August 2, 2021

Ղոչաղներ

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Ղոչիներ բառով Վահան Տերյանը դիմում էր այն հայերին, որոնք Թիֆլիսում, Պոլսում աղմկալից ցույցեր ու հանրահավաքներ էին անում, թերթերը, գրքերը լցնում հոխորտանքով և առանց հայօգուտ որևէ արդյունքի սրում հայերի հարաբերությունները հարևանների հետ «Մահ կամ ազատություն»՝ սա է նրանց նշանաբանը: Արդյունքը հայտնի է՝ ցավոք. Իրականացավ նշանաբանի  առաջին մասը՝ մահ իջավ Արևմտահայաստանի վրա:

Կարծում եմ, ղոչիներ բառը պատշաճ չէ գործածել, վիրավորական է: Թերևս կարելի է գործածել նրա նման, բայց շատ ավելի մեղմ՝ ղոչաղներ բառը: Մեր ղոչաղները դիվանագիտություն ասածը մերժում են՝ կռվել, ջարդել, փշրել, հառաջ…

1918թ. Արամը համաձայնություն էր կնքել Թուրքիայի հետ, որ սրա զորքը Դիլիջանով անցնի Ադրբեջան: Անդրանիկը, որ խուսափել էր Ղարաքիլիսայի ճակատամարտին մանակցել, Դսեղից իջել էր Դիլիջան և Նազարբեկյանի շտաբից զանգահարում էր Երևան, Արամին.

— Արա՜մ, այ Արամ համաձայնությունդ տուր՝ ձորով անցնող այս թուրքերից մի քիչ կոտորեմ:

Արամը բացատրում է, որ պայմանավորվածություն կա Թուրքիայի հետ. նրա զորքը Հայաստանով պիտի անցնի և որ հարձակումը այդ զորքի վրա շատ ծանր հետևանք կունենա Հայաստանի համար:

Մեր ղոչաղները Վանի ու Երևանի փրկիչ Արամին հայտարարեցին թուրքամետ:

Այսօր էլ մեզանում ղոչաղների պակաս չկա: Բանակցությունների համար թուրքական պատվիրակության Երևան ժամանելու առթիվ «Երկիր» թերթում (1992, թ. 162) կարդում ենք. «…Բողոքի ցույց էր կատարվել «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Ցուցարարները կրում էին «Ցեղասպան թուրքը մեր բարեկամը չի», «Մարդասպանների սերունդը տեղ չունի մեր Հայաստանում», «Ձեռքներդ հեռու Ղարաբաղի Հանրապետությունից» բովանդակությամբ պաստառներ: Ելույթ ունեցողները քննադատեցին Թուրքիայի Հանրապետությանը իշխանությունների կողմից հայկական ցեղասպանության անտեսման փաստը, ղարաբաղյան հակամարտության մեջ նրանց բռնած կողմնակալ դիրքորոշումը: Հայաստանի ղեկավարությունը մասնավորապես երկրի նախագահը, մեղադրվեցին թուրքամետ քաղաքականության և Հայ դատը մոռացության տալու մեջ… վերջում հավաքվածները ցուցադրաբար այրեցին թուրքական դրոշը»: Ճիշտ 1918 թվականի վերը նկարագրված դեպքի հոգեբանությունն է. դիվանագիտության, պետական պայմանավորվածության, հարաբերություններ բարելավելու լիակատար բացառում: Իրոք, ապշեցուցիչ «հերոսություն»: Երևի այսպես Թուրքիայից հայկական հողերը խլեն: Դժվար է ասել այդ հակադիվանագիտական ելույթը Աթենքից էր հրահանգվա՞ծ, թե՞ այն հիմնարկից, որն իր արխիվը չի բացում: Պարզ է մի բան, որ հրահանգողը Հայաստանի շահերն է ոտնահարել: Իսկ ի՞նչ է նշանակում Հայ դատն իրագործել. նշանակում է մի բան՝  Թուրքիայից հողերը պահանջել ու խլել. սա էլ նշանակում է պատերազմ Թուրքիայի հետ: Արդյոք սա՞ է մեր ղոչաղների ուզածը: Ճիշտ ժամանակը գտել են. մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում:

Ի վերջո մի հարց էլ է առաջանում: Նույն թերթի միևնույն էջում կա վերնագիր՝ «Ռոբերտ քոչարյանը մեղադրել է Ռուսաստանին»: Ռոբերտ Քոչարյանը Արցախի ղեկավարներից է, եթե ղարաբաղցին էլ է մեղադրում Ռուսաստանին, ուրեմն բանն բանից անցել է: Եվ ինչպե՞ս չմեղադրի, եթե Ռուսաստանն է տենդագին զինում ադրբեջանական բանակը, հայկական բնակավայրերը բնաջնջող օդանավերը, կեստոննանոց ռումբերը, նորագույն հրթիռներ ու արձակման սարքեր, օդաչուներ ու հրթիռաձիգներ մատակարարելով Ադրբեջանին:

Այդ ինպե՞ս է, որ մեր ղոչաղները ռուսական պատվիրակությունների առաջ երբեք բողոքի ցույց չեն անում, երբեք ռուսական դրոշ չեն այրում:

Պարզ է համապատասխան տեղից չի հրահանգվում:

Ոչ, կտրականապես դեմ եմ նաև ռուս պատվիրակությունների առաջ նման ցույց անելուն: Դիվանագիտությունը դիվանագիտություն է. Հայաստան եկող թե ռուս, թե վրացի, թե պարսիկ և այլ ազգերի ներկայացուցիչներին անպայման պետք է ընդունել սիրալիր, ջանալ շահել նրանց համակրանքը: Սա է Հայաստանի շահը: Մի կողմ թողենք ղոչաղությունն էլ, ղոչիությունն էլ:

Ռաֆայել Իշխանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives