July 26, 2024

1993թ. հուլիսյան դրամային ռեֆորմը Ռուսաստանում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 1

1993թ. հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և կենտրոնական բանկի որոշումով անցկացվում է դրամային ռեֆորմ և շրջանառությունից հանվում են 1961-1992թթ. թղթադրամները։ Այս բարեփոխման նպատակը արժեզրկման դեմ պայքարելն էր, ինչը, սակայն, մեծ բարդություններ է ստեղծում առաջին հերթին Ռուսաստանում, ապա բոլոր այն հանրապետություններում, որտեղ ազգային արժույթը ներդրված չէր և շրջանառվում էր խորհրդային ռուբլին։ Դադարեցնելով հին թղթադրամների օգտագործումը, Ռուսաստանն իր քաղաքացիներին թույլ էր տալիս երկշաբաթյա ժամկետում փոխանակել մինչև 35 հազար ռուբլի։ Մոսկվայում և խոշոր քաղաքներում ֆինանսական խուճապ է սկսվում: Ստեղծված պայմաններում նախագահ Ելցինը հուլիսի 25-ին հրամանագիր է ստորագրում, որով փոխանակման ենթակա գումարի չափն ավելացվում է մինչև 100 հազար ռուբլի, իսկ ժամկետը երկարաձգվում մինչև օգոստոսի վերջ։ Դրամային ռեֆորմը բացասական հետևանքներ է ունենում թե՛ տնտեսության, և թե՛ բնակչության սոցիալական դրության վրա։ Մի քանի ամիս անց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինն ասում է իր հայտնի՝ «Ցանկանում էինք լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ» խոսքը։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և նորաստեղծ Կենտրոնական բանկը 1993թ. հուլիսի 25-ին հայտարարում են, որ Ռուսաստանում ընդունված որոշումը Հայաստանի տարածքում չի գործում: «Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ԽՍՀՄ պետական բանկի և ԽՍՀՄ գանձատան կողմից 1961-1992թթ. թողարկած թղթադրամները և մետաղադրամները, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից բաց թողնվող 1992, 1993թթ. նմուշի թղթադրամներն օրինական վճարման միջոց են և ենթակա են պարտադիր ընդունման իրենց անվանական արժեքով ՀՀ ամբողջ տարածքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիների կողմից»,— ասված էր հայտարարության տեքստում։

1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետության ֆինանսական վիճակի մասին մենք զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

1993թ. հուլիսի 25-ին Ռուսաստանն անսպասելիորեն փոխեց խաղի կանոնները՝ դուրս գալով ռուբլու գոտուց:  Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

— Ճգնաժամը սկսվել էր դեռ 1992 թվականից: Ռուսաստանը արդեն մասնակի դուրս էր եկել ռուբլու գոտուց՝ հայտարարելով, որ այլևս չի վարկավորելու կամ էմիսիա չի անելու մյուս հանրապետություններին: Նախ և առաջ  պետք է ներկայացնել, թե այդ ժամանակ ինչ իրավիճակում էր ֆինանսատնտեսական համակարգը՝ պատկերացում չկար, թե ինչ է շուկայական հարաբերությունները, հատկապես դրա ներկայացումը համաքաղաքական դիսկուրսում զրոյական մակարդակի վրա էր: Խորհրդային Միության ժամանակ բանկային համակարգը եղել է մեկ աստիճանի, այսինքն՝ մեկ էմիտենտ*: Մասնավոր բանկային համակարգ չի եղել, որ ավանդ վերցնի և փող ստեղծի. գումար միայն ստեղծում էր պետությունը: Երկաստիճան բանկային համակարգը հայտնի չէր: Թվում էր, թե Խորհրդային Միության իներցիայով փող էմիսիա անելով և գները կարգավորելով, պետությունները կարող են կառավարել տնտեսությունը՝ մինչդեռ այդպես չէ: Այդ ժամանակ փողը այսօրվա նման ազատ չէր, կային բավականին շատ սահմանափակումներ անկանխիկ փողի շրջանառության վրա. սեփականաշնորհումն այս աստիճանի չէր: Փողի էմիսիան վարկերի տրամադրումն էր, այսինքն՝ փող տպելը և ձեռնարկություններին տալը: Երկու բան ավելացնեմ, որպեսզի նկարագրեմ միջավայրը: Թեպետ երկրները անկախացան և ստեղծեցին ԱՊՀ-ն, սակայն այդ երկրների մեծամասնությունը՝ բացառությամբ մի քանիսի (Մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը, Ուկրաինան), չէին ուզում տեսնել անկախության համը. դրանք էին հիմնականում Ասիայի երկրները, ինչպես նաև՝ Հայաստանը:

Փողի ներդրումը ուղղակիորեն համընկնում է մարդկանց քաղաքական մտածողության հետ. ինչքան ուշ էր երկիրը ներդնում փողը, այնքան ուշ էր ցանկանում անկախանալ: Հայաստանում իրավիճակը մի քիչ այլ էր, քանի որ տաբեր քաղաքական ուժեր կային և տարբեր ցանկություններ՝ թեպետ թելադրողն, իհարկե, իշխող ուժն էր:

Երկրորդն ապրանքների դեֆիցիտն էր, որը գալիս էր դեռ Գորբաչովի ժամանակից: Այդ միաստիճան բանկային համակարգը, որն անընդհատ էմիսիա էր տալիս, չէր պատկերացնում, որ հենց էմիսիան է արժեզրկման պատճառը, որովհետև ապրանքային ծածկույթ չկար:

Փողի ու ապրանքային ծածկույթի համադրության խառը մեխանիզմներ էին կիրառվում և դրանցից մեկը Լիտվայում էր եղել: Նա շատ շուտ էր ներդրել սեփական փողը՝ ստեղծելով սեփական կտրոններ («տալոն»**, որը շատ նման էր մեր կտրոններին): Թվում էր, թե փողը չի հերիքում, ինչի պատճառով լրացուցիչ փող էր թողարկվել, բայց  քանի որ ապրանքային պակասորդ (դեֆիցիտ) կար, մարդիկ փողը կուտակում էին, չգիտեին ինչ անեին: Եվ որոշում էր կայացվել ռուբլով ստացվող աշխատավարձին զուգահեռ ևս 20 տոկոսի չափով կտրոն էին տալիս, առանց որի ռուբլին չէր կարող օգտագործվել, կտրոնն արագ ծախսվում էր, իսկ ռուբլու ավելցուկը՝ մնում:

—————————————

*эмитент — Կազմակերպություն, որը արժեթղթեր է թողարկում (эмитирует). Էմիտենտ կարող են լինել իրավաբանական անձինք, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները:

эмиссия — Էմիսիա, արժեթղթերի կամ թղթադրամների թողարկում:

—————————————

** Լիտվական կտրոնը (талон) շրջանառության մեջ է դրվել 1991թ. օգոստոսին: Մինչև 1992-ի հոկտեմբերը որպես վճարման միջոց օգտագործվել է խորհրդային ռուբլու հետ միասին, հետագայում՝ ռուբլու փոխարեն: Ժողովրդի շրջանում լիտվական կտրոնը ստացել էր «вагнорки» անվանումը, որը ծագում էր Լիտվայի վարչապետ Գեդիմինաս Վագնորյուսի ազգանունից:

—————————————-

Լիտվական կտրոն. 1991

Մոսկվան դեռևս կարողանում էր կառավարել կանխիկ փողի տպագրությունը և իրեն թվում էր՝ դա բավարար է, որովհետև ԽՍՀՄ-ում անկանխիկ գումարը միշտ ձևական բնույթ է ունեցել՝ մարդիկ միշտ ավանդներ ունեցել են, և ապրանքի պակասի պատճառով չեն իմացել, թե որտեղ ծախսեն. ձևավորվել էր ստվերային շուկան, որտեղ շատ ավելի թանկ գործարքներ էին անում. ավտոմեքենա ձեռք բերելով, բնակարան, բայց բոլորը չէին օգտվում այդ ստվերային շուկայից և փողը կուտակվում էր: 1985-ից Խորհրդային Միությունը սկսել էր մեծ պակասորդով բյուջեով աշխատել, այսինք արժեզրկումը, որը նույնիսկ Գորբաչովը չկարողացավ պահել, էլի արհեստական էր և իրականում շատ ավելի մեծ էր: Այս մասին ստվերում առկա գներն էին վկայում: Կանխիկը կարողանում էին կառավարել և Մոսկվային թվում էր, թե ռուբլին դեռևս կարող էր միասնական աշխատել:

Երբ պետությունները սկսեցին ինքնուրույն աշխատել՝ վարկեր տրամադրելով ձեռնարկություններին, անկանխիկ շրջանառությունը Մոսկվայի ձեռքից դուրս եկավ: 1992թ. հուլիսից նա փորձեց որպես էմիտենտ (թողարկող) հրաժարվել, իսկ 93-ին արդեն վերջնականապես դուրս եկավ և հայտնեց, որ ռուբլին այլևս շրջանառության մեջ չէ: Ամենակարևորը՝ տրվեց վերին սահմանափակում, թե առավելագույնը ինչքան թղթադրամ էր թույլատրվում փոխանակել, իսկ փոխանակման պայմանը գրանցումն էր. եթե դու չունեիր Ռուսաստանի գրանցում, ապա պետք է վազեիր և այդ ռուբլիները ծախսեիր այլ հանրապետությունում: Այդտեղից սկսվեց ֆինանսական ճգնաժամը:

Ռուսաստանը նոր ռուսական ռուբլին ներդրեց որպես ազգային արժույթ: Սկզբում փոխանակման սահմանը 35 հազար ռուբլի էր, հետո՝ 100 հազար: Դա նույն էմիսիան է: Հայաստանում, ըստ էության, 50 հազար ռուբլի էր չափը, բայց հետո անընդհատ էմիսիա էր արվում, հատկապես ձեռնարկություններում, փող էր տպվում: Լիմիտի մեծացումը մարդկանց համար հոգեբանորեն ավելի լավ մոտեցում էր, քանի որ շատ ծանր է ունենալ փող և չկարողանալ այն ծախսել, և ըստ մի հետազոտության՝ կային մարդիկ, ովքեր այդ իրավունքից  այդպես էլ չկարողացան օգտվել: Ռուսաստանում այս անցումը 4 ամիս տևեց:

Անսպասելի՞ էր Ռուսաստանի որոշումը

— Հայաստանում Տիգրան Սարգսյանին, Լևոն Բարխուդարյանին և Իսահակ Իսահակյանին դեռևս հունվարին հանձնարարվել էր հայկական արժույթը ներդնելու պարտականությունը: Այսինքն, քաղաքական որոշումը վաղուց էր կայացվել, որ Հայաստանն իր արժույթը պետք է ներդնի, սակայն միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանն անընդհատ գալիս էր Գերագույն խորհուրդ և ասում, որ բանակցություններ են ընթանում ռուսական նոր ռուբլու գոտի ստեղծելու ուղղությամբ: Մինչև հիմա ինձ անհասկանալի է, թե ինչու էր նա իր վրա դրված պարտականությունը հետաձգում: Քաղաքական առումով բացատրելի է՝ նա ներկայացնում էր քաղաքական այլ ուժ, ինքուրույն էր, այն ժամանակ մեր Գերագույն խորհուրդը նաև գործադիր էր, որոշումներն այնտեղ էին կայացվում (1995թ. Սահմանադրությամբ նոր փոխվեց մեր կառավարման համակարգը): Հայաստանի Հանրապետությունը կանգնեց փաստի առաջ, որ ոչ մի ընդհանուր ռուբլու գոտի էլ չկա, և մենք, որ վաղուց պիտի ներդնեինք ազգային արժույթը, այդպես էլ պատրաստ չէիք: Ի տարբերություն մեզ՝ մերձբալթյան երկրները, Ադրբեջանը և Վրաստանը շուտ էին ներդրել` 91-92թթ.: 1993թ. նոյեմբերի 15-ին ներդրեցրին Թուրքմեստանը, Ղազախստան, մենք՝ ավելի ուշ:

— Գիտելիք չկար, տնտեսության մասին զրույցներ չկային: Հիմնականում գազամուղի պայթեցումից էին խոսում, պատերազմից: Երկիրը շատ վատ վիճակում էր և ժամանակակից շուկայական, տնտեսական քննարկումներ շատ ուշ մտան  քաղաքական դաշտ:

Գիտեք, ես կարող եմ հիմիկվա գիտելիքներով քննադատել, այն ժամանակվա պատասխանատու անձինք նույնպես կարող են իրենք իրենց քննադատել, բայց եկեք ազնիվ լինենք՝ Հայաստանում այն ժամանակ այդ գիտելիքը չկար: Հայաստանը շրջափակման, պատերազմի մեջ էր, մեր միակ սահմանը Վրաստանն էր… եթե չլիներ կոռուպցիա, եթե լիներ կարագավորում, չլիներ անարխիա և գոնե կանխիկի հոսքը կարգավորվեր… Որովհետև այն երկրներում, որտեղ արժույթը փոխվում է, մեծ ծավալի կանխիկ դրամ է առաջանում: Եվ ես հիշում եմ խոսակցությունները, որ այն ժամանակ պարկերով, բեռնատարներով կանխիկ ռուբլի էր մտնում Հայաստան, որը ստեղծում էր երկու բան՝ առաջին. կապիտալի ձևավորում՝ ոմանք միանգամից գերհարստանում են, առաջանում է անհավասարություն և հիպերինֆլյացիա: Եթե շատ փող կա, բայց ապրանքային ծածույթ չկա, գները միանգամից բարձրանում են: Մենք չունեինք սահմանի վրա վերահսկողություն, որպեսզի անօրինական փող չմտներ Հայաստան: Այլ երկների համար դա թուղթ էր, կոնֆետի թուղթ, իսկ այստեղ՝ վճարման միջոց:

Հուլիսի 28-ին ոչ մի բանկ չէր կարողանում սահմանել դոլարի փոխարժեքը. Երկու օրում 1 դոլարy դառնում է 1500 ռուբլի: Մեր կառավարության որոշում է, որ Հայաստանի քաղաքացիություն չունեցողները իրավունք չունեն 35 հազարից ավել գումար բերել: Այսպես փորձում էին կանխել անօրինականությունը, քանի որ չունեին այդքան վարչական ռեսուրս:

— Մինչև 1995թ. Հայաստանը դեռևս անարխիայի մեջ էր: Անարխան մի կողմից լավ էր՝ ղարաբաղյան հարցում մարդիկ կարողանում էին ինքնակազմակերպվել և վատն այն էր, որ պետության վրա հույս չէին դնում: 1995-ից նոր միայն երկիրը գտավ կարգավորող, վերահսկող, պատժող ֆունկցիան:

Տիգրան Սարգսյանը, «Երկիր» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ռուբլու գոտում մնալու համար Ռուսաստանը պահանջում էր, որ Հայաստանի դրամատունը դառնա Ռուսատանի ԿԲ-ի մասնաճյուղ, պահանջում էր ունենալ միասնական հարկային համակարգ և միասնական մաքսային տարածք, պետք է լիներ բյուջետային վերահսկողություն: Ռուսաստանը, ըստ ներկայացվածի, բացի թղթադրամը փոխելուց նաև ներկայացնում էր նոր պահանջներ:

— Ռուսաստանը շատ կտրուկ հրաժարվեց ռուբլուց և այնտեղ հիպերինֆլյացիայի եղավ, այսինքն՝ ինքն էլ չկարողացավ այն կառավարել: Նույն Հայաստանը, Ռուսաստանը էմիսա էին անում՝ վարկ տալով պետական ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս աշխատավարձ տային, մինչդեռ այդ գործարանները չէին աշխատում և արտասահմանյան ապրանքով էին ծածկում բացը: Այնպես չէր, որ Ռուսաստանը  հրաշք համակարգ էր ներդրել: Հենց սրա մասին է ասել Չերնոմիրդինը՝ «Хотели как лучше, а получилось как всегда»: 93թ. չկար ռեսուրս, չկար պատկերացում, թե ինչպես պետք է կարգավորվի սեփականաշնորհման ռեֆորմը: Ես՝ ինքս, ուսումնասիրել եմ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո դրամական ռեֆորմները և զարմանալիորեն լրիվ նույն խնդիրներն են եղել, և եթե չկրկնվեին նույն սխալները՝ ավելի լավ կլիներ: Խորհրդային Միության հանրապետություններն առաջինը չէին, ուր պիտի դրամական ռեֆորմ անեին: Մեր Գերագույն խորհրդում քննարկվում էր միայն, թե ինչքան էմիսիա պետք է տային գործարաններին, այսինքն քննարկում էին հետևանքը, հետո նոր՝ պատճառը: Այն ժամանակ ձեռնարկության տնօրենները մի շարք շահեր ունեին: Հայաստանում կապիտալի նախնական կուտակումը եղել է հենց էմիսիոն վարկերի միջոցով: Ոմանք ձեռք գցեցին Գերագույն խորհրդից էմիսիոն վարկեր և հետո գնեցին սեփականաշնորհման սերտիֆիկատներ:

— Փողի ներդրման ժամանակ տեղի ունեցավ Հայաստանում կապիտալի ներդրումը: Հենց այս ժամանակ էլ ձևավորվեց հարուստների և աղքատներ խավը: Եղան մարդիկ ովքեր կարողացան էմիսիաների միջոցով՝ շատ փող ստանալ: Ոչ կանխիկն այն ժամանակ, կարծես, առանձին փող լիներ, սակայն կային կանխիկացնելու տարբեր մեխանիզմեր՝ օրինակ, երբ ուսանողներն ընդունվում էին վճարովի բուհ, ձեռնարկությունը կարող էր անկանխիկ վարձը փոխանցել, իսկ մարդը կանխիկ գումար էր տալիս ձեռնարկությանը: Լինում էին դեպքեր, երբ փոխանցում էր մեկը՝ երկուսի հարաբերակցությամբ. տալիս էին 100 ռուբլի, և անկանխիկ 200 դոլար փոխանցում էին ուսանողներին: Այս ամենին վերջ դրվեց Կենտրոնական բանկի անկախությամբ: Բոլոր այս երկրներում մեկ աստիճանի բանակային մեխանիզմով հնարավոր չէր շուկայական տնտեսությունում դրամավարկային քաղաքականություն իրագործել:

— Այս փոփոխությանը Ռուսաստանի համար տնտեսակա՞ն որոշում էր, թե՞ կար քաղաքական բաղադրիչ:

— Միանշանակ կար, որովհետև Ռուսաստանը խմորումների մեջ էր՝ Չեչնիայի խնդիրը, Գերագույն խորհուրդը մեծ խնդիրներ ուներ, բացի այդ, Ռուսաստանը  հավակնություններ ուներ: Քաղաքական համատեքստ կար, սակայն տնտեսականը շատ մեծ էր: Եկեք չմոռանանք, որ այդ ժամանակ հետխորհրդային հանրապետություններն ապրանքային դեֆիցիտ ունեին, կորցրել էին մրցունակությունը և այդ փողով կարող էին տարբեր երկրներից տարբեր ապրանքներ գնել՝ պարտադիր չէր, որ փողը անօրինական մտներ Ռուսաստանը և արժեզրկվեր: Տնտեսական առումով հասկացան, որ հնարավոր չէ այլևս կառավարել արժեզրկումը և պետք է սեփական արժույթ ներդնել:

—  Ինչո՞ւ այդքան ուշ ներդրվեց հայկական դրամը:

— Տպագրված չէր փողը, ավելին՝ մետաղադրամները ուշ ներդրվեցին: Մեծ քանակով թղթադրամներ էին անօրինական մտնում Հայաստան: Նոյեմբերին դրամը ներդնելով չդադարեց արժեզրկումը, քանի որ Գերագույն Խորհուրդը շարունակում էր էմիսիոն վարկեր տրամադրել, մինչև որ 1995թ. Կենտրոնական բանկը հրաժարվեց էմիսիա անելուց:

Կարելի է ասել այդ 3 ամիսը՝ օգոստոսից մինչև նոյեմբեր, դարձան բնակչության նոր աղքատացման պատճառ: Կարելի էր այդ ժամանակ մարդկանց իրենց խնայողությունների դիմաց տալ սեփականություն՝ նկատի ունեմ 80-ակակների խնայած գումարը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

1 Comment Already

  1. Հետաքրքիր հոդված էր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives