February 28, 2021

Հադրութն ու Մարտունին հրետակոծության տակ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.

Իրանը մտահոգված Զանգելանով

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով ադրբեջանական զորքերը օրեցօր ակտիվացնում են մարտական գործողությունները ռազմաճակատի  հարավային և արևելյան հատվածներում: Շարունակում են հայկական պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակավայրերի զանգվածային հրթիռակոծությունը և ադրբեջանական օդուժի հարձակումները: Այս մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը:

Օգոստոսի լույս 10-ի գիշերը Ֆիզուլու շրջանում տեղակայված «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի շրջկենտրոնը և շրջանի Ճարտար գյուղը: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի հաղորդման, կան մեծ ավերածություններ, ինչպես նաև զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ:

Օգոստոսի 10-ի առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն անցել են լայնածավալ հարձակման Մարտունու շրջկենտրոնի արևելյան հատվածում: Կրելով կենդանի ուժի զգալի կորուստներ, հակառակորդը ստիպված է եղել նահանջել իր նախկին դիրքերը: Օգոստոսի 10-ի կեսօրին Ֆիզուլուց  կրկին սկսվել է ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների հրթիռակոծումը: Հայկական կողմից նախնական տվյալներով զոհեր չկան:

Միևնույն ժամանակ, ինչպես Նեգա գործակալության թղթակցին հայտնել են իրավազեկ աղբյուրներից, Իրանի հատուկ ծառայությունների կարծիքով, Ադրբեջանի Զանգելանի շրջանին սպառնում է  հայկական զինված ուժերի գրավման վտանգը, որոնց կուտակումը դիտվում է Հայաստանի հարավարևելյան մասում:

Ադրբեջանի իրավապահ մարմիններին մոտիկ կանգնած անձանց կարծիքով, Իրանի իշխանությունները մտահոգ են այն բանից, որ հայկական կողմերը կարող են գրավել Ադրբեջանի Իրանին սահմանակից շրջանները: Նման իրավիճակում կարող է սկսվել փախստականների մեծ հոսք դեպի Իրան:

Մինչդեռ, ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 10-ի գիշերն ու առավոտյան իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում համեմատաբար լավ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives