May 13, 2024

Արցախը դեմ է «Արցախ»-ի փակմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

«Արցախ» ստուդիայի փակումը նոր կրքեր բորբոքեց։ Այն հայկական հեռուստատեսության միակ ծրագիրն էր, որ կարողանում էր Արցախից ամբողջական լրատվություն ապահովել: Եվ, բնականաբար, փակման լուրը տարակուսանք ու անհանգստություն առաջ բերեց նաեւ ԼՂՀ-ում…

ՀՀ նախագահի պետական խորհրդական պրն Աշոտ Մանուչարյանին

Պարոն խորհրդական,

ԼՂՀ-ի համար այս ճակատագրական օրերին երիցս կարեւորվում է լրատվության հարցը։ Թե ինչպիսին է մեզ մոտ վիճակն այդ բնագավառում, Դուք տեղյակ եք. լույս չի տեսնում հանրապետական թերթը, դադարեցված է ռադիո եւ հեռուստատեսության պետական կոմիտեի գործունեությունը։ Միով բանիվ՝ Արցախի ու դրսի աշխարհի լրատվական կապն անմխիթար վիճակում է։

Դրությունն ինչ-որ չափով փրկում էր ՀՀ հեռուստատեսությանն առընթեր ստեղծված «Արցախ» ստուդիան, որին մեր հեռուստատեսության եւ ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի աշխատակիցները պարբերաբար հեռուստանյութեր էին մատակարարում։ Դրանք ամեն շաբաթ սահմանված ժամերի եթեր էին տրվում Հայաստանի հեռուստատեսությամբ եւ ունեին իրենց մշտական լսարանը, հազարավոր հեռուստադիտողներ անհամբերությամբ էին սպասում՝ դիտելու Արցախից ստացված ռեպորտաժները։ Բացի այդ ստուդիայի աշխատակիցները պարբերաբար հաղորդումներ էին պատրաստում ամենաթեժ կետերից։

Սակայն օրերս տեղեկացանք, որ մեզ անհայտ պատճառներով փակվել է «Արցախ» ստուդիան, եւ ԼՂՀ-ից ստացվող տեղեկատվությունները, որոնք արդեն պետական մակարդակի վրա էին դրվել, վերստին հայտնվել են նախկին անկանոն վիճակում։

Խնդրում եմ խորամուխ լինել կատարվածի մեջ եւ պարզել վիճակը։ Կրկնում եմ՝ այսօր մեզ համար դա չափազանց կարեւոր է։ Մենք ձեռնամուխ ենք եղել Արցախի հեռուստատեսության վերսկսման գործին, սակայն դրա համար որոշակի ժամանակ է պետք։ Իսկ մինչ այդ անպայման պիտի վերականգնվի «Արցախ» ստուդիայի գործունեությունը, դա բխում է համայն հայոց ազգի շահերից։ Հուսով եմ, որ Ձեր հնարավորություններն ու անձնական հեղինակությունը կներդնեք կատարված սխալը շտկելու համար։

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյան
20 մայիսի, Ստեփանակերտ

Մոտավորապես նույն բովանդակությամբ մի նամակով էլ Հեռուստավարչության պետ Ս. Գեւորգյանին է դիմել ԼՂՀ ԳԽ գիտության, մշակույթի, կրթության եւ մամուլի մշտական հանձնաժողովի նախագահ Համլետ Գրիգորյանը: Շեշտելով Արցախի հեռուստատեսության հարկադրական լռության պայմաններում նման համագործակցության դերը Հ. Գրիգորյանը Ս. Գեւորգյանին է դիմել հարցով. «Ո՞ւմ եւ ի՞նչ շահերից ելնելով եք Դուք դիմել այդ քայլին (ստուդիան փակելուն – խմբ.), եւ մի՞թե կարող է ավելի բարձր շահ լիներ քան համազգայինը»։

Ըստ երեւույթին, կարող է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները նախանձելի հետեւողականությամբ արգելափակոցներ են շարում Արցախից տրվող լրատվության ճանապարհին… ժողովրդի մեջ ավելորդ «ոգեւորություն» չբորբոքելու համար։ Այլ կերպ անհնար է բացատրել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives