May 7, 2021

Ինչն է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 21 օգոստոսի, 1993թ., թիվ 166(770), շաբաթ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս շաբաթ կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ հանդես գալով նախագահական հայտարարությամբ: Ի պատասխան, Հայաստանը իր պաշտոնական դիրքորոշումն արտահայտեց ՀՀ արտգործնախարարության հայտարարությամբ, որ հրապարակվեց երեկ օրվա երկրորդ կեսին:

— Վերջին իրադարձություններին մեր ընդհանուր մոտեցումը մնում է նույնը և արտահայտված է ՀՀ նախագահի օգոստոսի 7-ի հայտարարության մեջ,— երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: — Հայաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սաստկացմամբ: Այսօր մենք գտնվում ենք այն փուլում, երբ ցանկացած ռազմական ձեռնարկում, ում կողմից էլ այն իրագործվի, էապես սպառնում է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, նախևառաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի:

Նախագահի խոսնակի հաղորդմամբ, Հայաստանի իշխանությունները կիսում են ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի, առանձին երկրների մտահոգությունը ԼՂՀ և Ադրբեջանի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Միաժամանակ, ըստ Արամ Աբրահամյանի, Միավորված ազգերի կազմակերպության վերջին հայտարարությունը ինչ-որ առումով միակողմանի է և հիմնված միայն մեկ կողմից ստացված տեղեկությունների վրա:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին ադրբեջանական օդուժի կողմից Կապանի բարբարոսական ռմբակոծության փաստի քննարկման համար Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սակայն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի իրողությունը ոչ մի արտացոլում չունեցավ ՄԱԿ-ի վերոնշյալ հայտարարության մեջ: Ճիշտ է, այնտեղ անորոշ ձևով խոսվում է օդուժի օգտագործման անթույլատրելիության մասին, սակայն չի նշվում, թե ով ում դեմ է այն կիրառում: ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը անհրաժեշտ գտավ մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը օդային հարձակողական զենք երբեք չի կիրառել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր սովորության համաձայն, սկսել է հերքել Կապանի վրա իր օդային հարձակման փաստը: Սակայն հայկական կողմն ունի այն հավաստող տեսաժապավեններ և պատրաստ է ընդունելու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են տեղում ծանոթանալ Հայաստանի սահմանամերձ իրավիճակին: Ըստ պայմանավորվածության, կիրակի օրը Կապան կմեկնի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թելմա Սոլորզանոն:

Արամ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օգոստոսի 19-ին կայացած հեռախոսազրույցի ու նման շփումների հետագա զարգացումից հետո հարևան հանրապետությունը ձեռնպահ կմնա Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու իր փորձերից:

Ընդհանուր առմամբ, վերջին օրերին կատարված իրադարձությունները հույս են ներշնչում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Այս իմաստով կարևորվում են Աբխազիայում զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, ԼՂՀ և Ադրբեջանի միջև հինգօրյա զինադադարի կապակցությամբ կնքված համաձայնությունը, ԵԱՀԽ առաջարկած ժամանակացույցի առնչությամբ Հայաստանի տված դրական պատասխանը, Մոսկվայում կայացած Փափազյան-Չեթին հանդիպումը, որոնք, ըստ Արամ Աբրահամյանի, հոյս են ներշնչում, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերը իրենց ամբողջ ծավալով ի կատար կածվեն:

Հրայր Զորյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives