July 26, 2024

Համբերության սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

կամ՝ «Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ…»

Այս երկնքի տակ կա՞ մեկ այլ երկիր, որի միլիոնանոց մայրաքաղաքի բնակիչները չնչին աշխատավարձի համար ոտքով կտրեին օրական 20-30 կիլոմետր ճանապարհ: Կա՞ մեկ այլ հանրապետություն, որի քաղաքացիներն այդքան անողոք լինեին հայրենակցի հանդեպ եւ այդքան ստրկահաճ՝ օտարի: Կա՞ մեկ այլ վայր, այսքան անիծված ու ոտնահարված, որտեղից օր առաջ ուզենային հեռանալ յուրայինները: Եվ կա՞ համբերության մի սահման, որը դեռ չի հատել հայը։

Այս հարցերը պատասխանների ակնկալիք չունեն, բայց եւ այնպես ուզում եմ դրանք դիմադարձել հասցեատիրոջը։ Այդ մենք ենք մեղավոր, սիրելի ժողովուրդ, որ մեր ծոցից ելածները հեծել ու քշում են մեզ դեպի ծայրահեղ աղքատության ախոռը։ Պատկերացնո՞ւմ եք քաղաքակիրթ մի երկիր, ասենք՝ Անգլիան կամ Ֆրանսիան, որոնք իրենց ընտրած իշխանությունների հանդեպ այսքան հանդուրժող լինեին, երբ վառելիք չկա, հաց չկա, տրանսպորտ չկա, էլեկտրաէներգիա չկա, գազ չկա, չկա եւ բազում այլ «չկա»–ներ։ Բայց այդ դեպքում ո՞ւմ համար են ընտրված եւ ո՞ւմ են ծառայում այդ իշխանությունները։ Հաստատ է՝ մենք առայժմ քաղաքակիրթ ազգ չենք քանի որ վերջիններս ունեն համբերության իրենց սահմանը, եւ որեւէ իշխանության կամ որեւէ նախագահի, ով էլ նա լինի, իրենց գոյատեւման հաշվին այսքան «շռայլություններ» չէին հանդուրժի:

Ահա քայլում է նա՝ իմ հայրենակիցը, հոգսերի բեռան տակ կքած ու գլխահակ, մոտենում հանրապետության նախագահի նստավայրին եւ… անցնում՝ հայացքն անգամ չթեքելով։ Նրան հետեւում են երկրորդը, երրորդը, հարյուրերորդը, հազարերորդը… Գուցե կանգ առնես մի պահ, եղբայր, ու հարցնես ինքդ քեզ. «Բայց չէ՞ որ ես նախագահ եմ ընտրել, որը երդվել է ինձ համար, հայրենիքիս համար իր ողջ կարողությունները ներդնել»։ Ա՜, մոռացել ես նրան, կամ՝ «Ով էլ գար, նույնն էր լինելու», կամ՝ «Եղունգ ունես, գլուխդ քորիր» եւ նմանաբնույթ այլ «իմաստախոսություններ»։

Դու անցնում ես, նա անցնում է, մնում են հոգսն ու ցավը՝ օրեցօր ահագնացող ու զորացող։ Նախագահդ չի հիշեցնում իրեն, ելույթներ չի ունենում, չի հանդիպում ընտրողների հետ։ Վարչապետի՝ հեռուստաէկրանից հաճախակի երկեվացող դեմքը գալիքի համար հույսի, լավատեսության նշույլեր չի դրսեւորում, Երեւանի քաղաքապետը մինչեւ գարուն իր աթոռից հրաժարվելու ցանկություն չունի, իսկ կուլիսներում, ինչպես միշտ, ակտիվ գործունեություն է ծավալում մաֆիան։

Նախագահի նստավայրի մոտով անցնելիս գուցե մի անգամ էլ կանգ առնես, հայրենակից, եւ հարցնես (թեկուզ մտովի), «խորհրդարանի մի շարք նիստերում, հարգելի նախագահ, երբ որեւէ կարեւոր հարց լուծելու նպատակով լուրջ դիմադրության էիք հանդիպում, չէիք հապաղում ավելացնելու. «Ես կդիմեմ ժողովրդին…»։ Եվ հաջողությամբ հաղթահարում էիք արգելքը։ Իսկ ինչո՞ւ հիմա չեք օգտագործում այդ հրաշալի միջոցը։ Չէ՞ որ այժմ Ձեր դեմ ոչ թե մի քանի պատգամավորներ են, այլ ֆինանսապես օրեցօր ուռճացող մաֆիաներ, այն էլ ո՜ր ասպարեզներում՝ ռազմական հումք հանդիսացող բենզինի, մեզ այնքան անհրաժեշտ ալյուրի (թվարկումը չենք շարունակում)։ Եվ ի՞նչ եք անելու, երբ այդ ծովահրեշի շոշափուկները մոտենան նաեւ Զեր պարանոցին, եթե արդեն չեն մոտեցել…»։

Ու եթե հարցրիր, փորձիր նաեւ պատասխանը ստանալ համախոհներիդ հետ միասին, որոնց թիվն այժմ հարյուր հազարների է հասնում։ Քաղաքակիրթ ազգերն այսպես են փորձարկում իրենց համբերության սահմանը, որից հետո չեն նահանջում այլեւս, մինչեւ որ վաղվա երաշխիքներ չստանան:

Մեր պահանջելու եւ չնահանջելու ժամը վաղուց է հասունացել, եթե նախագահը չի դիմում ժողովրդին, ապա ժողովո՛ւրդը ստիպված կլինի դիմել նախագահին եւ ի՛նքը գիտի, թե ինչպես։ Վկան՝ սովի ահագնացող ուրվականը, գործարանների մահաշունչ լռությունը, հազարավոր որբերի անտեր հայացքը, հացի հերթերի, տրանսպորտային հրմշտոցների վայրագ լարվածությունը, մտավորականության ցամաքող երակը, սառած մայթերից սարսափող ծերունիների հառաչն ու ողբը եւ լկտի, ամբարտավան հռհռոցը սեղանիկային ապերոների…

Վաղ թե ուշ ներկա իշխանավորները կշարժվեն «Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» հայտնի ասացվածքի ոգով, դժվար չէ կռահել, թե նրանք ուր կարող են հեռանալ։

Ու թե ապավինեն մեր ներողամիտ կեցվածքին, ապա հավատացած եմ, հետայդու եւս ոչինչ չի փոխվելու։ Կգան նոր իշխանություններ եւ, անպատժելիությամբ համակված, կգործեն (երբեմն՝ իրենցից անկախ) նույն կերպ։ Այնպես որ ժամանակին պահանջելը, վճռելն ու կատարելը եղել ու մնում են քո մենաշնորհը, 88-ի կրակն իր մեջ անթեղած ժողովուրդ…

Դավիթ Պետրոսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives