքորոշումն է և դա անպայման հաջողություն է բերելու, ես ձեզ կոչ եմ անում չուշանալ: Անպայման դա հաջողվելու է: Չուշանալ և այսօր ևեթ ձեր վերաբերմունքն արտահայտել այս գործընթացի նկատմամբ: Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը, ես ակնկալում եմ, որ դուք զորավիգ եք կանգնելու Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների այս դրական պատասխանին: Դուք պետք է հստակեցնեք ձեր դիրքորոշումը, այլապես ստիպված պետք է լինեմ ես հստակեցնելու իմ դիրքորոշումը ձեր նկատմամբ: Ես երկու ժամ հետո հանդիպում եմ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարության հետ և, իհարկե, նրանց հետ խոսելու եմ մի փոքր այլ եղանակով:

Այժմ եթե ձեզ հետաքրքրում են մանրամասներ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ վարած իմ երկու հանդիպումներից, որոնք բավականի խոսում են և ձեզ կօգնեին պատկերացնելու իրավիճակը և այն ճանապարհը, որով մենք հասանք նման արդյունքի, ես պատրաստ եմ նման մանրամասներ ձեզ հաղորդել: Դա ձեզ կօգներ ձեր դիրքորոշումը պարզելու: Ի դեպ, ասեմ, ես համարում եմ, որ վերջին շրջանում ձեր մամուլի, մասնավորապես, «Ազգի» արձագանքը բավականին զուսպ էր, եթե չասեմ ավելին՝ գոնե չեզոք: Չեզոքությունը դիրքորոշում չէ: Քաղաքական կուսակցությունը այսպիսի ճակատագրական պահերին պարտավոր է արտահայտել իր հստակ տեսակետը՝ կողմ կամ դեմ: Ինձ ձեռնտու է սրանցից յուրաքանչյուրը: Մոտավորապես սա էր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկու հանդիպումների իմ ելակետը: Ես նրանց նկատմամբ ոչ մի ճնշում չեմ գործադրել, ես նրանց ներկայացրել եմ իրավիճակը և մերժման դեպքում հնարավոր հետևանքները: Ոչ թե հնարավոր, ես կասեի նույնիսկ՝ ակնհայտ հետևանքները: Եվ երրորդը՝ ամենահիմնականը՝ ալտերնատիվի բացակայությունը, որը ընդունում էին անխտիր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բոլոր ներկայացուցիչները: Սա միանշանակ ընդունվում էր բոլորի կողմից: Այդ թվում նաև Դաշնակցության ներկայացուցիչների կողմից:

Ես մի բան էլ պետք է ասեմ. այս աղմուկը, որ սկսվել է դաշնակցական մամուլում անբարոյականության գագաթնակետն է, որովհետև ես շատ լավ գիտեմ, թե իրականում ինչ է տեղի ոնեցել: Դաշնակցությունը, եթե ուշադրություն եք դարձրել, նույնպես այդքան աղմկելով հանդերձ, իրականում դիրքորոշում չի ճշտել: Նա նույնպես փախչում է պատասխանատվությունից, այո կամ ոչ ասելու պահանջից: Ես ոչ թե գնացել էի Լեռնային Ղարաբաղ նրանցից դրական պատասխան կորզելու, ես գնացել էի Ղարաբաղ ընդամենը պատասխան կորզելու՝ այո կամ ոչ: Իշխանության պարտքն է որոշում կայացնել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, մասնավորապես ԳԽ նախագահությունը դաշնակցության բյուրոյի հրահանգով խուսափում էր ընդհանրապես որոշում կայացնելուց: Ես սա եմ համարում խուսափում պատասխանատվությունից: Որովհետև դաշնակցությունը նույնպես զգում էր այն ահռելի պատասխանատվությունը, որը կհետևեր այս խաղաղարար նախաձեռնության մերժման դեպքում: Նրանք էլ համոզված են, ես վստահ եմ, որ ալտերնատիվ չկա: Ես կհաղորդեմ ձեզ մի լուր, և դուք կզարմանաք. միակ մարդը, որը շաբաթներ շարունակ և մեր բացակայությամբ, և նաև մեզ հետ տեղի ունեցած հանդիպումներում վճռականորեն պայքարում էր խաղաղարար ծրագրին դրական պատասխան տալու համար, Գեորգի Պետրոսյանն էր: Մինչև վերջին րոպեն նա էր պայքարում: Գորիսում նա հարցը դրեց վերջնագրի ձևով, որ ինքը ստորագրում է, դրանից հետո Գերագույն խորհուրդը կարող է իր նկատմամբ արտահայտել իր վերաբերմունքը: Այսինքն այնպես, ինչպես ես ներկայացրի հարցը մեր Գերագույն խորհրդում. եկա ասացի, որ ես իմ որոշումը ընդունել եմ, որ ես պատասխանել եմ դրական, դուք ինչ ուզում եք՝ արեք: Դրանից հետո Գերագույն խորհուրդը քննեց և ոչ մի որոշում չկայացրեց: Փաստորեն նույնը կատարեց Գեորգի Պետրոսյանը: Նա իր որոշումը կայացրեց, հայտարարեց, որ ստորագրում է, որից հետո Ղարաբաղի Գերագույն խորհուրդը կարող էր արտահայտել իր վերաբերմունքը: Գերագույն խորհրդի նախագահությունը իր ամբողջ կազմով համաձայնեց ահա այսպիսի դիրքին և լիազորեց Գեորգի Պետրոսյանին ստորագրել այդ փաստաթուղթը, որից անմիջապես հետո Ղարաբաղի պատվիրակությունը մեկնեց Գորիսից, և Գեորգի Պետրոսյանը Դավիթ Շահնազարյանի հետ գնաց Գորիսի քաղգործկոմ՝ ֆաքսով ուղարկելու այդ պատասխանը: Սակայն տեխնիկական պատճառներով դա մոտ մեկ-մեկուկես ժամ ձգձգվեց, իսկ այդ մեկ-մեկուկես ժամի ընթացքում տեղի ունեցան արտառոց դեպքեր, որից հետո Գեորգի Պետրոսյանը Գորիսից զանգահարեց Երևան՝ Մանվել Սարգսյանին, նրա հետ ունեցավ շուրջ կես ժամանոց զրույց, և նրանից ստացավ կտրուկ հրահանգ (իսկ ես ենթադրում եմ, թե այդ հրահանգը որտեղից էր գալիս) չստորագրել այդ փաստաթուղթը: Բացի այդ, այդ ընթացքում Գեորգի Պետրոսյանի նկատմամբ տեղի ունեցավ նաև ահաբեկման սպառնալիք, ուղղակի նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք: Եվ ինձ հայտնի է, թե ում կողմից, դա հիմնավորված է փաստաթղթով, որի հիման վրա մենք շատ շուտով քրեական գործ կհարուցենք: Գեորգի Պետրոսյանին, գտնվելով ահա այսպիսի ճնշման տակ ոչինչ չէր մնում, բացի հրաժարականից: Այժմ դուք գիտեք Ղարաբաղում իշխանության ղեկավարության մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և մեր պարտքն է, ես ձեզ էլ եմ կոչ անում, սատար կանգնել այդ հերոս տղաներին, որոնք չվախեցան այս ճակատագրական պահին, իհարկե անորոշության պահին, իհարկե՝ խաղաղարար ծրագրի հետ կապված մեծ ռիսկի պայմաններում ընդունել այսպիսի վճռական որոշում: Ես չեմ թաքցնում, խաղաղարար ծրագիրը իր մեջ ռիսկ պարունակում է և մեծ ռիսկ: Բայց հաշվելով բոլոր թեր և դեմ կողմերը, նկատի ունենալով առկա թեկուզ թույլ երաշխիքները, նկատի ունենալով հետագայում այդ երաշխիքների ամրապնդման ամենալուրջ, ամենաբարձր մակարդակի՝ Քլինթոնի, Ելցինի, Միտերանի մակարդակի հավաստիացումները և նկատի ունենալով ալտերնատիվի բացակայությունը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը գնացին այդ ռիսկին: Եվ ես նորից եմ կրկնում, այսօր պահն է, որ ողջ հայ ժողովուրդը, առավել ևս քաղաքական կուսակցությունները, մենակ չթողնեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Շնորհակալություն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives