December 7, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Կառավարության գործունեությունը քննադատության է ենթարկվում

Կառավարության գործունեությունը քննադատության է ենթարկվում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 20 փետրվարի, 1992թ., 30 (119)

Երեկ, խորհրդարանի որոշմամբ գումարվեց Գերագույն խորհրդի հատուկ նիստ, քննարկելու համար կառավարության հաղորդումը` Հայաստանում ազատ գների և սակագների պայմաններում դրանց աճի և ազգաբնակչության ընկերային պաշտպանվածության մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի նիստում, հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես էր եկել փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը:

Գերագույն խորհրդին ներկայացրած կառավարության տեղեկանքի մեջ ընդգծվում է, որ անցումը ազատ գներին տեղի է ունեցել ուժանյութային ծանր ճգնաժամի և շրջափակումների պայմաններում: Տեղեկանքի մեջ մանրամասնորեն նշված թվական ու տոկոսային տվյալները տալիս են տնտեսության տարբեր ոլորտներում տիրող դժվար կացությունը և գների շարունակական աճի պատկերը:

1992թ. միայն հունվարին, արդյունաբերական արտադրանքի ծավալը անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 29 տոկոսով, ժողովրդական սպառման ապրանքներինը` 56,1 տոկոսով: Մսի և կենդանական յուղի արտադրությունը իջել է 95 տոկոսով, կաթնամթերքինը` 63 տոկոսով: Կառավարությունը, ամփոփելով թվական տվյալները, տեղեկանքի մեջ շեշտում է, որ սպառողական շուկայի համատարած դատարկության պայմաններում գների ազատ արձակումը հանգեցրել է դրանց կտրուկ աճին: Նշվում է, որ բնակչությանը չի վճարվել 300 մլն ռուբլի աշխատավարձ, և որ հանրապետությունը կանխիկ դրամով ապահովված է մինչև մարտ ամսվա սկիզբը:

Հրանտ Բագրատյանը երեկ պատասխանեց պատգամավորների հարցումներին: Նա ասաց, որ գների ազատ արձակումը տակավին չի նպաստում արտադրության ծավալային աճին: Փոխվարչապետն ընդգծեց, որ գների աճը դեռևս կշարունակվի և կտևի երկու տարի: Պրն Բագրատյանը հայտնեց նաև, որ հանրապետությունն ապահովված է միայն երկու ամսվա հումքի պաշարով և ապրիլի կեսերին կսկսվի հումքի ճգնաժամ:

Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով կառավարության գործունեությանը, նշեց, որ շատ մարդիկ չեն ուզում կառավարության մեջ աշխատել` վախենալով քավության նոխազ դառնալուց, իսկ ուրիշները մտնում են կառավարություն` անձնական նպատակներով: Վերջում նա ավելացրեց, որ առաջիկայում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա Գերագույն խորհրդի առջև և կներկայացնի կառավարության տնտեսական ծրագրերը:

Փոխվարչապետից հետո ելույթներ ունենալով` պատգամավորները հիմնականում քննադատության ենթարկեցին կառավարության գործունեությունը: Երեկոյան նիստում Բաբկեն Արարքցյանը, պատգամավորների հաշվառում անցկացնելուց հետո պարզելով, որ դահլիճում չկա պատգամավորների անհրաժեշտ մեծամասնություն, ստիպված էր ընդհատել ելույթները, նիստը փակված հայտարարել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives