December 7, 2024

Վկայում են Շահումյանում վիրավորված ազատամարտիկները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Մեզ խոստացան, բայց չօգնեցին»

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Մարաշի օրթոպեդիկ հիվանդանոցում են բուժվում Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի պաշտպանության երեք ազատամարտիկները Վիգեն Ազարյանը, Արարատ Կիրակոսյանը եւ Գառնիկ Կարապետյանը։ Արարատը վիրավորվել էր աջ ձեռքից, Գառնիկը՝ թիկունքից, իսկ Վիգենը՝ ձախ ոտքից:

Երբ Գառնիկին խնդրեցի ներկայանալ, դժկամությամբ ասաց.

– Ես առաջին անգամ էի մասնակցում մարտի։ Ես ինչ, հիմա կգա Արարատը, չորս տարի է այդ գործով է զբաղված։ Մասնակցել է Վերիշենի, Ղազանչիի, Ոսկեպարի պաշտպանական մարտերին։ Նա մեծ փորձ ունի։ Այդ օրն էլ թշնամու մի տանկ խփեց, հետո վիրավորվեց։

Եկավ Արարատը, փորձեց վերհիշել եղածը եւ ընկերոջ օգնությամբ պատմեց.

– Հունիսի 13-ի լուսադեմին, ժամը 4–30-ին մենք գտնվում էինք պոստում։ Ունեինք ընդամենը մեկ ԲՄՊ։ Հակառակորդը լավ զինված էր եւ նշանառության տակ էր առել մեր տեղամասը։ Մեկ միավոր զենք՝ ադրբեջանական բանակի կուտակված հսկա ուժերի դիմաց։ Շուրջ 30 մարդուց բաղկացած մեր (Ալավերդու) ջոկատը 4 ժամ պայքարեց թշնամու դեմ, որի թիվն անցնում Էր 600-ից։

– Մի քանի օր շարունակ մեր աչքի առաջ կատարվում էին ադրբեջանական կողմի զինուժի մեծ կուտակումներ։ Մենք ողջ գիշեր լուր էինք հաղորդում հայտնում, թե ինչպիսի տեխնիկա է հավաքվում հակառակ կողմում։ Մեզ պատասխանեցին, որ հարձակում լինելու դեպքում կօգնեն։

Ավելին, կապավոր տղաները ռացիայով «ընկել» Էին ադրբեջանցիների խոսակցության մեջ, եւ որոշակի գիտեինք նրանց հարձակման պլանի մասին։ Լուսադեմին հանկարծակի նկատեցինք, որ հակառակորդը պատրաստ է հարձակման, գտնվում է մեզանից ընդամենը 300մ հեռավորության վրա։

Հակառակորդի առաջին տանկը բարձրացավ ձախ թիկունքից, առաջ եկավ, հետեւից՝ եւս երկուսը, իսկ նրանց հետեւից՝ 2 ԲՄՊ եւ 4 ԲՏՌ, որից հետո՝ հետեւակը։ Սկսվեց մարտը։ Օգնություն չստանալով՝ ընկանք շրջափակման մեջ։ Նրանց թիկունքում կռվին մասնակցում էին նաեւ կարմիր բերետավորները։ Երկու կողմից մեզ շրջապատեցին։

Ուժերի անհավասարության եւ հակատանկային տեխնիկայի բացակայության պատճառով հայտնվեցինք անելանելի վինակում։ Շուրջ 4 ժամ դիմադրելուց հետո ստիպված էինք կամաց-կամաց նահանջել, մտանք անտառ եւ այնտեղով հասանք Վերիշեն գյուղը։ Ջոկատը մնաց Վերիշենում։ Վիրավորներին ուղարկեցին Շահումյան, որտեղ ստացանք առաջին բուժօգնությունը, հետո տարան Գյուլիստան, ապա ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան։

Մինչեւ կողքի պալատ մտնելը ինձ ասացին, որ Վիգեն Ազարյանին կեսօրին մեքենայով ինչ-որ տեղ են տարել։ Նոր է վերադարձել, հոգնած է։ Պարզվեց, որ Վիգենը Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող է: Ցերեկը նրան տարել են մասնակցելու պետական վերջին քննությանը։

– Եթե երեք «Կրակադիլ» տիպի ուղղաթիռ տային, մենք մինչև վերջ կկռվեինք։ Ինչքան կարողացանք` պայքարեցինք։ Մեզ հետ կռվում էր նաեւ Մհերը։ Կեցցե Մհերը («Մունետիկի»), պինդ տղա է։ Մարտին մասնակցում էր նաեւ Ռաֆիկ Ղազինյանը։ Ես վիրավորվեցի վիրավոր ընկերոջս դուրս բերելիս։ Տանկից արձակված ռումբի բեկորը մտավ ոտքս։

Ֆիդայական կռվի ժամանակ բոլոր նվիրյալները զոհվում են… Անհրաժեշտ է պետական աջակցություն, որը հաճախ չի լինում կամ շատ է ուշանում։

– Ի՞նչ եք որոշել անել կազդուրվելուց հետո։

Պատասխանը մեկն էր.

– Վերադառնալ մարտական ընկերների մոտ։

Նվարդ Մուրադյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives