December 5, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ալ. Խատիսյանի հեռագիրը դաշնակից պետությունների ներկայացուցիչներին

Ալ. Խատիսյանի հեռագիրը դաշնակից պետությունների ներկայացուցիչներին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69

Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը հեռագրել է Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, պատճենը, դաշնակիցների գերագույն կոմիսար Հասքելին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Դ. Նոնանկուրին, Իտալիայի ներկայացուցիչ գնդապետ Գաբբային և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հետևյալը.

Երևան, 30 մարտի

Ի լրումն իմ մարտ 28-ին ուղարկված N 1920 հեռագրի, Ադրբեջանի կառավարության Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ ձեռնարկված ընդհանուր առաջխաղացման առթիվ պատիվ ունիմ հաղորդելու լրացուցիչ տեղեկություններ, համաձայն որոնց Ադրբեջանական զորքերը և մահմեդականների զինված բանդաները, առաջխաղալով Զանգեզուրի և Ղարաբաղի վրա, ամբողջ ճակատում ոչնչացնում են գյուղերը, հայ խաղաղ ազգաբնակությունը կոտորում-ջարդում։ Այս նախօրոք կանխագծված առաջխաղացման, որի մասին քանիցս ես Ձեզ հաղորդել եմ, նպատակն է հայկական Ղարաբաղի և Զանգեզուրի ազգաբնակության զենքի ուժով զինաթափումը հակառակ ազգաբնակության ցանկության, և խաղաղարար կոնֆերանսի ցուցմունքներին և լորդ Քըրզոնի վերջին հեռագրի։ Դաշնակիցների որոշումներին հակառակ գնալ չցանկացող Հայաստանի կառավարության խաղաղասիրությունից օգտվելով՝ Ադրբեջանի կառավարությունը ապրիլի 1-ին Թիֆլիսում անդրկովկասյան հանրապետությունների հրավիրվող կոնֆերանսի նախօրյակին, ի կատար է ածում յուր մտադրությունը, որ թելադրված է տաճիկների կողմից՝ Ղարաբաղի և Զանգեզուրի երեք հարյուր հազարանոց հայ ազգաբնակությունը ոչնչացնել և Նախիջևանի վրայով Տաճկաստանի հետ կապվել, այսպիսով շրջապատելով Հայաստանը տաճիկ-թաթարական միատարր թշնամորեն տրամադրված օղակով, Կիլիկիայի սարսափելի կոտորածներից հետո նույնպիսի վիճակ է սպասում նաև ոչ միայն Զանգեզուրի ու Ղարաբաղի հայ ազգաբնակության, այլև բոլոր այն հայերին, որոնք ապրում են Բաքվում, Գանձակում և Ադրբեջանական հանրապետության այլ տեղերում։

Հայկական կառավարությունը և հայ ժողովուրդը չի կարող անտարբեր վերաբերվել հայերի սիստեմատիկ ջարդի հանդեպ, բուռն կերպով բողոքում է Ադրբեջանի ձեռնարկած քայլերի դեմ և խնդրում է Ձեզ հանուն իրավունքի, արդարության և խաղաղարար կոնֆերանսի հայտարարած սկզբունքների ձեռնարկել եռանդուն և շտապ միջոցներ Ադրբեջանի ձեռնարկած առաջխաղացման առաջն առնելու և խոչընդոտ հանդիսանալու Ադրբեջանի ցանկությանը Ղարաբաղի հարցը զենքով լուծելու, և այս ամենի մասին տեղեկացնել Ձեր կառավարությանը։ Ձերդ գերազանցության ձեռնարկած միջոցների մասին մի մերժեք տեղեկացնել հայկական կառավարության՝ Հայաստանի հասարակական մտքի հանգստացման համար։

Նախարարապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives