February 27, 2021

Անդրկովկասի կոմիսարիատը

  • by Archives.am
  • 103 Years ago
  • 0

Զանգ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 5

Անդրկովկասյան առանձին կոմիտեն չէր համապատասխանում մեր երկրի տրամադրություններին: Նա ստեղծվել էր հեղափոխության առաջին շրջանում, երբ Լվովի մինիստրությունն էր պետությունը ղեկավարում, և Գուչկով-Միլյուկովյան քաղաքականությունն էր գերակշռում: Այդ քաղաքականությունը սնանկ դուրս եկավ և ջարդուփշուր եղավ հեղափոխության ալիքների հարվածից՝ բայց նրա հոգեզավակը՝ Կովկասյան առանձին կոմիտեն, մեր երկրում մնաց կանգուն ամիսներ շարունակ:

Մինչ երկիրը դեպի ձախ էր վազում, Առանձին կոմիտեն մնում էր քարացած իր տեղում: Նա չուներ ուրույն գիծ, նա երերուն էր ու տատանվող: Լինելով գերազանցապես կադետական՝ նա զուրկ էր հեղափոխական թափից, թույլ էր, հարմարվող: Նա չկարողացավ պետական ուժեղ իշխանություն ստեղծել, և Անդրկովկասը նետվեց անիշխանության գիրկը, գավառները մատնվեցին ավարառության, իսկ ավազակները մնացին անպատիժ: Այսպիսի պայմաններում՝ Առանձին կոմիտեն իր ոտի տակի հողը ամբողջովին կորցրեց ու չքացման դատապարտվեց: Նրան վերջնական հարված հասցրեց բոլշևիկյան շարժումը և նա արխիվների բաժին դարձավ:

Երկրի ղեկն անցավ Անդրկովկասի կոմիսարիատին, որը ծնվեց ներկայիս չափազանց դժվարին պայմանների մեջ: Կոմիսարիատի կազմը ճնշող մեծամասնությամբ հեղափոխական-սոցիալիստական է: Այս հանգամանքը նրան տալիս է լայն ժողովրդականություն: Բավարարված են և մեր երկրի խոշոր ազդեցությունները և ուժեղ կազմակերպությունները: Նրա հենարաններն ամուր են:

Բարդ են հերթական հարցերը: Նա պիտի փրկե Անդրկովկասն անարխիայից և հասցնե մինչև հանրապետական Ռուսաստանի Սահմանադիր Ժողովի տնօրինությունը, պիտի մեղմե պարենավորման գործի ծանրությունը, ուժեղ ու հեղափոխական իշխանություն հաստատե մեր նահանգներում ու գավառներում, կանոնավորե ճանապարհների հաղորդակցությունը, դպրոցների ազգայնացումը գլուխ բերե, հողային խնդրի լուծման նախապատրաստությունը տեսնե և, որ կարևորն է, ներդաշնակություն ստեղծե Կովկասի ազգությունների փոխհարաբերության մեջ և պաշտպանե ռազմի ճակատը թշնամու հարձակումից:

Ինչպես կկատարի կոմիսարիատը իր այս դժվարին պարտականությունը: Կանխորոշել չենք կարող: Նրա անդամներից շատերը պետական գործունեության ասպարեզում նոր մարդիկ են: Սակայն նրանցից յուրաքանչյուրի հետևում կանգնած է մի ուժեղ կուսակցություն Հ.Յ. Դաշնակցություն, սոց.-հեղափոխականների և սոց.-դեմոկրատների գործակցությունը հաջողության գրավական է, և այդ հանգամանքը հույս է ներշնչում: Ցանկանանք լիակատար հաջողություն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives