March 29, 2024

Խորհրդարանը ցնցված է կարգավորման ռուսական ծրագրից

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81

Բաքու, 29 ապրիլ: ԽԱԲԱՐ-ՍԵՐՎԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի միջնորդության կարիքը չունի, վկայակոչելով կարգավորման ռուսական ծրագիրը, որը ներկայացրել էին Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը: Պատգամավորները ցնցվել էին Ադրբեջանի արտգործնախարար Հասան Հասանովի այն հաղորդումից, թե ինչ է նախատեսված ծրագրով: Այդ փաստաթղթի առնվազն 18 դրույթներ անընդունելի են ադրբեջանական կողմի համար: Նախևառաջ, փաստաթղթով պաշտոնական Բաքվին կոչ է արվում ճանաչել ղարաբաղյան ռազմական ներուժը, ինչպես նաև նախկին ինքնավար հանրապետության սեփական զինված ուժերի գոյությունը: Լաչինի միջանցքը մնում է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ, ինչը փաստորեն, այդպես է երկու տարի: Ծրագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային կենտրոն Շուշին մնում է հայերի վերահսկողության տակ: Ղարաբաղյան ուժերը պետք է ազատեն մյուս բոլոր գրավյալ տարածքները:

Դիմելով ներկաներին՝ Հասանովը հայտարարել է, որ այդ ծրագիրը նպաստում է հակամարտության բորբոքմանը: Իրենց կողմից խորհրդարանի զույգ պալատների պատգամավորները համաձայնել են, որ այդ ծրագիրը նույնիսկ չարժե քննարկել: Միևնույն ժամանակ, թերթը հաղորդում է Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների աճի մասին: Ադրբեջանի տարբեր քաղաքական կուսակցություններ հայտարարել են, թե ռուսական խաղաղարար ուժերի դեմ կպայքարեն զենքով: Ապրիլի 27-ին «Ռոսիյսկայա Գազետային» տված հարցազրույցում ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևը հայտարարեց, որ ռուսակա հաշտարար ծրագրի նպատակն է Ադրբեջանի նվաստացումը, նշելով, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ իր հարաբերություններում հանդես գալ ուժի դիրքերից: Ադրբեջանական գործակալության տարածած այս լուրից կրկին անգամ պարզ է դառնում, որ Բաքվի քաղաքական շրջանակները շարունակում են քաղաքականություն վարել փակ աչքերով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives