November 2, 2024

Հացի գրամների միլիոնանոց գործը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Բոլորովին ցանկություն չունեի անդրադառնալ հացի չարչրկված հարցին, եթե չլիներ խիստ պատասխանատու անձի անպատասխանատու դիտողությունը:  Ուշադրությունս գրավեց ՆԳ նախարարի հեռուստաելույթի մի փոքր հատված: Հարցին, թե ինչու ՆԳՆ-ն չի զբաղվում «հացի գործով», ի զարմանս հավանաբար շատ-շատերի՝ նախարարը պատասխանեց, թե եղածը 300-350 գրամի հարց է… Եվ ընդհանրապես ավելի լավ է զբաղվել և բացահայտել սպանություններ ու «միլիոնանոց» գործեր:

Սպանությունը կարող է լինել նաև ոչ կանխամտածված, իսկ «հացի գործը» կանխամտածված, չափված-ձևած և լավ կազմակերպված հանցագործություն է, իր բազմաթիվ մասնակիցներով ու պարագլուխներով: Ով-ով, բայց ՆԳ նախարարը սա պետք է շատ լավ իմանար:

Հացի՝ ամենաանհրաժեշտ ու ամենագործածական մթերքի արտադրության ու վաճառքի մեջ կեղծարարությունը միշտ շահավետ է եղել ասպարեզի աշխատողների ու իրավապահ մարմինների համար՝ սկսած պահակից, հասարակ հացթուխից, վաճառողից մինչև… Նորաստեղծ հանրապետության մեծ ու փոքր հացթուխները գերազանցեցին բոլոր ռեկորդները, ընդամենը հաշված ամիսների ընթացքում սահմանեցին գերռեկորդ՝ համընդգրկուն սղաճի պայմաններում հացի տեսականին հասցրին 68-ի:

Նոր տեսակներ չեն ստեղծվել: Կատարվել է նույն հացի քաշային և տեսակային բազմացում: Խնդրեմ, ծանոթացեք միայն մատնաքաշ հացի տեսականուն, բարձր տեսակի (1000գ.) — գինը 6ռ., առաջին տեսակի (1000գ.) — 5ռ., երկրորդ տեսակի (1000գ.) — 4ռ., ուրիշ ալյուրից (1000գ.) — 2ռ. և այսպես՝ մատնաքաշի 10 տարատեսակ: Նույն մոտեցումն է նաև մյուս հացատեսակներին: Բայց գնորդներից ով կարող է պարծենալ, որ օգտվել է գնացուցակից այս բազմազանությունից: Անկախ մատնաքաշի որակից, գույնից և քաշից՝ քաղաքացիների համար այն արժե 6ռ. (մեծ) կամ 3ռ (փոքրը): Գործնականում թխվում է թեթև քաշի անորակ հաց և խանութում վաճառվում իբրև բարձր տեսակի և ծանր քաշի հաց: Բողոքներին ի պատասխան խանութի վարիչը մատնացույց է անում առաքման թերթիկը, որի վրա անպայման գրված է լինում «բարձր տեսակի մատնաքաշ (1000գ.) — գինը 6ռուբլի»: Ինչ վստահություն, որ խանութները նույն հացի համար երկու առաքման թերթիկ չեն ստանում: Առաջինը՝ հիմնական, օրինական, իսկ մյուսը բողոքների բերանը փակելու համար: Այսինքն, ջուրն այնքան են պղտորել, որ գնորդն հոգնել է սևն ու սպիտակը ջոկելուց:

Զարմանալի բան, պարզվում է, որ հացի հարցը քրեական տեսանկյունից առանձնապես խոցելի չէ: Այլ բան է ասում ամենահասարակ թվաբանությունը: Խանութ է առաքվում երրորդ տեսակի 1000 գրամանոց մատնաքաշ: Ըստ գնացուցակի, այն պետք է վաճառվի 3 ռուբլով, բայց վաճառվում է 6 ռուբլով և յուրաքանչյուր հացի հաշվով յուրացվում է մոտ 4 ռուբլի (հաշվի առնելով քաշի անհամապատասխանությունը և գնացուցակի խախտումը): Եթե հավատանք պարենի և մթերումների նախարարության հայտարարություններին, թե ամեն օր Երևանում թխվում է 420 տոննա հաց, ապա օրինական յուրացումները կկազմեն մոտ 1,5 միլիոն ռուբլի: Իսկ ամսվա՞ ընթացքում: Ահա և պարոն նախարարի ուզած  «միլիոնանոց» գործը:

Գուցե այստե՞ղ է պետական մարմինների, հատկապես ՆԳՆ-ի անգործության գաղտնիքը…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives