«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)
Օգոստոսի 20-ին եւ 21-ին Սյունիքում շարունակվում էր պահպանվել իրավիճակի լարվածությունը։ Միջադեպեր են արձանագրվել Կապանի, Գորիսի եւ Վայքի շրջաններում։
Օգոստոսի 21-ին Կուբաթլիի տարածքից կրկին ակտիվացել են մարտական գործողությունները Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի եւ Լաչինի միջանցքի գոտու հարավային պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 20-ի դրությամբ հակառակորդը տանկերից գնդակոծում էր Կոռնիձորի շրջակայքը։
Օգոստոսի 21-ի առավոտյան ադրբեջանական ռազմական օդուժի երկու ինքնաթիռ խախտել է Հայաստանի օդային սահմանը Սյունիքի արեւելյան շրջաններում։ Մեր կողմից պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդի ինքնաթիռները ժամը 8.30-ի սահմաններում Կապանի շրջանի օդային տարածքից հասցրել են անվնաս հեռանալ։ Մեղրիի, Սիսանի եւ Եղեգնաձորի սահմաններում իրավիճակը հանգիստ է։
«Հայլուր»