«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.
Փետրվարի 8-ին եւ 12-ին Ազատության հրապարակում կայացան հանրահավաքներ, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Երեկ նախաձեռնող խմբի անդամ Ռաֆիկ Համբարձումյանը մասնակիցներին հաղորդեց, որ հավաքին մասնակցելու են հրավիրված տարբեր կուսակցություններ։
Ռ. Համբարձումյանն այնուհետեւ շնորհավորեց Արցախում հաջողությամբ ավարտված մարտական գործողությունների կապակցությամբ՝ նշելով, որ այդ հաղթանակները պատահական չեն, այլ ԼՂՀ-ում բազմակուսակցական իշխանությունների առկայության հետեւանք։
Ելույթ ունեցողը մեկ անգամ եւս շեշտեց, որ իրենց նպատակն ազգային միասնության հասնելն է. «Ոչ մեկն էլ չի ձգտում հանրապետությունը պառակտել, ինչպես դա կատարվեց Վրաստանում։ Մեր նպատակը կոալիցիոն, բազմակուսակցական իշխանություններ ստեղծելն է։ Որոշվեց 15 հոգուց կազմված մի խումբ ուղարկել Գերագույն խորհուրդ՝ պատգամավորներին հանձնելու հանրահավաքի հորդորակը՝ դրա պատասխանը ստանալու ակնկալիքով։
Իր ելույթում ԱԻՄ-ի նախագահ Պ.Հայրիկյանն ասաց, որ ժողովրդի ընդվզման նման դրսեւորումը պետք է կառավարվի մտավորականության եւ կուսակցությունների կողմից։