Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)
ԼՂ Հանրապետությունում իրավիճակը կտրուկ սրվել է: Մոտ մեկ ամիս տևած հարաբերական հանգստից հետո աշխուժություն է սկսվել հանրապետության բոլոր ռազմաճակատներում: Հունվարի լույս 14-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները «Գրադ» կայանքներից, թնդանոթներից, հրասայլերից և հեռահար այլ զենքերից հրթիռակոծել են սահմանամերձ ողջ գոտին:
Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Ասկերանի և Մարտունու սահմանապահ դիրքերը, Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից՝ ռազմաճակատի ողջ երկայնքը: Միևնույն ժամանակ Ֆիզուլու շրջանի ռազմական հանգրվաններից հրետակոծվել են Հադրութի շրջանի Էդիլլու և Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրերը: Երեկ կեսգիշերին Աղդամից սկսվել է ԼՂՀ մայրաքաղաքի հրետակոծումը: Ստեփանակերտի վրա արձակված 9 արկերի պայթյունների հետևանքով քաղաքի բնակիչներից մեկը վիրավորվել է: Կան թեթևակի ավերածություններ: Մարտունու շրջանից ստացված տեղեկությունների համաձայն, հունվարի 13-ի երեկոյան Ադրբեջանի ազգային բանակին հաջողվել է Ուրյան լեռան և Գևորգավանի ուղղությամբ գրավել մի քանի դիրքեր, որոնք մինչ այդ գտնվում էին հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ: Հայկական կողմից տուժածների մասին տեղեկություններ չկան:
Երեկ առավոտյան հայ ազատամարտիկները գործողություններ են ձեռնարկել թշնամու զիջած դիրքերը վերցնելու ուղղությամբ:
Մարտունուց ստացված տեղեկությունների համաձայն, դիրքերի մեծ մասն արդեն անցել է հայերի հսկողության տակ:
Չսահմանափակվելով ԼՂՀ բնակավայրերի և սահմանապահ դիրքերի հեռահար հրետակոծմամբ Ադրբեջանի ազգային բանակը խաղաղ բնակչության դեմ գործի է դրել ավելի հզոր տեխնիկա: Հունվարի 14-ին ադրբեջանական ռազմական ինքնաթիռները, մի քանի անգամ խախտելով ԼՂ Հանրապետության օդային տարածքը, հետախուզական թռիչքներ են կատարել Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունու երկնքում: Կեսօրից հետո խորանալով Ասկերանի շրջանի օդային տարածքում, թշնամու ինքնաթիռը կասետային ռումբերով ռմբակոծել է Խնձրիստան գյուղը: Նախնական տվյալներով տուժածներ չկան: