November 14, 2024

Հակառակորդի թելադրած պարտադրանքով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Վարդան Դեվրիկյան
«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

Երբ ԼՂՀ-ից ստացվող մարտական ամփոփագրում ասվում է, թե հակառակորդի կրակակետը լռեցնելու համար արցախյան բանակի մարտիկները հարկադրաբար դիմել են համարժեք պատասխան գործողությունների, երբեմն շատերին թվում է՝ այս ամենը սոսկ քարոզչական նպատակ է հետապնդում, այնինչ այդ հարկադրական բառի ներքո խտացված է վերջին տարիների սրտամաշ տառապանքը` խլված ու հաշմված բազում կյանքեր, հրետանային հարվածներին հաջորդող սարսափի ապրումներ եւ փլատակվող տներ, անմշակ մնալով խոպանացող դաշտեր ու այգիներ, եւ այսպես շարունակ։

Հասկանալու համար՝ այսօր ինչ է կատարվում Մարտունու եւ Ֆիզուլու շրջանների երկայնքով, նախ պետք է վերհիշել, թե ինչ էր կատարվում ոչ հեռու անցյալում եւ ինչը ԼՂՀ ինքնապաշտպանության բանակին ստիպեց դիմել այժմ հարկադրական անվանվող այս քայլերին։

Եթե 1988թ. փետրվարին սկզբնավորված քաղաքական դիմակայության հիմքում ընկած էր տասնամյակներ առաջ ընդունված չարաբաստիկ որոշումը՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, ապա հիմա ընթացող մարտական գործողությունների մի զգալի մասն էլ ածանցյալ է այդ որոշմամբ գծված ԼՂԻՄ-ի սահմանների, որոնցից ոչ միայն դուրս մնացին պատմական Գյուլիստանը եւ նրան հարող այժմյան Դաշքեսանի եւ Խանլարի հայկական բնակավայրերն ընդգրկող տարածքները, այլեւ ինքնավարություն ստացած երկրամասի շրջաններն էլ սեպաձեւ կտրտվեցին, եւ սուր կորագծերով մարզի մեջ մխրճվող այս հատվածներում հիմնվեցին ադրբեջանական բնակավայրեր։ Դրանք, փաստորեն, սկսեցին վերահսկել ներսի հայկական գյուղերը։ Այնուհետեւ սկսվեց մարզի ներսում շրջաններն իրար կապող խաչմերուկներին ադրբեջանական բնակավայրերի կառուցումը կամ եղածների արհեստական մեծացումը։

Այս քաղաքականությունը առավել սուր սկսեց իրագործվել Մարտունու շրջանում, որի կազմալուծումը մեխանիկորեն հանգեցնելու էր նաեւ կից Հադրութի անկմանը։ Դրանից հետո թիկունքից անպաշտպան մնացած Ստեփանակերտը մարսելու եւ դեպի հյուսիս՝ Ադրբեջանի ներսը ձգվող Մարտակերտն ու Ասկերանը կլանելու համար կպահանջվեր բավական կարճ ժամանակ։ Այսպիսով, Մարտունիում գործողությունների զարգացման տրամաբանությունը հասկանալու համար նախ պետք է վերհիշել, թե ինչպես ընթացան դեպքերը շարժման առաջին իսկ օրերից, երբ Արցախյան հարցը քաղաքականից աստիճանաբար վերածվեց զինված հակամարտության։ Հակամարտության առաջին ոչ զինական դրսեւորումը ճանապարհների շրջափակումն էր։ Եթե մարզի սահմաններից դուրս այն դրսեւորվեց Ադրբեջանից Հայաստան եկող երկաթուղու, Գորիս-Լաչին, ինչպես նաեւ Մարտունի–Աղղամ-Ստեփանակերտ եւ Մարտակերտ-Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհները փակելով, ապա Արցախի ներսում արտահայտվեց խաչմերուկներին ընկած հիշյալ աղրբեջանական գյուղերով անցնող ավտոճանապարհներին հայկական մեքենաների քարկոծմամբ, որի բնորոշ օրինակը Խոջալուի դեպքերն էին։

Խորհրդային կայսրության քայքայմանը զուգընթաց՝ քարկոծումը վերածվեց հաշվեհարդարի սպառնալիքի, ապա՝ կրակահերթերի եւ հրետակոծության։ Հրետանու կիրառումը ճանապարհների պատերազմը դարձրեց բարձունքների պատերազմ, իսկ մինչ այդ հայկական կողմը գործադրեց հնարավոր բոլոր միջոցները, նախքան վերջին քայլին՝ հակառակորդի կրակակետերի հարկադրական լռեցմանը դիմելը։

Արցախի ներսում Ստեփանակերտից Մարտունի տանող երկու ճանապարհ կար, մեկը, որ առավել կարճն էր եւ անցնում էր Ննգիի միջով եւ Սպիտակաշենի ներքեւով, նախ մտնում էր Ստեփանակերտից վեր գտնվող Մալիբեյլու գյուղը։ Այս պատճառով էլ բավական շուտ այն փակվեց, իսկ մյուսով Մարտունի հասնելու համար անհրաժեշտ էր բավական մեծ շրջան կատարել՝ անցնելով Կարմիր Շուկայով։ Վերջին ճանապարհով գնալը համընդհանուր դաժան շրջափակման պատճառով բենզինի սղության պայմաններում գործնականում անհնար դարձավ, իսկ Մալիբեյլիով անցնելու շուրջ տարվող բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, ինչն էլպարտադրեց վերացնել Մարտունու եւ Ստեփանակերտի միջել ընկած այդ սեպը։

Նույնը վերաբերում է եւ Մարտունու ներսում գտնվող Ղարադաղլուին, որի կողքով էր անցնում շրջանի կեսը մնացյալ Արցախին կապող ճանապարհը։ Դա էլ փակվեց այն ժամանակ, երբ քարկոծումներին փոխարինեցին ավտոմատային կրակահերթերը, եւ անհրաժեշտ էր ընտրություն կատարել այս գյուղին ձեռք չտալու եւ Մարտունու կեսը պահելու միջեւ։ Կատարվեց այն, ինչը ռազմական սեղմ տերմինաբանությամբ կոչվում է հակառակորդի կրակակետերի ոչնչացում։

Առավել անմխիթար էր վիճակը Մարտունու սահմանի երկայնքով։ Վերը նշված սահմանային կտրտվածությունը խոչընդոտում էր հաղորդակցությունը եւ տնտեսական աշխատանքները։ Պատերազմի ընդլայնումն էլ այդ բնակավայրերը վերածեց Մարտունու շրջանի հետագա գոյությունը վտանգող սպառնալիքի։ Առավել մեծ չարիք դարձան Ղաջարը, Մարզիլին եւ Ղարաբաղի կույրաղիք անվանվող ու երկայն սեպի նման երկրամասի մեջ մխրճված Աբդալն ու Գյուլափլուն։ Աղդամի շրջանում գտնվող այս երկու կից գյուղերից նախ գնդակոծվում եւ պարբերական հարձակումների էին ենթարկվում Մարտունու Աշանի ենթաշրջանի եւ Ասկերանի մի շարք գյուղեր, իսկ հեռահար հրետանու կիրառումը հնարավորություն ընձեռեց այդտեղից ավերիչ

հարվածներ հասցնել նաեւ Ստեփանակերտին։ Այդ երկու գյուղերի վրա վերահսկողություն սահմանելը պարզապես դարձավ հրամայական անհրաժեշտություն եւ ոչ թե արցախյան բանակի զավթողական նկրտումների դրսեւորում։ Արդեն մեկ տարի է, ինչ Ավդուո, Մյուրիշեն, Աշան եւ մեծն Մաշտոցի ծննդավայրին համանուն հինավուրց Հացի գյուղերում Արցախի համար անսովոր խաղաղություն է տիրում, կենդանացել են դաշտերը, իսկ վերաշարվող փլատակները աստիճանաբար նորից տների են վերածվում։ Նույնը վերաբերում է եւ Աղդամի շրջանի մյուս գյուղին՝ Մարզիլիին: Այն եւս բնակավայրից դարձել էր հավաքական կրակակետ, որից փլատակների էին վերածվել երբեմնի ծաղկուն Բերդաշենը եւ հարեւան գյուղերը։ Այս տարվա ամռանը լռեցվեց նաեւ այդ որջը՝ խաղաղություն բերելով Արցախի մեկ հատվածի եւս։

Ոչ պակաս ծանր էր վիճակը նաեւ Ֆիզուլու սահմանում։ Նախորդ ուսումնական տարում պատերազմական ամենադաժան օրերին իսկ գործել են Մարտունու շրջանի 37 դպրոցներից 35-ը։ Պարապմունքներ չեն եղել միայն Կարմիր Շուկայում եւ Մաճկալաշենում։ Այստեղ դպրոցները չեն գործել Ղաջարի «պատվին»։ Այն իսկական չարիք էր դարձել Կարմիր Շուկայից մինչեւ Ճարտար ձգվող գծի ողջ երկայնքով։ Այստեղից եւս սկզբում ավազակային հարձակումներ էին կատարվում հայկական գյուղերի վրա, որոնք այնուհետեւ սկսեցին ենթարկվել դաժան հրետակոծության։ Առավել վտանգավոր էր Կարմիր Շուկայի վրա իշխող Խազազ կոչվող բարձունքը, որտեղից թե՛ հրետանին էր խփում եւ թե՛ հակառակորդի մասնագետները ճիշտ ուղղություն էին հաղորդում Ղաջարից հարվածող հրետանուն եւ «Գրադ» կայանքներին։

Ինչպես նախորդ դեպքերում, ելքը մեկն էր՝ լռեցնել այնտեղ տեղակայված կրակակետերը, եւ հիմա շինարարական հեւքն ընդգրկել է նաեւ հայկական այս երկու գյուղերը։ Բացվել է նաեւ Մաճկալաշենից Ամարաս տանող ճանապարհը, ու թեեւ մի փոքր վիրավոր, բայց հպարտ ու աներեր, խաղաղ մի վեհությամբ վերադարձյալներին է սպասում հայոց այդ հինավուրց սրբավայրը։

Մաճկալաշենը, այսինքն՝ մաճկալների շենը, երկրամասի արցախաբույր անվանումներից մեկն է։ Այս պատերազմը մաճկալներին դարձրեց հայրենիքի զինվորներ։ Ոչ միայն գյուղի, այլեւ ողջ Արցախի համար ճակատագրական էր անցյալ տարվա հունիսի 27-ի հարձակումը, երբ հակառակորդը առաջ շարժվեց մոտ քսան միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ՝ մտովի վայելելով մոտալուտ հաղթանակը եւ պաշտպանական գիծը ճեղքելով մինչեւ Ստեփանակերտ հասնելու հաճույքը։ Բայց աներեր էր արցախյան կամքը, եւ հակառակորդի խուճապային փախուստը Շահումյանի ու Մարտակերտի անկումից հետո հոգեբանական այն բեկումը դարձավ, որով սկզբնավորվելու էին մնացյալ բոլոր հաղթանակները։ Ֆիզուլու կողմից տեղացող կրակի պատճառով, քանի որ անօգտագոծելի էին մնացել մշակովի հողատարածություններ եւ որպեսգի մաճկալը չկտրվի հողից, իսկ գյուղի տնտեսությունն էլ որոշ եկամուտ ունենա, շրջկենտրոնի մոտ գտնվող հողատարածություններից 52հա հատկացվեց Մաճկալաշենին։ Ֆիզուլու մոտ տեղի ունեցած վերջին գործողություններից հետո Մաճկալաշենը հիմա վերստին աշնանացանի է պատրաստում իր դաշտերում։ Իսկ ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե մարդիկ հնարավոր է հեռանան ավերված այս շենից, գյուղխորհրդում ցույց տվեցին քառասուն դիմում, որոնց հեղինակները խնդրել էին իրենց նոր հողամասեր հատկացնել առանձին տնտեսություններ կազմելու համար, իսկ մի քանի օրից էլ կավարտվի դպրոցին հատկացված նոր շենքի ներքին կահավորումը…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives