November 27, 2024

Ո՞ւր է մեր նախագահը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113)

Կարծում եմ, այս հարցը շատերին կհուզի։ Պատասխանողներ էլ կլինեն. Ալմա Աթայում, Մոսկվայում՝ ԱՊՀ-ի հերթական նիստերին կամ Շվեյցարիայում։ Իսկ մնացած օրերին թերեւս Հայաստանում է: Այդ դեպքում ինչո՞ւ անցած չորս ամիսների ընթացքում գոնե մի հանդիպում չի ունեցել (դեկտեմբերի 7-ը բացառենք, երբ նա մեկնել էր Լենինական) իր ավելի քան մեկ միլիոն ընտրողների հետ։

Կոմունիստական պրակտիկա է, կհակաճառեն ոմանք՝ հիշեցնելով նախկին կոմունիստ ղեկավարների նմանօրինակ բազմաթիվ հանդիպումները։ Բայց այն ժամանակ դա թեթեւ պարտականություն էր եւ ձեւական բնույթ էր կրում։ Իսկ հիմա՞, կարծում եմ` հակառակը։ Ուզում եմ հիշցնել մեր նախագահի կողմից հարգված Բորիս Ելցինի վերջին ուղեւորությունը Ռուսաստանի տարբեր քաղաքներ, ուր նա, իրեն հատուկ խիզախ կեցվածքով, չերկնչելով ժողովրդի ահագնացող դժգոհությունից, փորձում էր հաղորդակցության անմիջական եզրեր գտնել:

Գուցե մեր նախագահին հանդիպելու ցանկություն ունեն նաեւ իր ընտրողները` հոգսերի բեռից կքած, ցրտահար, հանցագործությունների աննախադեպ աճին ականատես, նորօրյա իշխանավորների վարքագծից հիասթափված, անարդարության հողմերից խորշակահար մարդիկ, որոնք այս օրերին նյութականից բացի, թերեւս դրանից առավել, բարոյական նեցուկ են փնտրում։ Չէ՞ որ նրանցից շատերը հոկտեմբերի 16-ին ազնիվ մղումներով ու ակնկալիքներով էին մոտենում քվեատուփերին: Եվ գիտեին, որ հեշտ չի լինելու, որ դժվարին օրեր են սպասվում նախագահին։ Համոզված էին նաեւ, որ երբեմն նրա հետ կարող են կիսվել, իհարկե, ոչ այնպես, ինչպես երանելի օրերին, Ազատության հրապարակում։ Անցան այդ օրերը, մոտեցել է ճակատագրական մի պահ ու ծառանում է դաժան հարցը. «Միթե՞ նա էլ…» կամ, ինչպես հռոմեացի կայսրը կասեր՝ «Եվ դո՞ւ, Բրուտոս…»։

Դեռ ոչ, կուզենայի հավատալ։

Բայց այսքանից հետո ինչո՞ւ հարգարժան նախագահը չի փորձում գոնե մի քանի շրջագայություն կատարել հանրապետության տարածքում՝ մոտիկից շփվելու իր ժողովրդին եւ իմանալու նրա «հալը»։ Չէ՞ որ այժմ ավելի վտանգավոր է տեղում «ծանր նստելը», քան մարդկանց հետ անմիջական շփումների ժամանակ իր հասցեին ուղղակի քննադատություններ եւ աջակցության խոսքեր լսելը։ Ավելին, երկրորդ դեպքում նա հնարավորություն կունենա հեղինակությունը կրկին բարձրացնելու։

Կարծում եմ, նա էլ չի հավատում իր նշանակած որոշ պաշտոնյաների ազնվությանն ու շիտակ վարքագծին։ Բայց նմանների շուրջ, ՀՀՇ-ական պիտակումով, դժգոհության ալիքներ են սկսում կուտակվել, որոնք օրեցօր ահագնանալով՝ նախապատրաստում են փոթորիկը։

Չէի ուզենա դառնալ ականատեսը իրադարձությունների նման ընթացքի։ Իսկ դրա դեմ մի ելք կա միայն, դեպի ժողովուրդը, որքան էլ հուսախաբ ու չարացած լինի նա, եւ որքան էլ դաժան, հնչեն արդարության խոսքերը։ Եվ այս պահին մի բան կփրկի նախագահին, նրա համարձակ, ուղղամիտ կեցվածքը, բայց ոչ հեռուստատեսային էկրաններից, այլ այնտեղ, որտեղ տառապում է իր «խալխը»: Այլապես փոթորիկն իր իններորդ ալիքի վրա կտանի ամեն ինչ՝ եւ փառք, եւ պաշտոն։ Ու չլինի այնպես, որ հողմերի հանդարտվելուց հետո մարդիկ դուրս գան տներից եւ հարցնեն. «Բայց ո՞ւ էր մեր նախագահը…»։

 

Պ. Դավթյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives