December 7, 2024

Տագնապ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Երկու օր առաջ, օգոստոսի 9-ին, մենք ապրեցինք մեր նորագույն պատմության ամենից դրամատիկ օրերից մեկը. Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի զավթմանը հաջորդեց Արծվաշենի գրավումը ադրբեջանցի թուրքերի կողմից։ Տագնապալի ու բախտորոշ եղելություն է սա, որպես մեր հայրենիքի եւս մեկ կտորի կորուստ՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքից:

Տագնապալի ու բախտորոշ եղելություն է սա նաեւ մեր ազգային հոգեբանության համար։

Չնկատել ու, առավել եւս, հաշտվել սրա հետ, կնշանակի ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել հետագա անխուսափելի համարվող կորուստների։

Բայց կա՞ արդյոք կատարվածի բախտորոշ լինելու գիտակցումը: Ակամա վերհիշում ես Շահումյանի անկումը, որի ամբողջ ողբերգականությունը ազգովին վերապրելու համար մի ամբողջ շաբաթ պահանջվեց՝ մինչեւ եղեռնապուրծ թշվառները հասան Երեւան, իսկ  միջազգային հանրությունն այդպես էլ անհաղորդ մնաց, չիմացավ, չգիտակցեց կատարվածի ահավորությունը։

Տագնապ չհնչեց երեկ։ Կատարվածի արտակարգ լինելու գիտակցումը չկա նաեւ այսօր։ Իսկ վաղն այդ մասին խոսելը պարզապես ավելորդ ցավ պետք է պատճառի միայն:

Պատերազմը վաղուց է թակել մեր դուռը։ Պատերազմը մտել է մեր տունը։ Բայց մի՛ զարմացեք, որ մեր զինապարտները խուսափում են զինվորական ծառայությունից նույնիսկ ապահով թիկունքում։ Որովհետեւ չկա, չի ստեղծված պահի տագնապալի ու բախտորոշ լինելու զանգվածային գիտակցություն։

Ի դեպ, երբ այս կիրակի ռադիոյով առաջին անգամ հաղորդվեց Արծվաշենի անկման լուրը, դրան հաջորդեց սովորական ծրագիրը, մանկական մի զվարճալի հաղորդում, հետո՝ ջազային թեթեւ (այդ պահի համար թեթեւսոլիկ) երաժշտություն…

Մենք, արդեն ապրել ենք պատմական մի այդպիսի պահ.

Երբ եկան ասին «Պատերազմ» –
Չդողաց անգամ ծայրը… բեղի։
Չլսեց: Չզգաց։ Չիմացավ։
Թվաց թե – հարսանիք է մի։
Ու պիտի հորդե այնտեղ ­–
Անհաշիվ… կարմիր… գինի…

Եվ հայտնի է, թե ինչով վերջացավ՝ ժողովրդի խաչելությամբ: Իսկ խանութպան համոները երեկ էլ, այսօր էլ խանութները բացեցին, սեղանիկների հետեւում դիրքավորվեցին այստեղ՝ Երեւանում…

Հ.Տեր–Գեւորգյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives