November 14, 2024

Պետք է գործի դնել դիտորդների մեխանիզմը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176)

Ասում է Ղազախստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 1-ից Հայաստանում է գտնվում Ղազախստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Հասան Կոժակովը: Երեկ, ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունից հետո մեր թղթակիցը խնդրեց պրն. Կոժակովին մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

— Պրն. Կոժակով, այսօր Ձեզ, ինչպես նաև մեզ՝ լրագրողներիս, բաժանվեցին այն բոլոր խախտումների փաստերը, որոնք արձանագրվել են 1992թ. սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը ընկած ժամանակահատվածում և վերաբերում են Ադրբեջանի կողմից ստորագրված Ալմա-Աթայի հուշագրի կետերին:

— Նախ մենք՝ Ղազախստանի նախագահ Նազարբաևի անձնական ներկայացուցիչներս, չունենք դիտորդի կարգավիճակ, միայն միջնորդներ ենք և կապող օղակի դեր ենք կատարում երկու կողմերի միջև, որպեսզի մեր նախագահին տեղեկացնենք կողմերի դիրքորոշումները, օգտակար լինենք երկու կողմերի համար ընդունելի որոշումների ստեղծմանը և տանք մեր երաշխավորագրերը՝ առանց գնահատելու, թե ով է ճիշտ կամ սխալ: Դժվար է լինել մի կողմում, ասել, թե հենց այդ կողմն է ճիշտ: Հատկապես, երբ հարցը վերաբերում է այդ խախտումների մեկնաբանությանը:

Մենք ամեն օր հայկական կողմից ստանում ենք սպառիչ լրատվություն, բայց դրա գնահատականը ես չեմ կարող տալ, քանի որ ինքս սահմանում չեմ եղել և չեմ տեսել: Չեմ ուզում ասել, թե չեմ հավատում հայկական կողմի ներկայացրած փաստերին: Պարզապես դա պետք է անեն անկախ դիտորդները, որոնք պետք է լինեն բուն կոնֆլիկտի շրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանագծում: Դա կլինի անկախ գնահատական՝ տրված խառը դիտորդների խմբի կողմից: Այդ դեպքում երկու կողմերն էլ կգրանցեն և կներկայացնեն այդ խախտումները:

— Իսկ Ձեր կարծիքով հայկական կողմի՝ դիտորդներ ուղարկելու դիմումն ինչպես կընդունվի ԱՊՀ երկրների կողմից: Դա կկատարվի՞ կամ կա՞ նման հնարավորություն:

— Նախ, հայկական կողմի իրավունքն է՝ դիմել համաշխարհային հասարակությանն ու ԱՊՀ երկրներին: Երկրորդ, թե՛  ԵԱՀԽ-ը, և թե՛ մյուսները չեն հրաժարվում դիտորդներ ուղարկել: Այլ հարց է, որ ԵԱՀԽ-ն ունի գործողությունների մեխանիզմ, որն ինչ-որ տեղ դանդաղ է գործում և Հայաստանն ընդամենը ցանկանում է արագացնել այդ ընթացքը, որպեսզի չտապալի Ալմա-Աթայի հուշագրի ր Իջևանյան արձանագրության կատարումը:

Կան դիտորդներ ուղարկելու մի քանի գործոններ. 1) ֆինանսական, 2) դիտորդները պետք է ժամանեն միայն երկու կողմերի համաձայնությունից հետո, 3) նրանք պետք է ունենան տարբերիչ նշաններ, դիտակայման կետեր, որոնց մասին պետք է տեղյակ լինեն երկու կողմերը: Այնպես որ, այնքան էլ հեշտ չէ միանգամից դիտորդներ ուղարկել և հարցը լուծված համարել:

— Իջևանի արձանագրության մեջ նշված է, որ մինչև սեպտեմբերի 15-ը կողմերը նորից պետք է հանդիպեն Ալմա-Աթայում: Ի՞նչ եք նախատեսում քննարկել:

— Երևի թե ընդհանուր կացությունը, երկու հանրապետությունների սահմանագծում տիրող իրավիճակը: Պետք է ուղիներ փնտրել, որպեսզի կողմերը դադարեցնեն գործողությունների զարգացումը և արձանագրեն, որ նախկինում ընդունված որոշումները պետք է ամենայն լրջությամբ պահպանեն: Ալմա-Աթան կլսի կողմերի կարծիքները և կտա իր երաշխավորագրերը: Բացի դրանից, այդ աշխատանքային խումբը կորոշի նաև երեք նախագահների՝ Տեր-Պետրոսյանի, Նազարբաևի և Էլչիբեյի՝ բարձր մակարդակի հանդիպման անցկացման օրը:

— Դուք անշուշտ ամենօրյա կապի մեջ եք Ադրբեջանում գտնվող ձեր գործընկերոջ՝ Ղազախստանի լիազոր ներկայացուցիչ պրն. Կասիմովի հետ: Ինչպիսի՞ լրատվություն եք փոխանակում, և ինչպե՞ս է Ադրբեջանը վերաբերվում մեր ներկայացրած խախտումների փաստերին:

— Այն, ինչ ես այստեղ ստանում եմ, փոխանցում եմ իմ գործընկերոջը, բայց նա էլ հաղորդում է, որ այդ փաստերը կրում են պատասխան բնույթ:

— Այսինքն, հայկական կո՞ղմն էլ է խախտումներ թույլ տալիս:

— Սկզբնական շրջանում նման ընդհանուր բնույթի փաստեր հաղորդում էր, բայց այժմ՝ ոչ: Մենք քննարկում ենք կողմերի դիրքորոշումները, մտածում, թե ինչպես համակարգենք մեր աշխատանքները, կարողանանք ապահովել երկու կողմերի հանդիպումները, հսկենք Իջևանի արձանագրության կատարումը, գյուղատնտեսական աշխատանքների վերահսկումը, երկաթուղու ապաշրջափակումը, Նախիջևանին էլեկտրաէներգիայի մատակարարումը, պատանդների ու գերիների փոխանակումը:

— Արդեն մեկ շաբաթ է գտնվում եք Հայաստանում: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ մեխանիզմներ են հարկավոր:

— Անշուշտ պետք է դիտորդների մեխանիզմ, միգուցե խառը կազմով:

— Ձեր կարծիքով, Ադրբեջանը որքանո՞վ է լուրջ մոտենում Ղազախստանի միջնորդությանը:

— Ըստ Ադրբեջանի հայտարարության և մեր ներկայացուցչի հաղորդման, Ադրբեջանը շահագրգռված է Ղազախստանի միջնորդությամբ, այլապես նրանք չէին համաձայնի մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը և նախապատրաստել բարձր մակարդակի հանդիպում: Իսկ թե ի՞նչ դիրքորոշում կլինի այնտեղ, ես այժմ չեմ կարող ասել:

Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives