«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)
Ինչպես տեղեկացնում են Գորիսի շրջխորհրդից, դեկտեմբերի 16-ի կեսօրին Լաչինի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանական ռազմական հենակետից վերստին հրթիռակոծվել են Գորիսի շրջանի Տեղ եւ Արավուզ գյուղերի հայկական ինքնապաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան:
Հրթիռակոծումները վերսկսվել են նաեւ հանրապետության Կրասնոսելսկի եւ Տավուշի սահմանամերձ տարածքներում։ Շրջխորհուրդներից ստացված տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 17-ին, ադրբեջանական Գետաբեկի շրջանից ուժգին հրթիռակոծվել են Կրասնոսելսկի ինքնապաշտպանական դիրքերը, իսկ Թովուզի շրջանից՝ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Դեկտեմբերի 16-ի երեկոյան, խախտելով Հայաստանի օդային սահմանները, ադրբեջանական ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչքներ է կատարել Կրասնոսելսկի շրջանի Ջիլ գյուղի վրա։
Ըստ նույն աղբյուրների, մարդկային ուժի եւ զինվորական տեխնիկայի խոշոր կուտակումներ են նկատվում Գետաբեկի՝ Կրասնոսելսկին սահմանակից տարածքներում։
Դեկտեմբերի 15-ին, ադրբեջանական Ղազախի շրջանից արձակված գնդակներից, ծանր վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչներից մեկը։
Դեկտեմբերի 16-ին Իջեւանից Նոյեմբերյան բենզին տեղափոխող բեռնատարը Բաղանիս- Այրում տարածքում, պայթել է ականի վրա։ Վարորդը եւ ուղեկցողը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։