«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.
Իրանը մտահոգված Զանգելանով
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով ադրբեջանական զորքերը օրեցօր ակտիվացնում են մարտական գործողությունները ռազմաճակատի հարավային և արևելյան հատվածներում: Շարունակում են հայկական պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակավայրերի զանգվածային հրթիռակոծությունը և ադրբեջանական օդուժի հարձակումները: Այս մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը:
Օգոստոսի լույս 10-ի գիշերը Ֆիզուլու շրջանում տեղակայված «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի շրջկենտրոնը և շրջանի Ճարտար գյուղը: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի հաղորդման, կան մեծ ավերածություններ, ինչպես նաև զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ:
Օգոստոսի 10-ի առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն անցել են լայնածավալ հարձակման Մարտունու շրջկենտրոնի արևելյան հատվածում: Կրելով կենդանի ուժի զգալի կորուստներ, հակառակորդը ստիպված է եղել նահանջել իր նախկին դիրքերը: Օգոստոսի 10-ի կեսօրին Ֆիզուլուց կրկին սկսվել է ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների հրթիռակոծումը: Հայկական կողմից նախնական տվյալներով զոհեր չկան:
Միևնույն ժամանակ, ինչպես Նեգա գործակալության թղթակցին հայտնել են իրավազեկ աղբյուրներից, Իրանի հատուկ ծառայությունների կարծիքով, Ադրբեջանի Զանգելանի շրջանին սպառնում է հայկական զինված ուժերի գրավման վտանգը, որոնց կուտակումը դիտվում է Հայաստանի հարավարևելյան մասում:
Ադրբեջանի իրավապահ մարմիններին մոտիկ կանգնած անձանց կարծիքով, Իրանի իշխանությունները մտահոգ են այն բանից, որ հայկական կողմերը կարող են գրավել Ադրբեջանի Իրանին սահմանակից շրջանները: Նման իրավիճակում կարող է սկսվել փախստականների մեծ հոսք դեպի Իրան:
Մինչդեռ, ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 10-ի գիշերն ու առավոտյան իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում համեմատաբար լավ է: