March 28, 2024

«Սըխ կացե՛ք: Լոխ լավ կըլի»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

վստահեցնում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը

– Հայաստանում տարածված է մի կարծիք, թե ԼՂ Հանրապետությունում գոյություն ունի երկիշխանություն, եւ իշխանության երկու թեւերի միջեւ գոյություն ունեն որոշակի ընդգծված տարաձայնություններ. ի՞նչ կարող էիք ասել այդ երկու թեւերի ներկա փոխհարաբերությունների մասին։

– Մեկ տարվա ընթացքում պետություն չի ստեղծվում։ Անհրաժեշտ են տարիներ։ Մեր նորաստեղծ հանրապետության հիմնահարցերից մեկը հենց իշխանության թեւերի միջեւ իրավասությունների բաժանումն է. անհրաժեշտ է հստակեցնել իրավասությունների տարանջատման ջրբաժանը։ Պետք է որոշել՝ ով ինչով է զբաղվում։ Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր ուրվագծերով լիազորությունները հիմնականում արդեն բաժանված են։ Արտաքին գործերը՝ արտաքին քաղաքականության մշակումն ու իրականացումը, վերապահված է ԼՂՀ ԳԽ նախագահությանը, իսկ գործնական՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական հարցերի լուծումով զբաղվում է Պաշտպանության պետական կոմիտեն։ Ինչ մնում է իշխանության գործադիր եւ օրենսդիր մարմինների միջեւ առկա որոշ հակասություններին, ապա այն բնորոշ է ոչ միայն մեզ, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներին։ Այլ բան է, որ մեր դեպքում այդ հակասությունները շատ–շատ ուռճացվում են՝ դրանց անհիմն կերպով վերագրելով անձնական դրդապատճառներ։ Մեր երկիրը այնքան լավ վիճակում չէ, որ նման շռայլություն թույլ տանք։ Մեր հարաբերությունները բնական ու նորմալ են։

– Իսկ ինչպիսի՞ն են ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես ԳԽ նախագահության փոխհարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Որքանո՞վ են այդ հարաբերությունները համապատասխանում Ձեր պատկերացումներին, ինչպիսի՞ն դրանք կցանկանայիք տեսնել։

– Նախ, որքան էլ գուցե զավեշտական հնչի, այդ փոխհարաբերությունների սերտացմանը էական խոչընդոտ է մեր միջեւ «կառավարական» հեռախոսակապի գրեթե լիակատար բացակայությունը։ Այս տեխնիկական կողմը, որ լիովին հաղթահարելի է, առայժմ շատ է խանգարում։ Կարծում եմ՝ այդ փոխհարաբերությունները կարող էին ավելի լավը, ավելի իրատեսական լինել, բայց, իհարկե, չի նշանակում, թե մենք չենք համագործակցում։ Իմ այս այցն էլ հենց ապացույցն է այդ համագործակցության։ Մենք պետք է կապ պահպանենք, հանդիպենք, խոսենք, ծանոթանանք միմյանց տեսակետներին եւ փորձենք գալ ընդհանուր եզրակացության։ Այս այցի ընթացքում իմ նպատակն է ծանոթանալ Հայաստանում գտնվող փախստականների վիճակին, առավել եւս, որ նրանք պետք է վերադառնան ներկայումս ազատագրվող Մարտակերտի շրջան, ինչպես նաեւ տեղեկանալ վերջին մեկուկես ամսում Հայաստանի իշխանության կառույցներում կատարված փոփոխություններին։ Նախատեսում եմ այդ նպատակով հանդիպումներ ունենալ նոր վարչապետ Հ. Բագրատյանի (չնայած դեռ չեմ պայմանավորվել, բայց չեմ կարծում, թե դա մեծ բարդությունների հետ է կապված), ԱԳ նախարարի եւ նրա տեղակալի, պաշտպանության նախարարի եւ ԱԱՊՎ-ի նոր պետ Էդ. Սիմոնյանցի հետ։ Եթե այդ հանդիպումների ծրագիրը հաջողվի իրագործել, վերջում հանդիպում կունենամ նաեւ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ։

– Որքանո՞վ եք փոխըմբռնման եւ Ձեր պահանջներին ընդառաջելու ցանկություն նկատում ՀՀ իշխանությունների կողմից եւ ո՞ր բնագավառներում ՀՀ ԼՂՀ համագործակցության ներկա վիճակը Ձեզ չի գոհացնում։

– Գիտեք, մեր փոխհարաբերություններում իր ազդեցությունը գործում եւ որոշակի դժվարություններ է հարուցում նաեւ այն հանգամանքը, որ մեզ մոտ խորհրդարանական հանրապետություն է, իսկ Հայաստանում՝ նախագահական։ Ինչ մնում է որոշակի բնագավառներին՝ մեր համագործակցության ասպարեզները չի կարելի առանձին –առանձին դիտարկել՝ մեկը լավ, մյուսը՝ վատ գնահատելով։ Մեր համագործակցությունը այն հարցն է, որ ընդհանրության մեջ պետք է դիտվի։

– Ինձպե՞ս կգնահատեիք ԼՂՀ ներքին քաղաքական կացությունը։ Կա՞ն, արդյոք, կուսակցություններ եւ կուսակցական կյանք։

– Իմ կարծիքով, ամեն մի երկիր պետք է ունենա առնվազն մի քանի կուսակցություն, պետք է լինի բազմակուսակցական։ Եվ եթե այսօրվա վիճակով ԼՂՀ-ում դեռ այդ համակարգը չի ձեւավորվել՝ ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Առավել եւս, որ մեզ մոտ դրա նախադրյալները կան։ ԼՂ Հանրապետությունում գործում է Դաշնակցությունը։ Այս վերջին նստաշրջանը ցույց տվեց, որ կա նաեւ խորհրդարանում գործող դաշնակցական ֆրակցիա։ Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ կազմակերպվում է նաեւ երկրորդ կողմը՝ փորձում են ձեւավորել խմբակցություն, որի հետ կարելի կլինի նստել, խորհրդակցել եւ համաձայնության գալ խորհրդարանում։ Բացի այդ, կրկնում եմ, բնական ու ճիշտ եմ համարում, որ ներկայումս նկատվում է կուսակցության ձեւավորում։

– Որո՞նք են ԼՂ Հանրապետության առջեւ ծառացած ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

– Մեր կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է մեր ժողովրդի կամքով հանրապետության ստեղծումը, մեր բոլոր աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են պետականության կայացմանը։ Պետք է ստեղծվեն պետական կառուցվածքներ, ավելի հստակ ու ճիշտ աշխատեցվեն այդ կառուցվածքները՝ լինի օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, թե բանակը։Այսօրվա վիճակով մենք արտաքին աշխարհի կողմից չենք ճանաչված եւ ամեն ինչ պետք է անենք այդ պահը մոտեցնելու համար։ Բայց պետք է նշեմ, որ այս ուղղությամբ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, եւ այս հարցը իմ այցի նպատակներից մեկն է։

– Ինչպե՞ս կբնութագրեիք ԼՂՀ տնտեսության ներկա վիճակը։ Ինչպիսի՞ն է արդյունաբերության վիճակը։ Ինչպե՞ս է իրականացվում գարնանացանը։

– Իհարկե, պատերազմական վիճակում գտնվող պետության համար հաղթանակ ապահովող ամենակարեւոր գործոններից մեկը տնտեսությունն է։ Այդ առումով ասեմ, որ արդեն ամեն ինչ կարգավորվել է, եւ աշխատում են թե՛ զյուղատնտեսությունը եւ թե՛ արդյունաբերությունը, անշուշտ, սխալ կլինի, բայց պետք է նշեմ, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում գարնանացանի ընթացքի հաջող կազմակերպման համար, որպեսզի կարողանանք հնարավորության սահմաններում ինքներս ապահովել մեր պահանջմունքները։ Համենայնդեպս, աշնանացան եւս արված է, եւ ես հույս ունեմ, որ այս տարի ավելի բարձր արդյունքներ կունենանք։ Ինչ մնում է արդյունաբերությանը, այն տեղաշարժվել է մեռյալ վիճակից. արդեն կան գործարաններ, որոնք վերսկսել են աշխատանքը։ Իհարկե, այստեղ եւս ծանոթ դժվարություններն են՝ էլեկտրականության եւ վառելանյութի պակասություն կա, բայց կարեւոր է, որ աշխատում են։ Դժվարություններ կան կապված արտադրանքի տեղափոխման հետ։ Փորձում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները։ Եվ ամենեւին էլ պատահական չէ ներկայումս նկատվող հետեւյալ ուրախալի երեւույթը՝ փոխվել է բնակչության տեղաշարժի ուղղությունը։ Եթե անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակչության հոսքն ուղղված էր Ղարաբաղից Հայաստան, հիմա հակառակն է։

– Ինչպե՞ս եք նախատեսում ԼՂ Հանրապետության անցումը շուկայական հարաբերություններին։ Ըստ Ձեզ, նպատակահարմա՞ր է արդյոք հողի սեփականաշնորհումը։

– Դա շատ լուրջ հարց է։ Այսօր մենք պատերազմի մեջ ենք, մեր վիճակում գտնվող երկիրը իրավունք չունի իրեն թույլ տալ փոշիացնելով տնտեսությունը, թուլացնել ուժերը։ Այդ հարցին կանդրադառնանք պատերազմի ավարտից հետո։ Ե՛վ սեփականաշնորհումը, ե՛ւ մեր ներքին տնտեսական կյանքը այդ ժամանակ կհամապատասխանեցնենք շուկայական հարաբերություններին։

– Ի՞նչ սրությամբ է դրված փախստականների հիմնահարցը ԼՂՀ-ում, եւ ի՞նչ լուծումներ եք նախատեսում ինչպես նրանց, այնպես էլ մշտական հրետակոծությունների հետեւանքով իրենց տներից զրկված բնակիչներին ծածկով ապահովելու առումով։

– Այդ հիմնահարցերը թերեւս ամենացավոտն են մեզ համար։ Բնակարան չունեցող ընտանիքների թիվը բավական մեծ է։ Մենք ունենք այդ հարցի լուծման երկու ծրագիր։ Առաջինը՝ իհարկե, պետք է, անհապաղ ազատագրել նրանց գյուղերը։ Դրանով հիմնահարցը հիմնականում լուծած կլինենք, քանի որ անտունների մեծ մասը փախստականներն են։ Ըստ երկրորդ ծրագրի, պետք է հրետակոծություններից վնասված տների վերակառուցման համար նյութական փոխհատուցում տալ եւ տնտեսապես օգնել նրանց տերերին։ Կա նաեւ երրորդ տարբերակ, անհիմն պատճառաբանություններով ԼՂՀ-ն լքած մարդկանց տները օրենքով, կրկնում եմ, օրինական կարգով, հատկացնել բնակարան չունեցողներին։

– Իսկ ինչո՞վ եք բացատրում պատերազմական գործողությունների նոր ծավալումը։

– Դա շատ բնական է, քանի որ, ազատագրելով Մարտակերտի շրջանը, փորձում ենք պայմաններ ստեղծել եւ վնասազերծել նրա թիկունքում Քելբաջարից գործող ադրբեջանական ռազմական մեծ խմբավորմանը։ Այդ քայլին ստիպված էինք դիմել։ Եթե հիշում եք, անցյալ ամռանը Մարտակերտի շրջանի մի մասը Սարսանգի ջրամբարի հետ ազատագրեցինք, բայց հենց Քելբաջարից հարված ստացանք, նորից կորցրինք մի շարք բնակավայրեր։ Այնպես որ, պատմությունը չկրկնելու համար ստիպված եղանք դիմել այդ քայլին։

– Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ԼՂՀ-ի թիկունքում Ղարաբաղյան հարցի շուրջ Ժնեւում, Մոսկվայում, Հռոմում տարվող բազմակողմ բանակցություններին։

– Ընդհանրապես բոլոր այն բանակցությունները, որոնց չեն մասնակցում ԼՂՀ ներկայացուցիչները, հարցը չեն լուծի։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։

– Այդ դեպքում որ՞ն եք համարում հարցի լուծման ճանապարհը։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների միջնորդական ջանքերի վերաբերյալ։

– Չեմ բացառում ցանկացած կողմի միջնորդությունը։ Այնուամենայնիվ, այսօր ամենաակտիվ միջնորդական ջանքերը ցուցաբերվում են ԵԱՀԽ-ի շրջանակներում։ Բայց ավելացնեմ՝ դրանց առայժմ դրական արդյունք չեն տվել։ Դա բացատրվում է այն բանով, որ առայսօր ԼՂՀ պատվիրակությանը այդ բանակցություններում որեւէ կարգավիճակ չեն տվել։ Հիմնական հարցերից առաջնայինը համարում եմ սա։ Մյուս հարցերը բխում են սրանից։ Եթե պարզվի, եթե հստակ իմանանք, որ բանակցությունների մասնակից կողմ ենք եւ, որպես այդպիսին, կարող ենք խոսել ու ներկայանալ, շատ դժվարություններ հեշտությամբ կլուծվեն։ Բայց մեր այդ պահանջը անընդհատ փորձում են ծածկել եւ ինչ-որ ձեւով շրջանցել, ինչը մեզ համար անընդունելի է։ Մինչդեռ ԼՂՀ-ի կարգավիճակի ճշտումը հարցի լուծման ամենամեծ քայլերից մեկն է:

– Քիչ առաջ Դուք հանդիպեցիք ամերիկյան կոնգրեսականների հետ։ Նրանք ներկայացրի՞ն հարցի լուծման որեւէ նոր ծրագիր։ Եթե այո, ապա հնարավորության սահմաններում ներկայացրեք այն, խնդրեմ։

– Դեռեւս շուտ է այդ մասին խոսելը։ Դեռ պետք է մեր խոսակցությունը վերլուծել։ Բայց չեմ կարծում, թե կոնգրեսականները լիազորված էին իրենց պետության պաշտոնական առաջարկները ներկայացնելու։ Նրանք ընդամենը եկել էին նայելու, ուսումնասիրելու եւ հասկանալու հարցի էությունը։ Եվ խոսակցությունն էլ ընթացավ հենց այդ շրջանակներում։

– Եվ վերջին՝ նման դեպքերում գրեթե ավանդական հարց, ի՞նչ կցանկանայիք հաղորդել հայաստանյան ընթերցողին։

– Սըխ կացե՛ք: Լոխ լավ կըլի:

Հարցազրույցը վարեց Նաիրի Բադալյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives