March 28, 2024

Հայ զինվորական համագումարը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3

Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեի հրավերով, Երևանում կայանալիք Հայ Զինվորական համագումարին հրավիրված են մասնակցելու պատվիրակներ՝ բոլոր հայկական գնդերից, արևմտյան ճակատի զորամասերից, թիկունքի Միության ճյուղերից և հայկական զանազան հիմնարկություններից:

Երկու խոսքով ներկայացնենք Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեի գործունեությունը: Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեն կազմվել է այս տարվա մայիս ամսին դրսի և տեղական հայկական զորամասերի ընտրյալներից, հայ գնդերի ներկայացուցիչներից, հայ կամավորական խմբերի պետերից և Ազգային Բյուրոյի ներկայացուցիչներից:

Իր նախագիծ-կանոնադրության մեջ նա կոչ է անում ամբողջ հայ զինվորականության միանալ կազմակերպված ուժով պաշտպանելու հեղափոխությունն ու հայրենիքը: Նա գտնում է, որ Կովկասյան ճակատի անհաջողություն ու ճեղքումն ընտինքյան աննկարագրելի արհավիրքներով սպառնալու է մեզ և կոչ է անում հայ-զինվորականության երկրի ու հեղափոխության առաջ կատարել իր զինվորական ու քաղաքացիական պարտքը:

Այս բանն իրագործված տեսնելու համար Միությունն իրեն մոտավոր նպատակ է դնում միջնորդելու ուր հարկն է, որպեսզի հայկական վեց բատալիոնները վերածվեն գնդերի, որն և իրագործում է: Որոշում է ունենալ հայկական առանձին կորպուս հետևակ, ձիավոր ու թնդանոթաձիգ մասերով, բարձրացնել զորքի ռազմական ոգին ու որակը և մտցնել համապատասխան կարգապահություն: Շնորհիվ կարող և բարեխիղճ ղեկավարների այս էլ իրագործված է: Արդեն կազմված են բրիգադաները և հրավիրված է կորպուսի պետ՝ արժանավոր գեներալ Նազարբեկյանը: Այսպիսով, այն միտքը, որ մի քանի ամիս առաջ երազ էր թվում միայն, այսօր գործ է դարձել: Իրենց բարեխիղճ գործունեության համար ողջույնի և շնորհակալության արժանի են ընկ. Ռուբենը, Ա. Շահմազյանը, Գ. Տ. Օհանյանը, Լ. Փիրալյանը, կապիտան Աբազյանը, Մ. Պապաջանյանը և Տ. Բեկզադյանը:

Կորպուսը փաստորեն արդեն պատրաստ է, մնում է հոգի փչել նրա մեջ և կարգապահությունն ավելի բարձրացնել: Թեև պիտի խոստովանել, որ կարգապահության համար շատ էլ դժգոհելու առիթ չունենք հայկական զորամասերից, բայց ցանկալի է տեսնել նրանց մեջ եվրոպական կարգապահություն. քաղաքացիական պարտքի լայն գիտակցությամբ և պարտաճանաչությամբ: Այդ և նման հարցերի լուծումը կտա մեզ Երևանի համագումարը: Հայ զինվորական անդրանիկ համագումարը, պատրաստ ենք հավատալու, որ այս պատմական վայրկյանին պիտի անշեջ ու անթերի կատարի իր առաջադրած նպատակները՝ ի մի ձուլելով հայ զինվորականությունը, պիտի բարձրացնե նրա կորովն ու ռազմական ոգին, որպեսզի միացած ուժերով, նոր եռանդի թափով հայ զինվորը իր օրինակելի և պատվավոր տեղը գրավե Ազատ Ռուսաստանում՝ նոր ու թարմ ուժերով, նոր կորովով գնա ռազմի դաշտ պաշտպանելու մեր գարուն կյանքի առավոտը…

Ստ. Թոփչյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives