November 27, 2024

«Պարոն Արարքցյան, ճիշտ չեք ասում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381)

«Հայաստանի Հանրապետություն» թերթի երեկվա համարում ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը խորհրդարանի բարեփոխումների հարցը տապալելու բացահայտ մեղադրանք էր ներկայացրել ՀՅԴ եւ ԱԺՄ խմբակցություններին։

«Երկրի» խնդրանքով այդ գնահատականը մեկնաբանում է ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը.

– Բաբկեն Արարքցյանը հերթական կեղծիքն է թույլ տվել, ինչը, ցավոք, արդեն սովորության է վերածվում։ Նախ՝ երեկվա հարցազրույցում նա ասում է. «Հարցը նախապատրաստելու համար ստեղծվել էր բազմակուսակցական հանձնաժողով, որի անդամներից երեքը ներկայացնում են Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցությունը եւ մեկական պատգամավորներով ներկայացված են ՀՀՇ-ն, ՀՌԱԿ-ը, ԱԺՄ-ն ու ԱԺԿ-ն։ Թեպետ, ինչպես տեսնում եք, քաղաքական ուժերն անհամամասնորեն են ներկայացված, սակայն ելնելով գործի շահերից, ԳԽ նախագահությունը գնաց այդ քայլին»։ Մինչդեռ ԳԽ նախագահությունը ամենեւին էլ «գործի շահերից ելնելով», մեծահոգաբար չի գնացել այդ քայլին, նախապես խորհրդարանում առավել ձայներ էին ստացել Մեխակ Գաբրիելյանի եւ իմ ներկայացրած բարեփոխումների տարբերակները, եւ մենք երկուսս հանձնաժողովի կազմում ընդգրկվել էինք իբրեւ հեղինակներ, իսկ մյուսները (այդ թվում եւ ՀՅԴ անդամ Սամսոն Ղազարյանը) ընտրվել էին իբրեւ ԳԽ-ում գրանցված խմբակցությունների ներկայացուցիչներ։ Երկրորդ՝ Բ. Արարքցյանը անձամբ մասնակցել է հանձնախմբի նիստին եւ շատ լավ գիտե, որ այն որոշել էր երկու տարբերակ բերել խորհրդարան։ Դրանցից մեկը հանրապետության նախագահին վետոյի իրավունք էր տալիս, մյուսը՝ ոչ։ Ես, Սամսոն Ղազարյանը, Շավարշ Քոչարյանը դեմ ենք քվեարկել առաջին տարբերակին, մի հոգի ձեռնպահ է եղել, մյուս երեքը՝ կողմ։ Երկրորդ տարբերակը նույն թվով ձայներ է հավաքել՝ պարզապես փոխված էին կողմ եւ դեմ քվեարկողների տեղերը։

Այնպես որ, ԳԽ նախագահը բացահայտ կեղծիք է թույլ տալիս, երբ ասում է. «Տարօրինակն ու զարմանալին այն է, որ պարոնայք Կիմ Բալայանն ու Սամսոն Ղազարյանը, որ հանձնաժողովում քվեարկել էին հօգուտ օրենքի նախագծի, խորհրդարանում դեմ եղան նախագծի ընդունմանը»։ Կրկնում եմ՝ սա բացահայտ սուտ է։ Մարտի 3-ին խորհրդարանում հերթականությամբ քվեարկության դրվեցին հանձնաժողովին ներկայացրած երկու տարբերակները։ Ավելի շատ ձայն հավաքեց նախագահին վետոյի իրավունք տվող տարբերակը եւ, իմ կարծիքով, ահա թե ինչու, իսկապես «Գերագույն խորհրդի ղեկավարությունը արել էր ամեն հնարավորը»՝ նիստին լրացուցիչ բերելու հատկապես պատգամավորների այն մասին, որը կախման մեջ է իրենցից։ Բացի այդ, Գերագույն խորհրդի միջանցքներում ու նիստերի դահլիճում «բացատրական» լայն աշխատանք էին տանում ՀՀ նախագահն ու փոխնախագահը։

Ինչեւէ։ Իմ կարծիքով, ՀՅԴ-ն եւ ԱԺՄ-ն այդ օրը վերջին պահին կարողացան խորհրդարանը փրկել վերջնական խայտառակությունից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives