July 27, 2024

Թուրքիան կողոպտում է Նախիջևանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

Թեհրանում լույս տեսնող «Աբրար» օրաթերթի սեպտեմբերյան համարներից մեկում տպագրված «Թուրքիան կողոպտում է Նախիջևանի բնակչության ապրուստի միջոցները» տեղեկատվությունը առանձնապես հետաքրքրական է այն առումով, որ «մեծ բարեգործ» Թուրքիայի բուն գիշատիչ էությունը բացահայտված է հենց «արյունակից, կրոնակից ու անբաժան եղբայրների» հետ հարաբերություններում: «Առակը»,  կարծում ենք, որոշակի բան պիտի ցուցանե հատկապես նրանց, ովքեր այդ երկրի հետ կապված ջերմ հույսեր են փայփայում դեռևս:

«Պարզվում է»՝ մի երկիր, որի օգնությամբ պիտի ոտքի կանգնեն Անդրկովկասի և Միջին Ասիայի նորանկախ հանրապետությունները, ինքը խիստ կարիքի մեջ է:

Թերևս դրանով կարելի բացատրել այն հանգամանքը, որ թուրքերը չեն խնայում և կողոպտում են անգամ «հարազատներին»:

(Այս տեղեկատվության հետ կապված մի հարց կա, որին հատուկ ցանկանում եմ անդրադառնալ: Հաշվի առնելով Իրանի կողմից որպես մշտապես օգնություն պարենի և վառելանյութի առաքումները Նախիջևան ու դրան գումարած այն, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել Իրանի տարածքով կապվել Նախիջևանին, կարելի է ենթադրել, որ Նախիջևանը սոցիալապես ավելի բարվոք վիճակում է, քան Ադրբեջանը: Այսուհանդերձ, Իրանի թերթերի մեծ մասը Նախիջևանի մասին հաղորդագրությունների, հոդվածների մեջ մեղադրողի շեշտով հիշատակում է, որ Հայաստանը շրջափակել է Նախիջևան տանող կենսական բոլոր ճանապարհները, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի 4-ամյա շրջափակման մասին խուսափում է խոսել):

Ստացվում է հոտևյալ պատկերը. «Այն ժամանակ, երբ Նախիջևանի Ինքավար Հանրապետության 300 հազարանոց բնակչությունը սովի սպառնալիքի տակ է՝ Հայաստանի կողմից կենսական բոլոր ճանապարհների շրջափակման հետևանքով (որոնց միջոցով Ադրբեջանից Նախիջևան են փոխադրվում առաջին անհրաժեշտության պարագաները) թուրքերը շարունակում են կողոպտել Նախիջևանի բնակչության ապրուստի միջոցները»:

Ըստ «Իսլամական հանրապետության» լրատվական գործակալության թղթակցի հաղորդագրության, թեպետ Նախիջևանի պաշտոնական շրջանակները հանուն չնչին օգնությունների, որ ստանում են Թուրքիայից, բարձրաձայն չեն խոսում այս երևույթի մասին, սակայն բնակչության համբերությունը հատել է: Նախիջևանի բնակիչներից մեկը վերոհիշյալ գործակալության թղթակցին ասել է, որ Թուրքիան վառելանյութի ու մսամթերքի թանկության պատճառով թուրքերը կաշառում են Նախիջևանի  սահմանապահներին, էժան գնով գնում են Նախիջևանի վառելանյութը, անասուններն ու ապրուստի այլ անհարժեշտ միջոցներ և տանում Թուրքիա. «փաստորեն կողոպտում են մեզ»:

Անցյալ տարի Սադարակի կամրջի բացումից հետո փոխադրամիջոցների երթևեկելու հնարավորություն ստեղծվեց: Այդ օրվանից էլ թուրք վարորդները սկսեցին օգտագործել ընձեռնված հնարավորությունը և իրենց փոխադրամիջոցների ներքևի մասում տեղադրելով 2-3 հազար լիտրանոց տարաներ՝ Նախիջևանից վառելանյութեր են տեղափոխում Թուրքիա: Թուրքերը նման կարևոր ապրանքների դիմաց նախիջևանցիներին առաջարկում են ծամոն, գռեհիկ նկարներ և տեսաժապավեններ:

Այս կողոպուտի թիրախը ոչ միայն Նախիջևանի վառելանյութը և անասուններն են, այն նաև տարբեր տեսակի մեքենաների պահեստամասեր, բժշկական պիտույթներ, օրինակ՝ ատամնաբուժական տեխնոլոգիա, ակնոցի ապակիներ, դեղորայք ու քիմիական նյութեր:

Նախիջևանի որոշ բնակիչներ էլ խրախուսում են Թուրքերին. կտրատելով էլեկտրալարերը և հաղորդալարերը՝ վաճառում են նրանց:

Նախիջևանի վարչապետ Շամսըդին Խանբաբաևը, հաստատելով նման դեպքերի առկայությունը, ավելացրել է, որ «երբեմն հափշտակվում են և վաճառվում են նույնիսկ ոռոգման պոմպերը, գյուղատնտեսական մեքենաների պահեստամասերը և անգամ առանձնացված լոկոմոտիվներ»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives