March 28, 2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68

Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը ամսիս 30-ին հետևյալ հեռագրեր-պատասխանն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկուն.

«Ի պատասխան Ձեր N 2028 մարտի 28-ի հեռագրին, պատիվ ունեմ տեղեկացնելու Ձեզ, որ Ձեր ցուցմունքը Ղարաբաղում հայկական զորքեր լինելու մասին՝ միանգամայն չի համապատասխանում ճշմարտության։

Հայկական և ոչ մի զորամաս, ոչ հետևակ և ոչ էլ հրետանի, Ղարաբաղում չկա։ Ոչ մի օգնություն Նոր Բայազիտի կամ այլ գավառներից Հայաստանի կառավարությունը չի ուղարկել, զորքի ոչ մի շարժում և նրանց թվական ուժեղացում չի կատարված։ Ճիշտ հակառակ Ձեր հաղորդած տեղեկությունների, Ղարաբաղի հայ ազգաբնակության ադրբեջանյան զորքերի վրա հարձակման մասին՝ Հայաստանի կառավարությունն իր ձեռքի տակ ունի ճշգրիտ տեղեկություններ, որոնց համաձայն Ադրբեջանի կառավարությունը իր զորական կանոնավոր և անկանոն ուժերը կենտրոնացնելով, որով խախտել է արդեն այն համաձայնությունը, որ կնքված էր Ադրբեջանի և Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի միջև անցյալ տարվա օգոստոսի 22-ին՝ Ղարաբաղի հայ ազգաբնակության ներկայացրել է մի վերջնագիր զինաթափման մասին և մարտի 20-ին ստանալով օրինական մերժումն՝ սկսեց զենքի ուժով ազգաբնակության զինաթափումը,— միաժամանակ բազմաթիվ ուղղություններով առաջխաղացումն հայկական Ղարաբաղի և Զանգեզուրի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն, ադրբեջանյան զորքերը և զինված բանդաները ամբողջ ճակատի վրա առաջ խաղալով՝ ոչնչացնում են հայկական գյուղերը և կոտորում-ջարդում են խաղաղ հայ ազգաբնակությունը, ինչպես օրինակ, դա եղել է Շուշի քաղաքում։ Երկրի հասարակական հուզված կարծիքը Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերի առթիվ, կառավարությունից պահանջում է, որ նա դիմե շտապ և վճռական միջոցների։

Իմ կառավարությունը վճռական կերպով բողոքելով Ադրբեջանի կառավարության կողմից օգոստոսի 22-ի կտրուկ խախտման և Ղարաբաղի հայ ազգաբնակության դեմ, ագրեսիվ գործողությունների դեմ, հավատում է, որ դեպքերի ապագա զարգացումից խուսափելու համար, Ադրբեջանի կառավարությունը կոնֆերանսի հրավիրման նախօրյակին, ուր պիտի վճռվեն բոլոր վիճելի խնդիրները՝ կհրաժարվի Ղարաբաղի խնդիրը ուժով լուծելուց, անմիջապես կդադարեցնի Ղարաբաղի դեմ սկսած առաջխաղացումը։

Արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives