December 7, 2024

«Չստացվեց…»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

Հանրապետության քաղաքական ու սոցիալ–տնտեսական իրավիճակը ծայրահեղ լարված է. փաստ, որ ինքնին ակնհայտ է։ Բայց փաստել այսօրվա իրավիճակը, առանց անդրադառնալու այն ծնող մի շարք պատճառների, նշանակում է ոչինչ չասել։ Իսկ այդ պատճառները միայն արտաքին չեն եւ միայն պատերազմական իրավիճակով չեն պայմանավորված։ Պատերազմական իրավիճակը եւ դրանով պայմանավորված շրջափակումները որպես պատրվակ շահարկելով՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են իրենցից հեռացնել հայոց պետականության չկայացման պատասխանատվությունը։

Շուրջ մեկ տարի հնչեցված ահազանգները, օբյեկտիվ վերլուծություններն ու քննադատությունները հանրապետության իշխանությունների եւ նրանց քաղաքական հովանավորների կողմից մեկնաբանվում էին որպես դժվարությունները թմբկահարելու, իրավիճակը ապակայունացնելու փորձեր: Մի՞թե պետք էր վերջնականապես կազմալուծել հանրապետության տնտեսական կյանքն ու սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, որպեսզի տեսանելի դառնար իշխանությունների որդեգրած գործելակերպի կործանարար բնույթը: Եվ այսօր, երբ ՀՀՇ վարչությունն ու ՀՀ ԳԽ ՀՀՇ պատգամավորական խմբակցությունը հայտարարում են, թե կաթվածահար են եղել գործադիր իշխանությունների համակարգն ու իրավապահ մարմինները, այնպիսի տպավորթություն է ստեղծվում, ասես հանրապետության կառավարման ձեւն ու կադրային քաղաքականության լծակները գտնվել են ոչ թե իրենց, այլ ինդդիմության ձեռքին:

Այն, ինչը ե՛ւ իշխանությունները, իշխող քաղաքական կազմակերպությունը, ե՛ւ ընդդիմությունը անվանում են ճգնաշամային իրավիճակ՝ ընդամենը հետեւանք է: Եվ առաջին հերթին՝ քաղաքական հետեւանք: Զարմանալ կարելի է, որ նրանք, ովքեր ձեռքի տակ իշխանական լծակներ ունեին, ովքեր անվերապահորեն ընդունում էին իրենց մտավոր ու կազմակերպչական կարողությունները եւ այդ մտայնությամբ իրենցից վանում կարող մասնագետներին ու մտավորականությանը, ովքեր հակված էին գործող կառավարչական լծակների քանդման սեւեռուն մտքին, այսօր հանկարծ զարմացած ու զայրացած հայտարարում են, թե չստացվեց…»՞

Չէր էլ ստացվելու, որովհետեւ միայն խանդավառությամբ ոչ տնտեսություն են կառուցում, ոչ էլ քաղաքականություն վարում։ Մի ողջ ազգ ու մի ողջ հանրապետություն փորձադաշտ սարքելով, գործող պաշտոնները «տնտղելու»» հավակնությամբ՝ այդ ո՞վ եւ ե՞րբ է կարողացել պետականություն ստեղծել։ Մի՞թե պարզ չէ, որ «թափով» ու «խրոխտ» կեցվածքով արված սեփականաշնորհումը, ապապետականացումը եւ ինքնակառավարման կեղծ ժողովրդավարական կարգախոսները ի վերջո անվերահսկելի դաշտ են ստեղծելու բոլոր նրանց համար, ովքեր այս խառնաշփոթին հակադրելու էին իրենց փորձված մաֆիոզ կառույցները։

Հայոց համազգային շարժումը իր հնարավորությունները փորձելու նոր լծակներ է պահանջում հանրապետության նախագահից։ Ինչ խոսք, դժվարին այս օրերին ամեն մի քաղաքական կազմակերպություն պարտավոր է կանգնել իշխանությունների կողքին եւ իր բաժնի չափով նպաստել վիճակի շտկման իրոք համազգային խնդրին: Բայց օգնելն այլ է, այլ է, երբ կազմակերպությունը փորձում է շրջանցել օրենքն ու օրինականությունը եւ հանրապետության նախագահին ակնարկում հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտների կառավարման լծակները։ Կարծես մինչեւ այսօր այդ լծակները ուրիշների ձեռքում են եղել։ Կարծես կառավարման նախագահական համակարգի ստեղծման առաջարկներով հենց ՀՀՇ-ն չէր հանդես գալիս։ Ի վերջո, չմոռանանք, հանրապետության պարոն նախագահը, որին հանրապետության խորհրդարանը տվեց նաեւ լրացուցիչ լիազորություններ, բազմիցս հայտարարել է, որ ինքը եղել է եւ մնում է հհշական։

Ուրիշ էլ ի՞նչ լծակներ են պետք ՀՀՇ վարչությանն ու ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորական խմբակցությանը, որպեսզի նրանք կարողանան իրագործել հանրապետության կյանքի կարգավորման իրենց մտահղացումները։ Իշխանությունների այդ ո՞ր հիմնական լծակն է, որ չի վերահսկվում ՀՀՇ-ի կողմից։ Պարզապես փորձեր են արվում կազմակերպությունը հեղինակազրկումից փրկել եւ անօրինությունների ու թողտվության պատճառները ինչ– որ մեկի վրա բարդել։ Ուշ չէ՞, արդյոք։ Առավել եւս, որ ՀՀՇ վարչության եւ պատգամավորական խմբակցության հայտարարությունը ոչ «շինիչ» առաջարկներ է պարունակում, ոչ էլ ինքնաքննադատական է։ Նման հայտարարությամբ նրանք հանդես եկան Շարժման սկզբին՝ խոստանալով անհաշտ պայքար մղել մաֆիայի, անօրինականությունների ու անարդարությունների դեմ։ Շարժման սկզբին նման հայտարարությունը համայնավարի դեմ պայքարով էր պայմանավորված, եւ այդքանով էլ հասկանալի էր. իշխանության հարց էր։ Հիմա ո՞ւմ դեմ են նման հայտարարությունները, եւ ի՞նչ հարցեր կան, որոնց «անգետ մասսան» տեղյակ չէ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives