Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Նախագահի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանի երեկվա ասուլիսը սկսվեց Ռուսաստանի դեսպան Վ.Կազիմիրովի այցի մասին տեղեկությունից։ Նշվեց, որ նա Բաքվից Երևան է ժամանել և մեկնելու է Ստեփանակերտ՝ կրակի դադարեցման պայմանները ԼՂՀ ղեկավարության հետ քննարկելու նպատակով։ Նշվեց, որ հարցի կարգավորմանը առաջվա պես խանգարում է Ադրբեջանում տիրող ներքին անկայունությունը, և հույս հայտնվեց, որ կիրակի օրը անցկացվելիք հանրաքվեն ի հայտ կբերի մի ուժ, որ ի վիճակի կլինի կատարել ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի պայմանները՝ մեղքը չբարդելով չվերահսկվող կազմավորումների վրա։
Ադրբեջանական քարոզչությունը և դիվանագիտությունը շարունակում են հակամարտությունն օգտագործել քաղաքական միավորներ հավաքելու համար՝ տարփողելով, թե հայկական կազմավորումները հասել են Իրանի սահման՝ փորձելով սրել Հայաստանի և Իրանի հարաբերությունները։
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թելմա Օ’կոն Սոլորսամուն այցելել է Կապան և նկարահանել ռմբակոծումների հետքերը։ Նրա 3 հարյուր լուսանկարներն ու երկու տեսաժապավենները ուղարկվել են ՄԱԿ-ի կենտրոնատեղի։
Ռուբլու գոտու ստեղծմանը, ըստ Ա.Աբրահամյանի, համալիր մոտեցում է պահանջվում, և խոսքն ավելի շուտ պետք է լինի միասնական տնտեսական գոտու մասին։ Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում սկսվելիք ԱՊՀ գագաթաժողովում հնարավոր է այս խնդրի հստակեցում, իսկ մինչ այդ ՀՀ ԳԽ նախագահությունը, կառավարությունը և ազգային բանկը համատեղ նիստում քննարկում են ռուբլու հետ կապված խնդիրները։
Սահմանադրության նախագծերի հրապարակումները Ա. Աբրահամյանը որակեց իբրև ընդհանուր առմամբ դրական՝ նշելով, որ դրանց էական թերությունը քաղաքական շահանկրտումների վրա հենվելն է։
Սեփականաշնորհման գործընթացի տեմպերի հարցում խորհուրդ տրվեց ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով ներքին և արտաքին քաղաքական գործոնները։ Արտաքին գործոնների վերաբերյալ պարզաբանվեց, որ նկատի է առնվում շրջափակումը, սահմանամերձ հողատարածքներում պատերազմական վիճակը և այլն։
Սերժիկ Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին մամլո քարտուղարը հայտնեց, որ նա մասնակցել է ԼՂՀ բանակի ստեղծմանը, և այդ փորձը օգտակար կլինի նաև Հայաստանի համար։ «Հայաստանի կառավարությունում աշխատում են մի քանի պաշտոնյաներ, որոնք Հայաստանի քաղաքացի չեն։ Նրանց թիվն ավելացավ Սերժիկ Սարգսյանով»,– ավելացրեց Ա. Աբրահամյանը։ Նա չբացառեց Վազգեն Մանուկյանի՝ այլ պետական աշխատանքի անցնելու հավանականությունը։
Խոսելով նախագահի խորհրդական Արտյոմ Աթալյանցի հետ օրերս տեղի ունեցած միջադեպի մասին՝ Ա. Աբրահամյանը տեղեկացրեց, որ նրա թիկնապահների զենք կրելու փաստը ոչ մի դեպքում օրենքի խախտում չէ, քանի որ ժամանակին այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև։ Նա ստահոդ համարեց այն լուրը, թե իբր Աթալյանցի թիկնապահները Սոչիի նրա ամառանոցը հայտարարել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Ի դեպ, երկուշաբթի օրը Երևանում կկայանա Աթալյանցի հանդիպումը լրագրողների հետ, ինչը նա խոստացել էր դեռ ամիսներ առաջ՝ խոստանալով նաև չափազանց էական և անչափ դրական հրապարակումներ ՀՀ ֆինանսատնտեսական պայծառ ապագայի առնչությամբ։
Ո.Մ.