July 27, 2024

Իթթիհատականները

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 13 փետրվարի, 1920թ. թիվ 33

Քաղաքական մթնոլորտն Ադրբեջանում կարելի է ասել, ծայր աստիճան լարվել է։ Իրար դեմ պայքարի են ելած երեք անհաշտ, իրար հակասող, հակամարտ ուժեր։

Խան ու բեկական կուսակցություն Մուսավաթը, որ մինչև այժմ բացարձակապես իշխող էր Ադրբեջանում և թաթար տգետ ժողովրդի բախտը դարբնողը, աստիճանաբար կորցնում է իր ոտերի տակից այն հողը, որի վրա կանգնած էր, զրկվում այն ռեալ ուժից, որից օգտվում էր իր թունալից ծրագրերն իրագործելու։

Իթթիհատը, հազարավոր հայերի դիակների պատասխանատու տաճիկ փաշաների և բեյերի կուսակցությունը, որ այժմ կայուն է դարձրել Ադրբեջանի հանրապետությունը՝ Բաքուն, չէր կարող հանդուրժել Մուսավաթի գերիշխանությունը։ Իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով Իթթիհատը 1500 հոգուց բաղկացած մի համագումար հրավիրեց Բաքվում, Մուսավաթի համագումարից անմիջապես հետո։ Այս համագումարից դոկտ. Կարաբեյլու կուսակցությունն արբեցած իր հաջողությամբ, նիզակներ է ճոճում Մուսավաթի դեմ, նույնիսկ հիշեցնում Ուսուբբեկովի կառավարության Նիկոլայ Բ-ի ողբերգական վախճանը։

Մուսավաթը հանդես է գալիս որպես Ադրբեջանի հանրապետության անձեռնմխելիության պաշտպան և հակառակորդ բոլշևիկյան շարժման, իսկ Իթթիհատը բոլշևիկյան շարժման կողմնակից։ Իթթիհատը գտնում է, որ մուսուլման աշխարհի փրկությունը և Տաճկաստանի մինչև պատերազմն ունեցած հողերի անձեռնմխելիությունը կախված է բոլշևիկյան շարժումների հաջողությունից։ Չէ՞ որ Լենին-Տրոցկին հայտարարել են իրենց միլիոնավոր մուսուլմանության պաշտպաններ՝ ընդդեմ անգլիական իմպերիալիզմի։ Եվ պայքարը այդ երկու հոսանքների մեջ քանի գնում՝ սուր կերպարանք է ստանում։

Իթթիհատի ներկայացուցիչները՝ Խալիլ և Նուրի փաշաները ամենասերտ հարաբերության մեջ են արդեն ականավոր բոլշևիկների հետ և իրենց նպատակներն իրագործելու համար միլիոններ են ստանում կոմունիստ կոչվածներից։

Ավելին. Իթթիհատը, ինչպես շեշտված է նրա համագումարում հանած բանաձևի մեջ, պարտավորվում է ձեռք առնել բոլոր միջոցները՝ հրավիրել մուսուլմանների համաշխարհային համաժողով։ Եվ այս բոլորը աշխարհիս կյանքը նոր ձևով կառուցողների, գլխավորապես Անգլիայի վրա ազդելու, և ավերվող ու փլվող Տաճկաստանին ոչ միայն փրկելու, այլև համամուսուլմանական մեծ պետություն ստեղծելու նպատակով, որի հետ անշուշտ միացած պետք է լինի նար Ադրբեջանը։ Այս հսկայական, ցնորամիտ ծրագիրը, իհարկե, կարող է իրականանալ՝ ներկա դեպքում միմիայն բոլշևիկների աջակցությամբ։ Պարզ է ուրեմն, թե ինչու Իթթիհատը «բոլշևիկ» է և հակառակորդ Մուսավաթի, որն առայժմ այդպիսի օդային ամրոցներ չի կառուցում։

Երրորդ ուժը, որի մասին հիշվեց, Ադրբեջանի, առավելապես Բաքվի հեղափոխական բանվորությունն է։ Մեր խոսքը չի վերաբերում այն կեղծ սոցիալիստներին, որոնք միացած իթթիհատականների հետ, պահանջում են անհապաղ պատերազմ հայտարարել Հայաստանին։

Մենք ամենևին չենք կասկածում, որ կապիտալից շահագործվող դասակարգը կատաղի հակառակորդ է թե Մուսավաթի, առավել ևս՝ Իթթիհատի։ Բանվորությունը, որ գալարվում է Բաքվում խան ու բեգական իշխանության ճանկերում և ձգտում է միանալ բոլշևիկյան Ռուսաստանի հետ, դժբախտաբար չի կարողանում ըմբռնել այդ ռեալ ուժերի բարդ և խճճված հարաբերությունը։ Նա չի տեսնում, որ իրեն հակառակորդ հայտարարելով Իթթիհատին, ձեռք է մեկնում այդ նույն Իթթիհատին և նպաստում նրա նենգ ծրագիրների իրագործման։ Բանվոր դասակարգն անշուշտ, ներկա դեպքում չունի այն հեռատեսությունը, որ հասկանա թե Իթթիհատի հաղթանակը կործանումն է նաև բանվորության ձեռք բերած ազատությունների։ Ի՞նչ վախճան կունենա այս հակամարտ ուժերի մեզ համար վտանգավոր խաղը, մենք չգիտենք։ Միայն հայ ժողովուրդը և նրա ղեկավար շրջաններն ու պատասխանատու մարմինները պետք է խորը գիտակցեն, ըմբռնեն այն կորստաբեր ցանցը, որ հյուսվում է Իթթիհատի կողմից և որի մի ծայրը թերևս սուլթանի պալատումն է, իսկ մյուս ծայրը՝ Բաքվում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives