March 28, 2024

Ատոմակայանը պետք է վերաթողարկել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

Պնդում է տեխ. գիտ. թեկնածու ԱԷԿ-ի շահագործման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

– Հայաստանի Հանրապետության վառելիքաէներգետիկ հաշվեկշռի ճնշող մեծամասնությունը հիմնված է ներմուծվող ռեսուրսների վրա: Արտաքին աղբյուներից նման կախվածությունը ոչ մի բացասական ազդեցություն չէր գործում հանրապետության արդյունաբերության, կեցաղի եւ մյուս բնագավառների վրա: Սակայն հայտնի պատճառները հանգեցրին այն բանին, որ շուրջ երկու տարի է արդեն հանրապետությունը սուր էներգետիկ չգնաժամ է ապրում: Բնակչությունը երկրորդ ձմռանն է դիմակայում առանց ջեռուցման, եւ ակնհայտ է, որ մոտակա հեռանկարում իրավիճակը չի կարող բարելավվել, քանի որ առաքված վառելիքի ստացման բոլոր երաշխիքները բացակայում են: Միջպետական պայմանագրերը, որ կնքել է մեր կառավարությունը Իրանից գազ ստանալու համար, ենթադրվում է կգործեն 7-8 տարուց: Ստեղծված իրավճակում Հայկական ԱԷԿ-ի վերաթողարկման այլընտրանք չկա:

Հայտնի է, թե ինչ պատճառներով ընդհատվեց կայանի շահագործումը, մի կողմից՝ երկրաշարժի առաջ բերած տարակուսանքն ու վախը, մյուս կողմից՝ քաղաքական վիճակը…

– Ի՞նչ նկատի ունեք:

– Ես հակված եմ կարծելու, որ ատոմակայանը կանգնեցնելը ժողովրդի տրամադրությունները շահարկելով քաղաքական վարկ ձեռք բերելու միջոցներից մեկն էր։

– Բայց ատոմակայանի աշխատանքի դադարեցումը կատարվում էր անվտանգության շատ կարեւոր նկատառումներով։ Կարո՞ղ եք պնդել, որ հակառակ դեպքում բացառվում էր, ասենք, Չեռնոբիլի կրկնությունը Հայաստանում։

– Հայկական ատոմակայանը էականորեն տարբերվում է չեռնոբիլյանից. միանգամայն տարբեր տիպի ռեակտորներ են, եւ մեր ռեակտորները տարբերվում են խիստ շահեկանորեն։ Կարելի է թվել առավելությունները. լայն հնարավորություններ թույլատրելի սահմանափակումների նկատմամբ, բարձր կայունություն, այս մոդիֆիկացիայի ռեակտորներն ինքնակարգավորվող են, լավ են «թամբված» եւ «ներողամիտ» են անձնակազմի թույլ տված սխալների նկատմամբ։

Էական առավելություն է այն, որ չեռնոբիլյան ռեակտորի ջերմաստիճանային ռեակտիվության գործակիցը դրական էր, մերը՝ բացասական։ Սա ի՞նչ է նշանակում. եթե ինչ-ինչ պատճառներով ռեակտորը դուրս է գալիս կայուն վիճակից, դրական ռեակտիվության պատճառով այն շատ արագ կարող է մոտենալ վթարայնության շեմին, իսկ մեզ մոտ նման դեպքում բացասական գործակցի շնորհիվ ռեակտորը ետ է բերվում իր նախկին կայուն վիճակին։ Չեմ ուզում խորանալ տեխնիկական մանրամասների մեջ, բայց անվտանգության առումով համեմատության եզր անգամ չկա։

– Ուրախալի է լսել, բայց համոզվա՞ծ եք, որ եթե երկրաշարժի էպիկենտրոնն ավելի մոտ լիներ կայանին, աղետի առջեւ չէինք կանգնի։

– Ես ինքս սեյսմոլոգիայի մասնագետ չեմ, բայց ինձ թույլ կտամ վկայակոչել մասնագետների կարծիքը։ Զրուցել եմ «Ատոմէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակիցների հետ, որոնք բազմաթիվ ատոմակայանների տեղանք են հետազոտել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում, ՀՀ ընդերքի օգտագործման վարչության պետ պրն Ա. Կարապետյանի հետ, որոնք հաստատում եւ համոզում են՝ Հայկական ատոմակայանն իր տեղադրությամբ գտնվում է ամենաբարվոք վիճակում։ ԱԷԿ-ի հիմքը ընդերքում բազալտի 400մ հաստությամբ շերտ է, գրունտային ջրերը շատ խորքում են գտնվում, եւ սա կայանի համար հուսալի պատնեշ է ստեղծում։ Բացի այդ, կայանում սեյսմիկ պաշտպանության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, օրինակ, ռեակտորները, շոգեգեներատորը, շրջանառու պոմպերը, գլխավոր փականները կապված են ճապոնական հիդրոամորտիզատորներով, որոնք սովորական աշխատանքի ժամանակ թույլ են տալիս ջերմաստիճանային ընդարձակումներ, բայց երկրաշարժի ժամանակ կտրուկ ցնցումներն իրենց վրա են վերցնում եւ մարում։ Նախ պետք է կայանը բերել նախագծային վիճակի, իսկ հետո, բարելավման միջոցառումների շնորհիվ, անվտանգության մակարդակը մեկ աստիճանով բարձրացնել, ինչը եւ տեխնիկապես, եւ գիտականորեն հիմնավորված է ու հնարավոր։

– Ժամանակին խոսվում էր այն մասին, որ կայանի ջրերի արտահոսքից թունավորվում են Արարատյան դաշտի գրունտային ջրերը։

– Միանգամայն անհիմն կարծիք է։ Կայանի ջերմատարը եւ դանդաղեցուցիչը իրոք ջուրն է, բայց որեւէ արտահոսք չի կարող լինել, որովհետեւ ջուրը գործում է փակ շրջանառության համակարգով։ Նորմերը պահպանելու դեպքում ատոմակայանը էկոլոգիապես անհամեմատ ավելի մաքուր է, քան ցանկացած ջերմաէլեկտրակայան։

Ատոմակայանների մասին խոսելիս միշտ խոսում են հնարավոր աղետի մասին, այնինչ այս սերնդի ռեակտորներում երբեք ոչ մի ողբերգական աղետ չի եղել։ Միակ վթարը եղել է ամերիկյան Թրիմայլ-Այլենդ նմանատիպ ատոմակայանում, օպերատորի սխալի պատճառով, եւ տուժել են աշխատակիցներից երկուսը (բավական բարձր ճառագայթում են ստացել), բայց այս դեպքում նույնպես շրջակա բնակչությանը ոչինչ չի սպառնացել։

– Իսկ պատերազմի դեպքում կայանը չի՞ դառնա արդյոք վառոդի պահեստ, որը կարող է հօդս ցնդել մի կայծից։

– Միջազգային նորմերով նույնիսկ սովորական հրազենով ատոմակայանի վրա կրակ արձակելը որակվում է միջուկային հարձակում։ Այնպես որ հազիվ թե որեւէ երկիր համարձակվի նման քայլի դիմել։ Անշուշտ պետք է նախատեսել ու կազմակերպել եւ հակաօդային, եւ շրջակա պաշտպանությունը։ Բայց կարծում եմ, որ իրական վտանգ չկա, եւ հորինովի վտանգի վախը թելադրում են նրանք, ում ձեռնտու չէ Հայաստանը տեսնել որպես էներգետիկ անկախ բազա ունեցող պետություն։ Այն վիթխարի օգուտի մասին, որ կտա ատոմակայանի վերաթողարկումը, եւ այն համեմատաբար չնչին ծախսերի մասին, որ անհրաժեշտ են դրա համար, շատ է խոսվել։ Ասենք, որ մեկ բլոկի վերաթողարկման համար կպահանջվի 25 մլն դոլար, երբ նման կայանի կառուցումն արժե 2 մլրդ դոլար։

Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է վստահորեն ասել, որ Հայկական ԱԷԿ-ի վերաթողարկումը վերանորոգման եւ ռիսկի աստիճանի ճշգրիտ գնահատումից հետո բոլոր տեսանկյուններով ձեռնտու է ու նպատակահարմար, իսկ հետագայում, երբ տնտեսապես բարելավված կլինի հանրապետության վիճակը, կարելի է կառուցել գերարդիական նոր ատոմակայան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives