July 27, 2024

Ներքին Հոռաթաղի ուղղությամբ կատաղի գրոհը կասեցված

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի

Մարտի 22-ի երեկոյան և լույս 23-ի գիշերը ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները երկու անգամ կատաղի գրոհ են ձեռնարկել նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից ազատագրված Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից ստացված տեղեկությունները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի երկու լայնածավալ գրոհները, որոնց մասնակցել են նաև ռազմական ուղղաթիռներ, ամբողջությամբ ետ են մղվել: Ադրբեջանական բանակի ռազմական ուղղաթիռներից մեկը խփվել է: Թշնամին ստիպված է եղել նահանջել ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կորուստներով: Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական կողմից սպանվել է մոտ երկու տասնյակ զինվոր, ինչպես նաև գումարտակի հրամանատար Վեզիրովը: Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է երեք և վիրավորվել հինգ զինվոր: Ռազմաճակատի այս հատվածում մարտերը կարճատև ընդհատումներով շարունակվում էին նաև երեկ: Երեկոյան ժամը 17-ի տվյալներով ռազմական գործողությունները շարունակվում էին:

Միաժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից տեղեկացնում են, թե երեկվա ընթացքում հայկական կազմավորումներին հաջողվել է Մարտակերտի մատույցներում գրավել ևս մեկ մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունք: Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը ԼՂՀ ռազմաճակատի մյուս հատվածներում լուրջ փոփոխություններ չի կրել: Ռազմական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել նաև Լաչինի մարդասիրական միջանցքի մատույցներում, որտեղ ԼՂՀ ուժերը շարունակում էին վստահորեն վերահսկել իրադրությունը: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives