December 7, 2024

«Դա պիղատոսություն է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

ՀՀՇ վարչության եւ ՀՀ ԳԽ ՀՀՇ պատգամավորական խմբակցության դեկտեմբերի 7-ի հայտարարությունը մեկնաբանելով՝ ասում է ՀՅԴ Հայաստանի ԿԿ անդամ Սամսոն Ղազարյանը։ Այս հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Թռուցիկ ծանոթությունն անգամ հուշում է, որ այն կազմողները հույսները դրել են ժողովրդի կարճ հիշողության վրա: Մեղադրում են բոլորին եւ ամեն ինչում։ Բայց ոչ իրենց։

Չքմեղանքով նշում են իշխանությունների խոր ճգնաժամը, Գերագույն խորհրդի անպտուղ աշխատանքը, գործադիր մարմինների կաթվածահար համակարգը, կառավարության անճարակությունը, դատարանի եւ դատախազության, ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության կառույցների անզորությունն ու սերտաճումը հանցագործ կլանների հետ։ Երեսպաշտորեն ստում են, թե երբեք չեն ձգտել իշխանության, այլ հոգ են տարել ու ծառայել հայոց պետականության ստեղծմանը։ Եվ նախագահին առաջարկում են առաջարկել իրենց «ստանձնելու հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտների կարգավորման խնդիրը՝ անհրաժեշտ լծակների տրամադրման դեպքում»: Կարծես մինչ այս իրենցը չէր փաստացի իշախանությունը: Կարծես իրենցը չէր լծակն ու ղեկը: Կարծես իրենք չեն հասցրել երկիրը ճգնաժամի:

Հիմնավորեմ: Վերհիշենք ՀՀՇ վերջին տարիների գործունեաթյունը եւ կտեսնենք, որ ամենամեծ մեղքը նրանն է։

Ներկայիս Գերագույն խորհուրդը ձեւավորվեց այն ժամանակ, երբ Հայաստանի ռեալ քաղաքական ուժերը երկուսն էին՝ ՀՀՇ-ն եւ կոմկուսը։ Ազգային–ազատագրական պայքարի ելած ժողովրդի զգացմունքները շահարկելով՝ ՀՀՇ-ն իշխանության հասավ։ Բայց հենց ՀՀՇ-ն էր, որ սահմանափակեց Գերագույն խորհրդի լիազորությունները։ Հիմա հայտարարում են, որ Գերագույն խորհուրդը չի աշխատում: Այո, չի աշխատում։ Որովհետեւ ՀՀՇ-ի ներկայացուցիչները ռումինական տարբերակի սպառնալիքով, 37 թիվը հիշեցնող արտահայտություններով այն վերածեցին վախվորած, հնազանդ զանգվածի։ Ճիշտ է, ընդդիմության շնորհիվ այդ վախը կարծես քիչ-քիչ թոթափվում է։ Սակայն ձեւավորվել է նաեւ կայուն մի զանգված, որն իր անձնական շահն է հետապնդում։ Դիմենք թվերին. ԳԽ պատգամավորներից 27-ը գործադիր մարմինների ղեկավարներ են, չորսը՝ տեղակալներ, 28-ը՝ տնօրեններ, որոնք ուղղակի կամ անուղղակի գտնվում են ՀՀՇ-ի ազդեցության տակ եւ հարկ եղած դեպքում վիժեցնում անցանկալի հարցերի քննարկումը։ Այս Գերագույն խորհուրդը ստեղծել է ՀՀՇ–ն։ Եվ նա փաստորեն հիմնականում ՀՀՇ-ի կամակատարն է։

Հայտարարում են, թե «մերժելով կուլակաթափությունը՝ չի կարելի հանդուրժել թալանչիությունը»: Բայց ո՞վ ձեռնարկեց սեփականաշնորհման անվան տակ կատարվող թալանը: Ո՞վ իր գործունեությամբ նպաստեց «նոր կլանների» ստեղծմանը։ Ո՞վ լիազորություններ տվեց առաջին վարչապետին։ Մի՞թե մոռացել են, որ հենց իրենք՝ ՀՀՇ-ն էր ջատագովը սեփականաշնորհման։ Իրենց առաջնորդած Գերագույն խորհուրդը լիազորություններ տվեց վարչապետին։ Հիմա կանգնել կուրծք են ծեծում, չքմեղանում, թե մենք կապ չունենք։ Տարեսկզբին ԳԽ-ի ստեղծած սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողովի՝ հանրապետության դատախազությանը ներկայացրած եզրակացությունը Երեւանում կատարված սեփականաշնորհման աղաղակող օրինախախտումների վերաբերյալ առայսօր դեռ գտնվում է դատախազության գզրոցներում։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ, ինչպես իրենք են ասում, դատարաններն իրենց նպատակին չեն ծառայում, անգործության է մատնվել դատախազությունը։ Ճիշտ է։ Բայց ո՞վ է մեղավոր։ Հավանաբար, հիշում եք «նարնջի գործը». սկզբում ԳԽ նախագահությանը, հետո դատախազությանը իրավունք չտվեցին գործ հարուցել Արմեն Հարությունյանի դեմ։ ՀՀՇ պատգամավորական խմբակցությունը (անվանական քվեարկություն է եղել) դեմ քվեարկեց։ Ակամա հարց է ծագում, էլ ի՞նչ օրինապահության մասին է խոսքը, երբ Գերագույն խորհուրդն ինքն է խոչընդոտներ ստեղծում իրավապահ մարմինների ճանապարհին։ Այսպիսի մի ժամանակ, երբ ժողովուրդը թերահավատությամբ է լցված, պետք էր ընդառաջել դատախազությանը։ Թող դատարանը պարզեր մեղավորին ու անմեղին։ Բայց ՀՀՇ-ն թույլ չտվեց։

Երկու տարի շարունակ խոսում են, որ իրենց նպատակը պետականության ստեղծումն է։ Բայց հարցնենք պարոնայք հհշականներին, թե ով էր դեմ պետականության ամենակարեւոր նախադրյալներից մեկի՝ բանակի ստեղծմանը։ Ո՞վ էր դավանում տխրահռչակ այն դոկտրինան, թե մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Ո՞վ էր առաջ քաշում այն տեսակետը, թե բանակ ստեղծելու փոխարեն հարկավոր է խոչընդոտել Ադրբեջանի բանակի ստեղծմանը։ Գաղտնիք չէ, որ դա ՀՀ նախագահի որդեգրած կուրսն էր, որը պաշտպանում էր ՀՀՇ-ն։ Նախագահն ինքն է հայտարարել որ իր «սոցիալական հենարանը Հայոց համազգային շարժումն է»։

Հարցնենք պարոնայք հհշականներին, թե ով քաղաքական պասիվություն ներարկեց ժողովրդին, ով իր գործունեությամբ թեւաթափեց ու հիասթափեցրեց ժողովրդին, ով է սպանում հավատը օրինականության հանդեպ։

Կրկնում եմ, ՀՀՇ-ի հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Հայտարարում են, թե նախագահը ՀՀՇ չէ, իշխանությունները ՀՀՇ չեն։ Իրականում իշխանությունը պատկանում է ՀՀՇ-ին։ Ապացույց՝ այս երկու տարվա ընթացքում չորս հոգի վարել է վարչապետի պաշտոն։ Եվ չորսն էլ ՀՀՇ-ի անմիջական աջակցությամբ են դարձել վարչապետ։ Այո, անմիջական աջակցությամբ, որովհետեւ նախագահական համակարգ հիմնելու, նախագահի մասին օրենքն ընդունելու ժամանակ՝ 91-ի ամռանը, ՀՀՇ պատգամավորական ֆրակցիան արեց ամեն բան, որ ԳԽ լիազորությունների առյուծի բաժինը տրվի նախագահին։

Եվ հիմա, ստեղծված ծանր իրավիճակում մատնացույց անել թերությունները, վրիպումները, սխալները, մեղքը բարդել ինչ-որ անձանց վրա, մեղմ ասած՝ պիղատոսություն է։

Վստահ եմ, որ ժողովրդի գիտակից զանգվածը, այն խավը, որը դեռ չի կորցրել քաղաքական հոտառությունն ու հավատն իր հանդեպ, չի խաբվի ՀՀՇ-ի երեսպաշտ հայտարարությունից եւ ճիշտ հետեւություններ կանի։ ՀՀՇ-ի անմիջական մասնակցությամբ են լուծվել (եթե լուծվել են) բոլոր առանցքային հարցերը։ Ինքն էլ պատասխան է տալու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives