December 6, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Շուշու կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի զեկուցումը Ամենայն Հայոց կաթողիկոսին

Շուշու կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի զեկուցումը Ամենայն Հայոց կաթողիկոսին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Շուշու կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի զեկուցումը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշու կոտորածի, կողոպուտի, կանանց գերեվարության, Վահան եպիսկոպոսի ու այլ հոգևորականների ու մտավորականների սպանության, հոգևոր կառավարիչ նշանակելու մասին

15 մայիսի 1920 թ.

Հադրութ

Նորին սրբության

Ամենայն հայոց վեհափառ կաթողիկոս և մեծարյալ հայրապետ Տ.Տ.Գևորգ Ե.-ին Ամենախոնարհ զեկուցումն

Որդիական պարտականություն ենք համարում ամենախոնարհաբար հայտնել Ձերդ վեհափառությանը, որ տարվույս մարտի 10/23-ին Շուշում սկսած կռիվները խաչ դրին քաղաքի հայկական թաղի վրա: Այրվեց հայոց ամբողջ քաղաքամասը. 12-13 հազար հայության 6 հազար հոգին փախան գյուղերը, 4 հազար հոգին, մեծ մասը տղամարդ, սրի քաշվեցան, գնդակահարվեցան ու հրկիզվեցան և մոտ 3 հազար հոգի մնացին քաղաքում, գերի թուրքերի ձեռքին, որոնց մի մասը 400 հոգի երիտասարդ ուժեր տներում և բանտում սրածվեցան, 700 հոգի կին ու երեխա, ծեր ու պառավ, արձակվեցան և հասան գյուղերը, իսկ մնացածը, սիրուն կանանց ու աղջկերանց հետ, գտնվում են թուրքերի տներում, նահանգապետ Սուլթանովի մոտ և բանտում: Մոտ 400 գեղեցկուհիներից կազմված 4 առանձին կանանոց, որտեղից բաժին են հանում սպաներին ու ասկյարներին: Քաղաքից մերկ ու դատարկ ազատված ժողովուրդը ցրված է Վարանդայի և Դիզակի գյուղերում, որի մի մասն ապաստան է գտել բարեկամների ու ազգականների տներում, մի շատ չնչին՝ վաճառական մասն ապրում է իր ազատած փողով և մեծ մասը թե՛ նպաստ է ստանում կառավարությունից և թե՛ մուրացկանություն անում:

Վահան եպիսկոպոսը սպանվեց առաջնորդարանում, չկամենալով դուրս գալ: Առաջնորդարանդ, թեմ. դպրոցը, եկեղեցիները թալանված են, ապա այրված: Կռիվը սկսվելով առավոտվա ժամը 5-ին հնարավորություն չի եղել կոնսիստորիայից ոչ մի դոկումենտ, ոչ մի գործ ու գանձ ազատել, նույնպես և եկեղեցիներից: Վահան եպիսկոպոսի սպանության մասին մեզանից հետո դուրս եկած հայ ոստիկանապետ Ավետիք Տեր-Ղուկասյանը պատմում է, որ նույն օրը երեկոյան ժամը 10-ին ինքը կարողացել է մտնել սրբազանի մոտ և հայտնել, թե այլևս հնար չկա մնալու, պետք է կամ փախչել, կամ մի կերպ ընկնել Սուլթանովի մոտ: Սրբազանը պատասխանել է, թե առաջնորդարան և կոնսիստորիա չեմ թողնիլ և դուրս գալ. և վստահ, որ թուրքերն իրան ձեռք չեն տալ համառում է ու նստում. կես ժամ չանցած, ասում է. հանկարծ լսվեցան ոտնաձայներ. ես երկյուղից անցա մյուս սենյակը և մի քանի րոպեից հետո լսեցի երեխաների լաց ու շիվան (այդտեղ էին կոնսիստորիայի դիվանապահն իր երեխաներով և եպիսկոպոսի որդին) : Քաշվելով փողոցի կողմի սենյակը և մտածելով, թե ինչպես անեմ, որ ազատվեմ, տեսա, որ արդեն տունը վառվել է և ծուխն ինձ բռնել է, ես նրբափողոցի լուսամուտով ինձ ձգեցի մոտիկ պարտեզը և գիշերը Քամու-ջաղացի քերծով իջա ներքև…

Կոնսիստորիայի կազմից սպանված են անդամ Խորեն ա. քահ. Իսկանդարյանը, կարգապահ Անանիա Տեր-Դանիելյանը և դիվանապահ Հովհաննես Ղալաբեկյանը: Քահանաներից սպանված է Հարություն ա. քահ. Վարդապետյանը, իսկ Գարեգին ա. քահ. Հովհաննիսյանն ազատվել է բանտից կիսամեռ դրության մեջ և միանգամայն մերկ, սպանված են թեմ. դպրոցի տեսուչ Աղ. Ծատուրյանը, ուսուցիչ Գաբրիել Ղուլիքևխայանը, հոգաբարձու Անդրեաս բեկ Տեր-Հարությունյանը, Ղուկասյան ուսումնարանի տեսուչ բժ. Նիկողայոս Յարամիշյանը և այլն:

Այսպես ահա չկա հոգևոր վարչություն և մնացել ենք մի անդամ ու մի ատենադպիր մերկ ու քաղցած դրության մեջ: Կոչված է ժամանակավոր մարմին գործերը վարելու:

Խնդրում ենք Վեհափառությանդ կարգադրությունը թեմի համար մի կառավարիչ ուղարկելու, որպեսզի հոգևոր գործերն ու գործակալությունները անիշխանության չմատնվեն:

Վեհափառ Տերությանդ ամենախոնարհ ծառայք կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանց,
ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյան

ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թթ. 16-17: Բնագիր: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives