March 29, 2024

Ղարաբաղում իրադրությունը հանգիստ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի

ԼՂՀ արտգործնախարարը մեկնեց բանակցությունների

Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում համեմատաբար հանգիստ է եղել: Հիմնականում պահպանելով հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, կողմերը ձեռնպահ են մնացել ռազմական լայնածավալ գործողություններից, թեև ադրբեջանական առանձին կազմավորումներ կարճատև գնդակոծության են ենթարկել հայկական պաշտպանական դիրքերը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը, հենվելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունների վրա: Ինչ վերաբերում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տարածվող այն տեղեկություններին, թե իբր ղարաբաղյան ուժերը խախտում են հրադադարը և հրետակոծում Ադրբեջանի հարավարևմտյան շրջանների բնակավայրերը, ապա ռազմական դիտորդների կարծիքով, նման տեղեկությունները հետապնդում են զուտ քաղաքական նպատակներ: Ըստ երևույթին, Ադրբեջանում կան ուժեր, որոնք շահագրգռված են հայ-ադրբեջանական ուղղակի երկկողմ շփումների խափանումով և փորձում են ամեն կերպ նսեմացնել դրանց դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ստեփանակերտի մեր թղթակիցը հաղորդում է նաև, որ այսօր Մոսկվա է մեկնելու ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, որտեղ սեպտեմբերի 8-ին նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ջալիլովի հետ: Հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն հրադադարի ժամկետների երկարաձգման և հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա պաշտպանության նախարարության տվյալներով, երեկ և նախորդ գիշեր այստեղ ռազմական լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives