December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Տուրք չտալ ադրբեջանական քարոզչական մեքենայի հնարքներին

Տուրք չտալ ադրբեջանական քարոզչական մեքենայի հնարքներին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ

ԼՂՀ Գերագույն խորհրդի մամուլի քարտուղար Գեղամ Բաղդասարյանն օգոստոսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«Վերջին ժամանակներում ադրբեջանական քարոզչական մեքենան անընդհատ շիկացնում է առանց այն էլ լարված իրադրությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դրանով իսկ հող նախապատրաստում արդարացնելու և հիմնավորելու ադրբեջանական բանակի կազմավորումների հարձակողական գործողությունները: Գրեթե առանց բացառության, ամեն անգամ, երբ ադրբեջանական բանակը պատրաստվում է մարտական գործողություններ ծավալել ռազմաճակատի այս կամ այն հատվածում, նրանց լրատվության պաշտոնական ծառայությունները սկսում են աղմկել, թե իբր նախորդ օրը ղարաբաղյան պաշտպանական ուժերի կողմից այդ հատվածները ենթարկվել են գրոհի: Եվ երբ ղարաբաղյան ջոկատները ձեռնարկում են անհրաժեշտ հակամիջոցներ, ադրբեջանական կողմը շտապում է դա ներկայացնել որպես իր հաղորդումների ապացույց: Այս նույն սցենարը կրկնվում է և այսօր:

Ի լուր միջազգային հանրության հայտարարելով ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից Ֆիզուլիի վրա իբր կատարած հարձակման մասին, ադրբեջանցիները փորձում են այդ կերպ քողարկել Հադրութի և Մարտունու ուղղությամբ իրենց բանակի լայնածավալ հարձակումները հզոր ռազմական հենակետ դարձած այդ քաղաքից: Մինչդեռ իրողությունը այն է, նշվում է հայտարարության մեջ, որ ադրբեջանական կազմավորումներին այդ երկու շրջաններում հաջողվել է, մեծաթիվ կորուստների գնով, գրավել մի շարք դիրքեր: Կորուստներ կան նաև ղարաբաղյան կողմից, հիմնականում խաղաղ բնակչության շրջանում:

Նման իրավիճակում առնվազն անարդարացի է ԼՂՀ պաշտպանության բանակին պատասխան գործողությունների մեջ մեղադրելը:

ԼՂՀ ղեկավարությունը, դիմելով ԵԱՀԽ-ին և ՄԱԿ-ին, խնդրել է միջազգային դիտորդներ ուղարկել հակամարտության գոտի, որը և կբացառեր ամեն կարգի ապատեղեկատվությունը և ճշմարիտ պատկերացում կտար իրավիճակի վերաբերյալ:

Մամուլի քարտուղարն այնուհետև կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին լինել շրջահայաց և տուրք չտալ ադրբեջանական քարոզչական մեքենայի հնարքներին, քանի որ այսօր առավել կարևոր է անկողմնակալ գնահատականների դերը»:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives