March 28, 2024

Ուժգին ռմբակոծվել է Կապանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

Ազատագրված դիրքերը հուսալիորեն վերահսկվում են

Ադրբեջանական բանակը հերթական անգամ հուսահատ ճիգեր է գործադրում Հայաստանը ծավալուն պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Շրջխորհուրդների գործկոմներից ստացված տեղեկությունների համաձայն, բավականին սրվել է իրավիճակը Կապանի եւ Իջեւանի շրջաններում։

Օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 7 անց 10 րոպեին ադրբեջանական բանակի 3 ինքնաթիռ, խախտելով ՀՀ օդային սահմանը, ռումբեր են նետել Կապան քաղաքի վրա։ Ռմբակոծության հետեւանքով ամբողջությամբ ավերվել են 5 բնակելի շենքեր, որոնցից երկուսը մի քանի մուտք ունեն։ Նախնական տվյալներով զոհվել է 12, վիրավորվել՝ 34 մարդ։ Ըստ տեղեկատվությունների, զոհվածների թվում կան երեխաներ, կանայք ու ծերեր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Պարզաբանումների եւ Հայաստանի վերաբերմունքը հայտնելու նպատակով նույն օրը ՀՀ ԱԳ նախարարություն են հրավիրվել Երեւանում հավատարմագրված օտարերկրյա բոլոր դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարները։ Բացի այդ, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին հանձնարարվել է հատուկ նամակով ՄԱԿ-ի ԱԽ նախագահից պահանջել առաջիկա օրերին այս միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ հատուկ նիստ գումարել։

Նույն պահին թշնամական ինքնաթիռներ են երեւացել նաեւ Իջեւանի շրջանում, սակայն հետախուզական թռիչքներից հետո հեռացել են։ Իսկ կեսգիշերից սկսած մինչեւ լուսաբաց հրթիռակոծության եւ գնդակոծության են ենթարկվել Իջեւանի շրջանի Կիրանց, Սեւքար, Վազաշեն գյուղերն ու դրանց ինքնապաշտպանական դիրքերը։ Այստեղ զոհեր եւ վիրավորներ չկան։

Օգոստոսի 18-ի դրությամբ ռազմաճակատում իրավիճակի էական փոփոխություն չի արձանագրվել։ Հանրապետության հարավային սահմաններում պաշտպանական բանակի մարտիկներն ամրանում են Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջաններին սահմանակից տարածքի նորերս ազատագրված դիրքերում եւ վստահորեն չեզոքացնում նախաձեռնությանը տիրելու թշնամու բոլոր փորձերը։ Միաժամանակ ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն օգտագործել ռազմական օդուժը։ Երեկ ժամը 7-ի սահմաններում հակառակորդի մի քանի ինքնաթիռ խախտել են ԼՂՀ օդային տարածքը՝ հանրապետության հարավում։

Ռազմաճակատի մյուս հատվածներում գրանցվել են դիրքային փոխհրաձգություններ։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives