«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի
Դաշնակցային Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Կոստիկովը հայտարարեց, թե Բորիս Ելցինի դիմումից հետո անցած երկու օրերը թույլ են տալիս եզրակացնել դրա նշանակության և ազդեցության մասին:
Մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, թե բնակչությունն ըմբռնումով է ընդունել ճգնաժամից դուրս գալու նախագահի առաջարկությունները: Աշխատավորական կոլեկտիվները համերաշխություն են հայտնել կառավարությանը և նախագահին, ինչն ապահովում է երկրի և տնտեսության բնականոն զարգացումը: Վ. Կոստիկովը նաև նշեց, թե Ելցինի հրամանագրի համաձայն, բանակն ամբողջությամբ ձեռնպահ է մնում քաղաքականությանը միջամտությունից: Չնայած ԳԽ որոշակի շրջանակների ձգտմանը՝ հակամարտության մեջ ներքաշել բանակին, այն հավատարիմ է օրենքին: Մամուլի քարտուղարը ուշադրություն հրավիրեց Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինի «շտապողական և միակողմանի դիրքորոշման վրա», որը, նախքան դատարանը կքննարկի դիմումի և մյուս փաստաթղթերի օրինականությունը, շտապեց, հակառակ իրավական էթիկայի, գնահատական տալ դրանց: Այդպիսով նա «կասկածի տակ դրեց իր անկողմնակալությունը»,— նշեց Վ. Կոստիկովը: Նրա գնահատականներով, համաշխարհային լայն աջակցությունը Ելցինին ավելորդ անգամ հաստատում է նախագահի գործողությունների իրավականությունը: