July 27, 2024

Կրքեր Ալիեւի շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)

Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների շարժման նախագահ եւ «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի միջազգային կապերի գծով տեղակալ, պրոֆեսոր Լալա Հաջիեւան հայտնել է. «Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցներում ԱԺՃ-ի ներկայացուցիչների կողմից «Նոր Ադրբեջանի» ակտիվիստների նկատմամբ ահաբեկչության բացահայտ կոչեր են հնչել։ Իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեք օր առաջ Հեյդար Ալիեւի նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու նպատակով ԱԺՃ-ն հատկացրել է 1մլրդ ռուբլի։ Մեկ ամիս առաջ արդեն Ալիեւի նկատմամբ ձեռնարկվել են ահաբեկչական գործողություններ, որից հետո Նախիջեւանի խորհրդարանը այդ հարցով հայտարարագիր է ընդունել եւ հանձնել Ադրբեջանի նախագահին, գլխավոր դատախազին ու ԳԽ-ին։ Սակայն պատասխան չի հետեւել։ Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:10-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ, իրավագետ պրոֆեսոր Մուրթուզ Ալեսկերովի նկատմամբ։

Նրան դանակի բազմաթիվ վերքեր ու մարմնական վնասվածքներ են հասցվել։ Պրոֆեսորը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեկտեմբերի 16-ին առանձին դիմումներով հանդես են եկել «Նոր Ադրբեջան» կուսակցությունը եւ Հեյդար Ալիեւը։ Վերջինիս ուղերձում մասնավորապես նշվում է. «Որպես կուսակցության նախագահ, ես ծայրաստիճան վրդովված եմ 1992թ-ի դեկտեմբերի 15-ին Մուրթուզ Ալեսկերովի դեմ կատարած ահաբեկչական ակտից։ Այդ գործողությունները ես գնահատում եմ որպես վերջերս հիմնված «Նոր Ադրբեջան» քաղաքական կուսակցության դեմ հետապնդումներ, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին եւ միջազգային իրավական նորմերին։ Պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել կուսակցության անդամների դեմ ուղղված անօրինական, ահաբեկչական գործողություններին վերջ տալու, պրոֆեսոր Ալեսկերովի դեմ մահափորձ կատարած հանցագործներին գտնելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

Իսկ կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Այդ բոլոր ահաբեկչական ակտերը մի շղթայի օղակներ են, որոնք սկսվեցին Ալիեւին բռնի ուժով իշխանությունից զրկելու փորձերից։ Օրերս հարձակվել են «Մեյդան» թերթի խմբագրության վրա, որի աշխատակիցները նույնպես Ալիեւի կողմնակիցներն են։ Չնայած Ադրբեջանի պաշտոնական իշխանություններին ուղղված ահաբեկչական գործողություններին վերջ տալու դիմումներին, նրանց կողմից ոչ մի արձագանք չկա։ Դեռ ավելին, հանրապետության լրատվության միջոցները զանգվածային գրոհ են ձեռնարկել կուսակցության նախագահ Ալիեւի դեմ, հանրապետական հեռուստատեսությամբ բացեիբաց արյունահեղությունների կոչեր են արվում։ Այս ամենը պետական ահաբեկչության մասին խոսելու հիմքեր է տալիս։ «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամները Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին գնահատական տալու կոչով դիմում են համաշխարհային հանրությանը։ Ադրբեջանի առաջադեմ ուժերին կոչ է արվում պաշտպանել հանրապետության մտավորականությանը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives