March 29, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին Գյոկչայի գավառում ապրիլին տեղի ունեցած հայերի կոտորածի մասին

N710   24 ապրիլի 1920 թ.

Բաքու

Գյոկչայի գավառի կոտորածների մասին մի ականատես ու վստահելի անձն հետևյալն է պատմում:

Ծաղկազարդի շաբաթ օրը Իվանովկա գյուղի բնակիչներին գավառապետի ավագ օգնականը նախազգուշացրեց, որ երեք օր հայկական գյուղերը չգնան, որովհետև հայերի կոտորած է լինելու:

Ծաղկազարդի կյուրակի առավոտյան պրիստավի կարգադրությամբ ստրաժնիկները կալանավորեցին Գիրք գյուղի քահանա Աբրահամյանցին և նորա փեսա Սուլթանիքենդ գյուղի ուսուցիչ Խոսրովին և տարան թրքական Աշըղ Բայրամլի գյուղը ու այնտեղ մորթեցին: Այդ ժամանակում գյուղումն էին դատական քննիչ Աղա էֆենդի, պրիստավ Մուստաֆա բեգ Ռուստամբեգով և կազի Սուլեյման էֆենդի Դիալի գյուղի մուֆտիի եղբայրը: Սուլեյմանը հայերի կոտորածների նախաձեռնողներից մինն էր և ինքն էլ մասնակցում էր հայ ժողովուրդի կոտորածին:

Աբրահամյան քահանայի աղջիկն ու հարսը թուրքերը տարել են, որոնցից մինը այժմ գտնվում է թրքական Կալինչակ գյուղում, իսկ մյուսը Կուրդ Մաշադ:

Ավագ երկուշաբթի, թե երեքշաբթի օրը Իվանովկա գյուղում պրիստավի կարգադրությամբ ստրաժնիկները հավաքեցին այնտեղ ապաստանած բոլոր հայերին, գլխավորապես կանանց ու երեխաներին, թվով 50 հոգի, գյուղի ծայրում գտնվող մի տնակում իբր թե ապահով պահելու, սակայն ճանապարհին, գյուղի մի նեղ փողոցում, հարձակվեցին նրանց վրա և բոլորին առվի մեջ մորթոտեցին, նախապես հանելով նրանց զգեստները: Տղամարդկանց մեծամասնությունը թաքնված են անտառներում և գիշերները գալիս են գյուղ – ռուս գյուղացիներից հաց խնդրելու, որոնք հակառակ պրիստավի մահվան սպառնալիքի, այնուամենայնիվ նրանց օգնում են մեծ երկյուղով:

Կոտորածներից հետո գավառական իշխանության կարգադրությամբ մնացած բոլոր հայերին գլխավորապես կանանց և երեխաներին, հավաքել են Ուշտալ գյուղում և այնտեղ պահում են ստրաժնիկների հովանավորության ու պաշտպանության տակ: Մտադրություն է եղել դրանց ևս կոտորել, բայց երբ իմացվել է, որ կառավարական քննիչ կոմիսիա է գալիս կոտորածի մասին քննություն կատարելու, որոշել են պահել մնացած հայերին:

Ականատեսի վկայությամբ Գյոքչայի գավառի հայերի կոտորած կազմակերպելու նախաձեռնողներն են պրիստավ Ռուստամբեգով, կազի Սուլեյման էֆենդի և Կուսանջի գյուղացի Սիրաջի էֆենդի:

Անտառում ապաստանած հայերի մեջ է գտնվում նաև Վանք գյուղի քահանան: Պատմողի ասելով, իբր թե թուրքերը մի քանի անգամ հարձակումն են գործել Վանք գյուղի վրա և հետ են մղվել:

Կոտորածի են ենթարկվել Գեյոքչայի գավառի Քեշխուրդ, Թորի շեն, Գիրք և Քյալբանդ գյուղերի հայ բնակիչները, որոնց մնացորդները հավաքված են այժմ Ուշտալ հայկական գյուղում:

Հարկ ենք համարում այս մասին հայտնել Ձեզ ի տեղեկություն:

Դիվ.՝ Հարությունյան

Քարտ.

ՀՀ ՊԱ, ֆ. 278, ց. 1, գ. 32, թ. 23: Պատճեն: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives