«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 232 (321)
Երեքշաբթի օրը պատգամավոր Աշոտ Բլեյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որի ընթացքում պատրաստվում էր պարզաբանել իր և Կտրիճ Սարդարյանի կողմից հիմնադրվող «Նոր ուղի» հասարակական կազմակերպության նպատակները: Սակայն խոսակցությունն շատ արագ փոխեց հունը. երևի դեռ շատ թարմ էր Բլեյանի նախաձեռնության հիշողությունը: Հարցերը հիմնականում նրա կատարած ուղևորության, դրա արձագանքների և հետևանքների մասին էին: Պատասխանների մեջ անսպասելի քիչ բան կար:
Ա. Բլեյանը շարունակում էր պնդել, որ խաղաղության ձեռքբերում հնարավոր է միայն իրենց առաջարկած տարբերակի դեպքում, և այս իմաստով իր համար անհասկանալի ու անընդունելի, անգամ ստոր համարեց այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը: Նա նույնիսկ բաց նամակով դիմել է հանրապետության նախագահին, ուր իր «անհամաձայնությունն է հայտնում» նախագահի կողմից այդ նախաձեռնությունը «ծայրահեղ պացիֆիզմ» որակելուն, առաջարկում «զսպել պաշտպանության նախարարին», որը իր անձի դեմ «փաստացի հաշվեհարդարի կոչ է անում»: Բլեյանը նախագահին ներկայացնում է նաև Արցախի նկատմամբ դիրքորոշումը վերջապես հստակեցնելու պահանջ:
Լ. Տեր- Պետրոսյանի անորոշ քաղաքականությունը, ինչպես երևում է, արդեն ոչ մի կողմից ըմբռնելի չէ: